23 հոկտեմբեր, 2015 15:01

Հայկական Joomag-ը կհամագործակցի Getty Images-ի հետ

Joomag GettyJoomag հայկական նոր ստարտափը, որը ինտերակտիվ թվային հրատարակության ոլորտի առաջամարտիկ է, օրերս հայտարարել է Getty Images ամերիկյան ֆոտոգործակալության հետ համագործակցության մասին:

Համագործակցության շնորհիվ օգտատերերը մատչում կունենան լրատվության, սպորտի, ժամանցի և այլ ոլորտներում լավագույն լուսանկարներին։

«Հրամայական է, որ մեր հրատարակիչներն իրենց պարբերականների համար ունենան բարձրորակ կոնտենտ, Getty Images-ի հետ այս համագործակցության շնորհիվ միլիոնավոր բարձրակարգ նկարներ հասանելի կլինեն»,- Yahoo! Finance-ի փոխանցմամբ՝ ասել է Joomag-ի գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը:

Joomag-ը ստեղծվել է 2009թ.: Joomag-ի երևանյան գրասենյակը հիմնվել է 2013թ., գրասենյակներ կան նաև Մյունխենում և Մոսկվայում: Joomag-ը ստեղծել է առաջին ինովացիոն հարթակը, որն աշխարհում ունի ավելի քան 300 հազ. հրատարակիչ: 

Joomag-ը լուսանկարչության ոլորտում երկրորդ հաջողված հայկական ստարտափ ընկերությունն է՝ PicsArt-ից հետո, որն այս տարվա փետրվարին 10 միլիոն դոլար էր ներգրավել ամերիկյան Sequoia Capital վենչուրային ֆոնդից: Joomag-ի տնօրեն Ռուբեն Վարդանյանը PicsArt-ի տեխնիկական տնօրեն Միքայել Վարդանյանի հարազատ եղբայրն է: