23 հոկտեմբեր, 2015 09:56

Բրյուսելն առաջին զիջումներն է անում Էրդողանին

Turkey's President Tayyip Erdogan talks to the media before a meeting with European Commission President Jean-Claude Juncker at the EU Commission headquarters in BrusselԲրյուսելն առաջին զիջումներն է անում Թուրքիայի իշխանություններին, փոխարենն Անկարայից ակնկալելով կրճատել Եվրոպա ուղևորվող փախստականների հոսքը, հայտարարում են անհանգստացած իրավապաշտպանները: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Եվրամիությունը աննախադեպ որոշում է ընդունել՝ հետաձգելով Թուրքիայի ներքին իրավիճակին նվիրված ավանդական զեկույցի հրապարակումը:

Իրավապաշտպանների կարծիքով, զեկույցում լուրջ քննադատություն կա Թուրքիայի իշխանությունների հասցեին՝ երկրում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կապակցությամբ: Այսպիսով, հետաձգելով զեկույցը, Եվրոպան Թուրքիայի նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հնարավորություն է տալիս ավելի մեծ թվով ձայներ հավաքել: Մինչդեռ Թուրքիայի ներսում իրավիճակը շարունակում է վատթարանալ:

«Մամուլի վրա այսքան հուժկու ճնշում, որքան առկա է վերջին ժամանակներին, դեռ չի գործադրվել: Այդ հուժկու ճնշումը վերջնականապես ոչնչացրել է մամուլի ազատությունը», - ասում է Թուրքիայի լրագրողների ընկերակցության նախագահ Թուրգայ Օլչայթոն:

Զեկույցի հետաձգումը Էրդողանին արված Եվրոպայի միակ զիջումը չէ: Ավելի վաղ Թուրքիայում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է վերադառնալ  Եվրամիությանը Թուրքիայի մուտքի իրավունքի շուրջ նախկինում սառեցված բանակցությունները և հեշտացված մուտքի արտոնագրային ռեժիմ հաստատել.

«Բանակցությունները շատ խոստումնալից են և դրանք կշարունակվեն»:

Վերլուծաբանների կարծիքով, Եվրոպայի աջակցությունը կարող է բարելավել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Էրդողանի վատթարացած վարկանիշը, նրա կողմը գրավելով նաև եվրոպամետ ընտրողներին և օգնելով հավաքել նրա համար ցանկալի մեծամասնություն խորհրդարանում:

Միևնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ Թուրքիայի իշխանություններին այս գործընթացում հետաքրքրում է առաջին հերթին տնտեսական մասը.

«Եվրոպական շատ առաջնորդներ չեն ցանկանում, որ Թուրքիան միանա ակումբին, մինչդեռ ինքը՝ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրոպային՝ հիմնականում տնտեսական պատճառներով, այլ ոչ թե ժողովրդավարության կամ մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով»,- նշում է «Չաթըմ Հաուսի» վերլուծաբան Ֆադի Հաքուրան:

Մոտ ժամանակներում պարզ կլինի, թե ինչպիսի զիջումների են գնացել Եվրամիության անդամ պետությունները, սակայն հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի կուսակցությանը, հնարավոր է, չօգնի նույնիսկ Եվրոպայի աջակցությունը, և նոյեմբերի ընտրություններից հետո Բրյուսելը բոլորովին այլ ուժերի հետ ստիպված լինի պայմանավորվել: