23 հոկտեմբեր, 2015 15:02

Սերժ Սարսգյանը ՄԳԻՄՕ-ի միջոցառմանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը

«Կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին: «Կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին:

Այսօր Երևանի մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի բացումը, որին ծավալուն ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթում նա խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, սահմանադրական փոփոխությունների և ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին: Նախագահի ելույթի որոշ հատվածներ ներկայացված են ըստ թեմաների (բաժանումները՝ ՍիվիլՆեթի):

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավանդաբար հիմնվում է բարիդրացիության, գործընկերության, թափանցիկության և հավասարակշռության, մեր տարածաշրջանում շահեր ունեցող ուժերի ոչ թե հակադրման, այլ համադրման սկզբունքների վրա: Այս քաղաքականության իրականացման գործում առաջնային տեղերից մեկը տրվում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության համակարգված և հետևողական խորացմանն ու ընդլայնմանը:

Հայաստանը և Ռուսաստանը միավորում են ակտիվ քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, գիտական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության բնագավառում սերտ փոխգործակցությամբ բնութագրվող ամուր դաշնակցային հարաբերությունները:

Հայ-ռուսական հարաբերությունները միայն միջպետական համագործակցության ամուր հիմքի վրա չեն հիմնված. դրանց հիմքում ընկած է ժամանակի փորձությունն անցած մեր ժողովուրդների բարեկամությունը, որոնց օգնությամբ կյանքի են կոչվում հեռանկարային նոր ծրագրեր:

Մենք շարունակում ենք արդյունավետ փոխգործակցություն ծավալել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում: Այդ փոխգործակցության նոր խթան դարձավ Եվրասիական տնտեսական միության ձևավորումը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի գործունեության ակտիվացումը:

Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում ՀԱՊԿ-ում իր նախագահությանը և բծախնդրորեն մոտեցավ առաջիկա չորս տարիներին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի թեկնածուի ընտրության հարցին:

Վստահ եմ, որ մեզ կհաջողվի մեր լուման ներդնել ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջխաղացման գործում՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Ռուսաստանի Դաշնությունը կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնման, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Հայաստանի երկկողմ համագործակցության օրակարգում կարևոր տեղ է հատկացվում հարևան երկրերի՝ Իրանի և Վրաստանի հետ փոխհարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում Իրանի միջուկային խնդրի կարգավորումը, հատկապես՝ մեր մյուս հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում, մեր երկրի համար առանձնակի կարևորություն ունի:

Մենք շարունակում ենք ակտիվ համագործակցությունը մեր արևմտյան գործընկերների հետ, որոնց ակտիվ աջակցությամբ արդեն երկար տարիներ անցկացնում ենք լայնամասշտաբ բարեփոխումներ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների կատարելագործմանը, օրենքի գերակայության ապահովմանը երկրի կառավարման գործում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը: Օրեր առաջ Եվրոպական Միության Խորհուրդը որոշում ընդունեց Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանի հետ համագործակցության նոր իրավական բազայի մշակման շուրջ բանակցություններ սկսելու մանդատ տրամադրելու մասին: Ակտիվ զարգանում են երկկողմ կապերը հին Եվրոպայի երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: Հայաստանը ակտիվ երկխոսություն է պահպանում Միացյալ Նահանգների հետ տարբեր մակարդակներում: Ակտիվացրել է իր աշխատանքը միջկառավարական հանձնաժողովը: Ստորագրվել է Առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը: Դյուրացվել է վիզային ռեժիմը: Հատուկ շեշտադրում է կատարվում գլոբալ մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքման հարցերին: Մասնավորապես, Հայաստանը, որպես ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր, միջուկային անվտանգության հարցերի վերաբերյալ նախաձեռնության մասնակից է: ՆԱՏՕ-ի մասով Հայաստանը մասնակցում է միջազգային խաղաղապահ գործողություններին:

Վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները Ասիա-Խաղաղօվկիանոսյան և Լատինամերիկյան տարածաշրջանների երկրների հետ: Ս.թ. մարտին կայացավ իմ պետական այցը Չինաստան, որի շրջանակներում նախանշվեցին առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները: Մենք զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, որը թույլ կտա բազմազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների լոգիստիկ հնարավորությունները:

Սահմանադրական փոփոխություններ

Այս օրերին Հայաստանը կանգնած է սահմանադրական համակարգի խորը բարեփոխումների շեմին: Բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, վեց ամիս առաջ հրապարակված հայեցակարգի հիման վրա մշակվել և ներկայացվել է գործող Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Արդեն դեկտեմբերի 6-ին կանցկացվի հանրաքվե:

Գործող Սահմանադրության փոփոխությունները ենթադրում են կիսանախագահականից անցում խորհրդարանական կառավարման մոդելի՝ խորհրդարանական ընտրություններն ամբողջովին տեղափոխելով համամասնական ընտրակարգի: Ավելի բարձր մակարդակի վրա կբարձրացվեն մարդու իրավունքների և ազատության պաշտպանության հարցերը: Կհավասարակշռվեն իշխանության ինստիտուտների լիազորությունները, ներդաշնակեցված են այդ հաստատություններից յուրաքանչյուրի պատասխանատվությունը և լիազորությունը: Կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը:

Լեռնային Ղարաբաղ

Կցանկանայի անդրադառնալ մեր արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կարևորագույն հարցերից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությանը:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշվելու անքակտելի իրավունքի համար, իրավունքի, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության և այլ միջազգային հիմնարար փաստաթղթերում: Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ զուրկ են որևէ պատմական, իրավական, քաղաքական և բարոյական հիմնավորումներից: Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը համառ պայքարի գնով ապացուցել է իր ազատ գոյության իրավունքը: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

1918թ. Ռուսական կայսրության փլուզումից հետո, Անդրկովկասի քաղաքական քարտեզում առաջին անգամ հայտնվեց նոր կազմավորում` Ադրբեջան անունով: Այդ պատճառով, խոսել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանին պատկանելու մասին միջև 1918թ. բացարձակապես տեղին չէ, քանի որ այդպիսի պետություն գոյություն չի ունեցել: Ազգերի Լիգան մերժեց նոր ձևավորված Ադրբեջանի այդ կազմակերպությունում անդամակցության խնդրանքը՝ իր սահմանների անորոշության պատճառով: Ադրբեջանցիները փորձեցին բռնակցել Ղարաբաղը ռազմական ճանապարհով: 1918-1920թթ. ադրբեջանական ռազմական միավորումներն իրականացրեցին հայկական բնակչության ջարդեր: Միայն 1920թ. մարտին տարածաշրջանի մշակութային կենտրոնում՝ Շուշիում, 40 հազար հայ կոտորվեց և արտաքսվեց: Այդ սարսափելի կոտորածը թողեց խորը և արնահոսող վերք: Պոետ Հովսեփ Մանդելշտամը գրել է` «այնտեղ բոլոր կողմերից երևում են քառասուն հազար մահացած պատուհաններ»:

1920թ. Ղարաբաղը՝ հակառակ իր ժողովրդին կամքին, Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի, այն է՝ կուսակցական մարմնի որոշմամբ, որը չուներ նման որոշումների ընդունման լիազորություն, ընդգրկվել էր Ադրբեջանի կազմում, ինքնավար մարզի կարգավիճակով: Ավելին` ինքնավար մարզում ընդգրկված չէր Ղարաբաղի ամբողջ տարածքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը զրկվեց Հայաստանի հետ ընդհանուր սահմանից:

1991թ. հոկտեմբերի 18-ի Անկախության մասին սահմանադրական ակտով Ադրբեջանը անվավեր ճանաչեց իրեն վերաբերող` Սովետական Միության գոյության ժամանակ ընդունված ակտերը: Դրանով իսկ Ադրբեջանը անվավեր ճանաչեց և բոլոր ակտերը, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին:

Իսկ թե ինչ ճակատագիր էր սպասվում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերին, կարելի է հստակ պատկերացնել սովետական տարիներին նույնպես բռնի ուժով Ադրբեջանի կազմին միացրած հայկական այլ շրջանի՝ Նախիջևանի օրինակով, իհարկե, այս դեպքում ինքնավար հանրապետության կարգավիճակով , որտեղ համակարգված իրականացվում էր նրա հայկական բնակչության վերացման քաղաքականություն և հայկական մշակութային հուշարձանների ոչնչացում: Պետք է նշել, որ լազարյանները ծագումով հենց Նախիջևանից էին: Սովետական Միության փլուզման օրերին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հետևելով միջազգային իրավունքի նորմերին, համապատասխան ԽՍՀՄ օրենսդրության դրույթներին, հանրաքվեի միջոցով հայտարարեց իր անկախությունը, ճիշտ այնպես, ինչպես Սովետական Միության նախկին հանրապետությունները, ինչպես հենց ինքը՝ Ադրբեջանն է: Իմիջիայլոց, Ադրբեջանում անկախության հանրաքվեն անցկացվել է Ղարաբաղում հանրաքվեից հետո: Այսպիսով, Սովետական Միության փլուզման պահին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական տարածքում ձևավորվել են երկու անկախ և իրավահավասար սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը:

100 տարվա ընթացքում երկրորդ անգամ անկախ պետություն ստեղծելու հնարավորություն ստացած Ադրբեջանը կրկնեց 1918թ. փորձը՝ սկսելով ագրեսիվ գործողություն Լեռնային Ղարաբաղի դեմ, ռմբակոծելով խաղաղ քաղաքներ և գյուղեր, ջարդելով և արտաքսելով հայերին: Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը հայերի ջարդը Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում որակեց որպես հայերի նոր ցեղասպանության կազմակերպման փորձ:

Հանդիպելով ղարաբաղցիների հերոսական հակամարտությանը և ռազմական գործողությունների արդյունքում կորցնելով մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք և ավելի շատ կորուստների սպառնալիքի ներքո Ադրբեջանը ստիպված եղավ սկսել ուղիղ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հրադադարի համաձայնագրի կնքման նպատակով, անցկացվեցին ԼՂ և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բազմաթիվ հանդիպումներ, ստորագրվեցին կրակի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ համաձայնագրեր, ինչի արդյունքում 1994թ. մայիսին ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև անժամկետ հրադադարի եռակողմ համաձայնագիր: Նույն ձևաչափով 1995թ. փետրվարին ստորագրվեց հրադադարի ռեժիմի ամրապնդման հրամանագիր` ուղղված բանակցային գործընթացի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Երկու փաստաթղթերը գործող են առ այսօր, քանի որ անժամկետ են: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը առնվազն որպես հակամարտության կողմ: Ինչպես տեսնում ենք, երբ Բաքուն իրականում ցանկանում է որևէ արդյունքի հասնել ղարաբաղյան խնդրում, ապա անուղղակիորեն բանակցություններ է վարում Լեռնային Ղարաբաղի հետ և չի խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի ընդգրկմանը բանակցային գործընթացում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության ձևաչափով, միակ կառույցի, որը դրա համար ունի միջազգային մանդատ: Ադրբեջանը մշտապես մերժում է համանախագահների` ինչպես կարգավորման, այնպես էլ վստահության ամրապնդման միջոցների առաջարկները, բանակցություններին հակադրելով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստանի սահմանի իրավիճակի լարվածության աճը, ինչը հանգեցնում է բազմաթիվ զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության մեջ: Վերջին շրջանում Ադրբեջանը ծանր հրետանու օգտագործմամբ անցել է իրավիճակի լարման նոր փուլի:

Այս գործողություններով Ադրբեջանը ոչ միայն խախտում է խնդրի խաղաղ կարգավորման հիմնարար միջազգային պարտավորությունները` ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալը` ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտում, միջազգային իրավունքի սկզբունքների մասին Հռչակագրում և այլ փաստաթղթերում, այլև խախտում է եռակողմ համաձայնագրի շրջանակներում ընդունած պարտավորությունները` լիովին արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների բազմաթիվ կոչերը:

Իր ապակառուցողական դիրքի արդարացման նպատակով ադրբեջանական կողմը ընտրողաբար հիմնվում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերի վրա, որոնք ընդունվել են 1993թ. թեժ ռազմական գործողությունների ժամանակ` միտումնավոր խեղաթյուրելով այդ բանաձևերի էությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձևերի նպատակը, դրանց կարևորագույն պահանջը «ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն» էր: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա համապատասխան բանաձևում ամրագրված է միանշանակ «շարունակել փնտրել հակամարտության կարգավորման հնարավորություններ Մինսկի գործընթացի համատեքստում», ինչը հերթական անգամ ապացուցում է ադրբեջանական պնդումների անհիմն լինելը:

Հենց Ադրբեջանը խափանեց բոլոր չորս բանաձևերի իրականցումը, չկատարելով դրանց հիմնական պահանջները՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի հնարավոր չէր իրականացնել բանաձևի մյուս դրույթները և ՄԱԿ-ի ԱԽ-ի կոչերը: Մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը ստորագրվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի առաջին բանաձևերի ընդունումից մեկ տարի անց, և ՄԱԿ-ի ԱԽ 4-րդ բանաձևի ընդունումից վեց ամիս հետո: Արդյո՞ք կարելի է դա անհետաձգելի համարել: Հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջներին, շրջափակումը, մշտական միջադեպերը, սադրանքները, դիվերսիաները, դիպուկահարների պատերազմը, հակահայկական քարոզչությունը, ռազմատենչ հռետորաբանությունը և այլ «թշնամական գործողությունները» առհասարակ չէին դադարում: Ավելին՝ 1993-1994թթ. ձմռանը Ադրբեջանը նախաձեռնեց ամբողջ պատերազմի ընթացքում ամենամասշտաբային հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Եթե Ադրբեջանը ուզում էր, որ երեք կողմերը իրականացնեին ՄԱԿ-ի ԱԽ պահանջներն ու բանաձևերը, ապա ինչու՞ նա նման հարձակում իրականացրեց:

Ոչ մի բանաձևում Հայաստանը նշված չէ, որպես հակամարտության կողմ: Մեր երկրին հասցեագրված կոչերում ասվում էր միայն` «շարունակել ազդեցություն գործադրել» Լեռնային Ղարաբաղի հայերի վրա` հակամարտության ավարտի նպատակով, ինչը Հայաստանը լիովին իրականացրել է: Ավելին, բանաձևերում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր հակամարտության կողմ: Եվ բանաձևերում «ուղիղ շփումներ» հաստատելու կոչերի ներքո համապատասխանաբար հասկացվում էին շփումներ Բաքվի և Ստեփանակերտի միջև: Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ բանակցություններ վարելուց հրաժարվելը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում, սակայն` ոչ վերջինը: Այս ցուցակը կարելի է շարունակել:

Բանաձևը նույնպես պահանջում է «վերականգնել շրջանի տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերը»: Ինչպես արդեն նշել եմ, հակամարտության սկզբից Ադրբեջանը և Թուրքիան իրականացնում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության շրջափակում: Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ դա Բաքվի արտաքին քաղաքականության առաջնայնությունն է:

Անվտանգության խորհուրդը նաև կոչ է անում «ապահովել տարածաշրջանում, մասնավորապես` հակամարտությունում ներգրավված բոլոր շրջաններում մարդասիրական օգնության տրամադրման միջազգային գործունեության անարգել ապահովումը», սակայն Ադրբեջանը արգելափակում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Վերոնշվածից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել ՄԱԿ-ի ԱԽ-ի հիմնական պահանջները, այդուհանդերձ անամոթաբար հիմնվում են այդ բանաձևերի վրա, համատեքստից դուրս ընտրողաբար մեկնաբանում դրանց առանձին դրույթները:

Ես ուզում եմ ավարտել ելույթիս այս հատվածը, նորից հաստատելով Հայաստանի հավատարմությունը` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում:

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: