23 հոկտեմբեր, 2015 11:56

Պետք չէ ահաբեկիչներին բաժանել չափավորների և ոչ չափավորների. Պուտին

Putin ValdayՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Սոչիում Վալդայ Միջազգային քննարկումների ակումբի նիստին, որին հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա անդրադարձել է միջազգային օրակարգի ամենաարդի խնդիրներին՝ Սիրիա, ահաբեկչության դեմ պայքար, առևտրային պատերազմներ և այլն: Պուտինի ելույթից հատվածներ ներկայացված են ստորև:

Սիրիական օպերացիայի մասին

Եթե Սիրիայում ԱՄՆ-ի նպատակը նախագահ Բաշար Ասադի հեռացումն է, ապա Ռուսաստանի նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է և օգնությունը Դամասկոսին:

Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի հակաահաբեկչական օպերացիայի նպատակն է խաղաղության հաստատումն ու ահաբեկիչներին կանխարգելիչ հարված հասցնելը: 

Մենք ոչ մի գործողություն չէինք ձեռնարկում Սիրիայում: Ի՞նչը ստիպեց ահաբեկիչներին հարված հասցնել Վոլգոգրադի երկաթուղային կայարանում: Նրանց մարդատյաց հոգեբանությունը, Ռուսաստանի դեմ պայքարը որպես այդպիսին. ավելի լավ է պայքարել նրանց դեմ այնտեղ, քան սպասել այստեղ:

Պուտինն ասում է, որ Սիրիայում պաշտոնական իշխանության լուծարումը միայն կնպաստի ահաբեկիչների համախմբմանը. հակամարտության գոտիներում պետք է ոչ թե խաթարել, այլ վերականգնել, ամրապնդել պետական ինստիտուտները:

Ահաբեկիչների և երկակի խաղի մասին  

Այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հսկայական տարածքներ է վերցրել իր վերահսկողության տակ: Ինչ-որ մեկը մտածո՞ւմ է դրա մասին: Ժամանակն է, որ ամբողջ միջազգային հանրությունը վերջապես հասկանա՝ ինչի հետ գործ ունենք: Ըստ էության՝ քաղաքակրթության, մարդկության և համաշխարհային մշակույթի թշնամու հետ:

Պետք չեն բառախաղեր, պետք չէ բաժանել ահաբեկիչներին չափավորների և ոչ չափավորների: Կցանկանայի իմանալ՝ ո՞րն է տարբերությունը: Թերևս այն, բազմաթիվ մասնագետների կարծիքով, որ չափավոր հրոսակները չափավոր քանակով և նուրբ ձևով են գլխատում մարդկանց:

Պուտինը վստահ է՝ ԻՊ-ն ու մյուս խմբավորումները պայքարում են միայն փողի, փողի աղբյուրի համար, այլ ոչ թե գաղափարախոսական նկատառումներից ելնելով:

Պուտինը հարցադրում է անում՝ ինչո՞ւ ամերիկացի գործընկերներին ու նրանց դաշնակիցներին չի հաջողվել արդյունավետ պայքարել ԻՊ-ի դեմ: Չէ՞ որ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ունի հսկայական պոտենցիալ:

Հայտարարել ահաբեկիչների դեմ պայքարի մասին և միաժամանակ փորձել նրանց մի մասը օգտագործել սեփական շահերից ելնելով, կարծում է Պուտինը:

Փախստականների մասին

Փախստականների խնդիրը, եթե այն չլուծել տեղացի բնակչության շահերը հաշվի առնելով, կարող է ազգայնակայության և անհանդուրժողականության աճի հանգեցնել, կարծում է Պուտինը:

Իհարկե, կան շատ մարդիկ, որոնք կարեկցում են փախստականներին, ցանկանում են նրանց օգնել: Հարցը նրանում է, թե ինչպես դա անել՝ չվնասելով այդ երկրների բնակչության շահերին:

Ուկրաինական հակամարտության մասին

Ռուսաստանն ընդունում է ուկրաինացի ժողովրդի ցանկացած ընտրություն, սակայն դեմ է իշխանափոխությանը՝ պետական հեղաշրջումների միջոցով, ասում է Պուտինը:

Առանց Եվրոպայի և ԱՄՆ-ի մասնակցության դժվար կլինի կարգավորել իրավիճակը: Անօգուտ է անվերջ մեղադրել Ռուսաստանին նրանում, որ չի կատարում կամ չի հորդորում Ուկրաինայի հարավ-արևելքում չճանաչված հանրապետություններին կատարել մինսկյան համաձայնությունները, եթե դրանց առանցքային դրույթները չեն կատարում Կիևի իշխանությունները:

Պետությունների մրցակցության մասին

Պուտինը նախազգուշացրել է պետությունների անկառավարելի մրցակցության մասին, որը կարող է աղետալի դառնալ աշխարհի համար և հանգեցնել սպառազինությունների նոր մրցավազքի:

Բոլոր պետությունները միշտ ունենալու են իրենց շահերը, իսկ համաշխարհային պատմության զարգացումը միշտ ուղեկցվել է տերությունների և նրանց դաշինքների մրցակցությամբ: Պուտինի կարծիքով՝ դա բացարձակ բնական է: Կարևոր է, որ այդ մրցակցությունը կառուցվի որոշակի քաղաքական, իրավական, բարոյական նորմերի և կանոնների շրջանակում, հակառակ դեպքում, մրցակցությունն ու շահերի բախումը հղի է ճգնաժամերով:

ԽՍՀՄ-ի փլուզման մասին

ԽՍՀՄ-ը փլուզվեց ներքին պատճառներով, սակայն ոչ առանց աշխարհաքաղաքական հակառակորդների օգնության՝ վստահ է Պուտինը: Նա նաև պնդում է, որ ԽՍՀՄ փլուզումը ողբերգություն էր, առաջին հերթին՝ մարդասիրական բնույթի:

Այդ փլուզման արդյունքում 25 մլն էթնիկ ռուս հայտնվեց արտերկրում՝ հակառակ իր կամքին, և մի ակնթարթում ռուս ժողովուրդը դարձավ աշխարհի ամենամեծ բաժանված ժողովուրդը, ինչը, անշուշտ, ողբերգություն է:

Ռուսաստանի տնտեսության մասին

Պուտինը կարծում է, որ ՌԴ տնտեսությունը վերջնականապես կհաղթահարի համաշխարհային ճգնաժամի հետևանքները և չի վատնի կուտակված ռազմավարական պաշարը:

Մենք վստահորեն պահպանում ենք առևտրային հավասարակշռության դրական սալդոն՝ չնայած խնդիրներին և բարդություններին:

ԱՄՆ հակահրթիռային համակարգի և Իրանի մասին

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ հակահրթիռային համակարգը սպառնում է ՌԴ միջուկային ներուժին, դա փոխում է համաշխարհային անվտանգության փիլիսոփայությունը: Պուտինը վստահ է, որ ԱՄՆ-ը մոլորեցրել (նույնիսկ խաբել է) ՌԴ-ին և ամբողջ աշխարհը՝ խոսելով Իրանի միջուկային սպառնալիքի մասին:

ՌԴ առաջնորդն ասում է, որ Իրանի միջուկային սպառնալիքի պատրվակով ոչնչացվել է արդի միջազգային անվտանգության հիմքը՝ Հակահրթիռային պաշտպանության սահմանափակման մասին պայմանագիրը:

ԱՄՆ-ը միակողմանի կարգով դուրս է եկել դրանից: Այսօր իրանական խնդիրը լուծված է՝ ոչ մի սպառնալիք Իրանի կողմից չի եղել և չկա:

Առևտրային և պատժամիջոցների պատերազմների մասին

ԱՄՆ-ի՝ աշխարհում միանձնյա կառավարման ձգտման ակնահյտ դրսևորում են, ըստ Պուտինի, առևտրային և պատժամիջոցների պատերազմները, որոնք իրականում օգտագործվում են որպես անբարեխիղճ մրցակցության միջոց, այդ թվում՝ գործընկերների հանդեպ:

«Գործընկերների հետ այդպես վարվում են,- հարցադրում է անում Պուտինն ու պատասխանում: - Ո՛չ: Այդպես վարվում են վասալների հետ, որոնք համարձակվել են գործել սեփական հայեցողությամբ, և նրանց պատժում են վատ վարքի համար»: