22 հոկտեմբեր, 2015 13:06

Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը ազատ արձակվեց

Soghomon-KocharyanԿենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 22-ին բավարարեց ցմահ դատապարտյալ, ազատամարտիկ, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանին հիվանդության պատճառով պատժից ազատելու միջնորդությունը և որոշեց ազատ արձակել նրան:

Սողոմոն Քոչարյանն ունի պատժի կրմանը խոչընդոտող մի շարք հիվանդություններ: Դատապարտյալների հիվանդանոցի ներկայացուցիչը, այսօր դատարանում ներակայցնելով միջնորդությունը, ասել էր, որ նա մասնավորապես ունի սրտի իշեմիկ հիվանդություն և պատժի կրման հետ անհամատեղելի այլ հիվանդություններ:

Դատախազության ներկայացուցիչը միջնորդությունը հիմնավոր էր համարել:

Սողոմոն Քոչարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանն ասել էր, որ դեռ օգոստոս ամսին պարզ էր, որ իր պաշտպանյալն ունի նման հիվանդություններ, և բյուրոկրատական համակարգի պատճառով էր, որ նրա ազատ արձակման գործընթացը ձգձվեց:

Նա ներկայացրել էր նաև վիճակագրություն, ըստ որի` 2012-2014 թթ-ի ընթացքում Հայաստանում կալանավայրերում մահացել է 85 դատապարտյալ, որոնցից 14-ը ունեցել են պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն:

Սողոմոն Քոչարյանն այս պահին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է: Փաստաբան Բալասանյանի խոսքով` նա ի վիճակի չէ տեղաշարժվել և առհասարակ ինքնուրույն որևէ գործողություն անել:

Ակնարկ

1995թ. 29-ամյա Սողոմոն Քոչարյանը մեղավոր էր ճանաչվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի վրա Իրանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացու կանխամտածված սպանության և թալանի մեջ` դատապարտվելով մահապատժի, որը 2003-ից փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Ավելի վաղ նրա գործում ի հայտ էին եկել նոր հանգամանքներ, երբ լրագրող Զարուհի Մեջլումյանը սկսել էր զբաղվել ցմահ դատապարտյալների գործերով: Բացահայտվել էր, որ 1995թ․ Սողոմոն Քոչարյանի գործով դատախազ Ժիրայր Խառատյանը իր ինքնակենսագրականում, խոստովանել է` իր վրա ճնշումներ են գործադրվել Քոչարյանի գործով խիստ պատիժ պահանջելու համար։ 1995թ․ դատավճիռը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա  բեկանելու և  այդ գործով նոր քննություն սկսելու հաղորդումը մայիսին ներկայացրել էր «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը։ Գլխավոր դատախազությունը գործի վերանայման վարույթ հարուցելը մերժել էր` հիմնավորելով, որ դատախազ Խառատյանի հայտարարությունը՝ իրանական կողմի քաղաքական ճնշումների մասին, չի դիտարկվել որպես նոր երևան եկած հանգամանք: Փաստաբան Ռևազյանը Գլխավոր դատախազության մերժման որոշումը բողոքարկել էր դատարանում: Սակայն դատավորն իր որոշման մեջ առհասարակ չէր անդրադարձել Սողոմոն Քոչարյանի գործով նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթ սկսել-չսկսելու հիմքերին՝ պատճառաբանելով՝ քանի դեռ սպառված չեն բողոքարկման բոլոր հնարավորությունները, դատարանը չի կարող անդրադառնալ բողոքի բովանդակային կողմին։ Ռոբերտ Ռևազյանը բողոքարկել էր մերժման որոշումը նաև վերադաս դատախազին: Կրկին մերժում ստացել: Ապա նորից դիմել էր դատարան։

Արդեն 20 տարի անազատության մեջ գտնվող հետախույզ, ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը պատիժը կրելու ընթացքում կորցրել է ընտանիքի մեծ մասին. կինը մահացել է, աղջիկը՝ ինքնասպան եղել։ Պատիժը կրելու ընթացքում Քոչարյանը մեկ այլ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հետ երկու անգամ փախուստի է դիմել կալանավայրից։