24 հոկտեմբեր, 2015 16:06

Կորի փողոցը

kriiivooԿորի փողոցը Կրիվոյի փողոցն է: Կրիվոյի թաղը: Թարգմանել են: Ամենայն հավանականությամբ հայերենի հանդեպ մեծ պատկառանքից: Կրիվոյի այն բնակիչները, որոնք սեփականշնորհել են իրենց տները, հիմա ապրում են Կորի փողոց հասցեում, նրանք, ովքեր չեն սեփականաշնորհել, մնացել են հին հասցեով՝ Կրիվոյ:

Կրիվոյ ինձ տարավ մի կին, որը հույս ունի, թե այդ անմարդկային իրականության մասին գրելու դեպքում գուցե ինչ-որ մեկը վերջապես զբաղվի իրենցով: Այդ կինն ինձնից երջանիկ է այս առումով, որովհետև ես, որ որպես լրագրող պարտավոր էի ընդառաջել նրա խնդրանքին ու գնալ, շրջել Կրիվոյում, մտնել տնետուն, բոլորովին հույս չունեմ, թե Հայաստանում որևէ գրասենյակում, որևէ գրասեղանի առաջ նստած կամ կիսանստած պաշտոնյա առանց հրահանգի կարող է քշտել կոստյումի պիրկ թևերն ու սկսել զբաղվել առնետների հետ, կատուների մեջ, փողոցի շների կողքին, աղբի ու կեղտի տոպրակների արանքում ու միզահոտի մեջ ապրող համաքաղաքացիների կյանքով, որոնք, ի դեպ, միշտ հպարտանում են հին Երևանցի ու Կրիվոյի տղա լինելու փաստով…

Առնետները ընտանի կենդանիներ են

Էդ իզուր եք ժպտում: Երբ առնետը չի վախենում մարդուց ու չի մտնում առաջին հնարավոր անցքը, ուրեմն առնետն ու մարդն ընկերացել են, ու երբ մարդն արդեն չի պայքարում առնետի դեմ, որովհետև իմաստ չունի, ուրեմն մարդն ու առնետը բարեկամ են, ու առնետն ընտանի կենդանի է… Սակայն առնետը մնում է հակահիգիենիկ կրծող, ու ինչքան էլ գլուխը կորցրած ու կերպարը փոխած մարդը սովորի նրա ներկայությանն իր կենցաղում՝ առնետը վարակիչ է, առնետը կծում է, առնետը վտանգավոր է…

Չէ՞, պարո՛ն քաղաքգլուխ:krivoy6

Կրիվոյի տղա

Դեռ երեխա ժամանակվանից այս արտահայտությունը լսել եմ: Ինձ «կրիվոյի տղա»-ն թվում էր վախ չիմացող, փողոցի ուժեղ տղա: Հետո Կրիվոյի հայտնի «տղաներից» մի քանիսի մասին իմանալուց հետո իմացա, որ գիտնական են դառնում, շախմատիստ, մաթեմատիկոս, բանաստեղծ: Էնքան էլ փողոց ու փողոցի կռիվ չի միայն, որքան էլ մինչև օրս «Վորոշիլովի» դպրոց են ասում, չնայած վաղուուուց Վորոշիլով չի, ու անպայման ավելացնում՝ «խուժան» դպրոց էր: Էդ դպրոցից էլ են դուրս եկել գիտնական ու բանաստեղծ դարձած մարդիկ:

Ես չեմ կարծում, որ խորհրդային ժամանակ Կրիվոյի կենցաղը էապես տարբերվել է այսօրվա վիճակից , որովհետև եթե չկա ջուր, չկա կոյուղի, չկա զուգարան, չկա բաղնիք, ու ջուրը կրում են՝ սա ավելի կամ պակաս լավ լինել չի կարող: Ուրեմն այսպես Կրիվոյում ապրել են ի սկզբանէ:

Այն, ինչ ես տեսա Կրիվոյում, բառերով լիարժեք նկարագրել հնարավոր չէ: Ավելի վառ պատկերացնելու համար ներկայացնեմ լուսանկարներ:

Ես չգիտեի, որ Երևանի կենտրոնում կարող են լինել տներ, որոնց բնակիչները, ներող եղեք, կեղտոտում են տոպրակների մեջ ու տանում նետում աղբանոցները: Իսկ միզելն ավելի հեշտ է…

Ես չէի պատկերացնում, որ աղետ չտեսած մայրաքաղաքի կենտրոնում կան տներ, որոնք նման են մեծ տուփի, ու դրանց պատերը հողե են, որովհետև կառուցվել են 1929-ին: Տներ, որոնց հատակը նեխած փայտից է, ու տանտերերը զգուշացնում են ուժեղ չկանգնել տախտակներին: Ասում եմ ՝ բա էս անցքերից առնետներ չեն մտնո՞ւմ: Ասում է՝ մտնում էլ են, դուրս էլ են գալիս:chir

Պարոն քաղաքաշինության էլեգանտ նախարար, մի՞թե ձեր ճարտարապետական կոթողները կառուցելու համար, երբ ավերեցիք Երևանի հին, պինդ քարերից սարքած շենքերը Բյուզանդի, Արամի փողոցներում ՝ ավելի նպատակահարմար չէր քանդել աշխարհում գոյություն ունեցող բոլոր առումներով այլանդալության այդ հատվածն ու կառուցապատել: Ընդամենը մի բարձրահարկ շենքում կտեղավորվեին Կրիվոյի բնակիչները: Մնացածը էլի ձեզ լիներ:

Ներո՛ղ եղեք, մոռացա, որ տարբեր հեռուներից եկած բատրակները, որ հիմա արդեն քաղաք «նայողներն են», Կրիվոյի էլիտար նորկառույցներում ապրել չէին կամենա, նրանց սիրտը օպերա է ուզում: Բայց, ինչպես չտամ այս հարցը, երբ Կրիվոյի շոկից դուրս գալուց հետո ում հանդիպել ու ցույց եմ տվել նկարները, առաջին հարցը բոլորի, բոլորի առաջին հարցը սա էր. «Բա թող է՛դ քանդեին , ինչի՞ էին Երևանի կենտրոնի քարե տները քանդում»:

Հոտը լինում է հոգևոր ու ոչ հոգևոր…

Վեհափառ տեր, արդյոք Կրիվոյի խիստ հարևանությամբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցելու ժամանակ երբևէ չնկատեցի՞ք զկեանս Կրիվոյայ: Մի՞թե եկեղեցաշինության սրբագույն գործից առավել սուրբ չէ հավատարիմ հոգևոր հոտի արժանապատիվ սանիտարահիգիենան, որից ուղիղ գծով ծնվում ու ձևավորվում է հոգեհիգիենան:

Կրիվոյի խցերի առաջ շպրտած ոսկորների ու փողոցային գուրման շների վայրագ հաչոցների, 1929-ին փորած հողե զուգարանների քրքրած շիրմաների ու մոտակա շուկայից ապրանքասայլի վրա բերված ու աղբի նման շպրտված անօթևան մարդու մարմնի վերևում սպիտակ գմբեթն ու խաչը ինձ մի երկու տող հիշեցրին Արամ Մամիկոնյանի բանաստեղծությունից. «Հայր մեր, եթե դեռ երկնքում ես, ցույց տուր մարդկանցից գաղտնի ոտնաթաթերի վրա փախչող երջանկությունը»:

Կրիվոյի բնակչուհի Սուսան Մուշեղյանը: Կրիվոյի բնակչուհի Սուսան Մուշեղյանը:

krivoy12 Կրիվոյի փողոցի ետնապատկերում Գր. Լուսավորիչ եկեղեցին է:

Վեհափա՛ռ Տեր, այս կինը հավատացյալ է: Ինքն ասաց այդ մասին: Ասում էր՝ Աստծո օրհնությամբ մի բան կլինի: Վեհափա՛ռ Տեր, օգնեք այս հավատացյալ կնոջը, նա հիվանդ է, ապրում է բորբոսնած պատերի մեջ ու նեխած հատակի վրա, որի անցքերից առնետներ են մտնում տուն, իսկ արտաքնոցը դրսում է, ձմռան սառնամանիքին անհնար է օգտվել: Օգնեք նրան. նրա անունը Մուշեղյան Սուսան է, ունի խաղաղ դեմք ու բարի աչքեր: Ապրում է Կրիվոյի 26 հասցեում: Նրա թոռը վիրահատվել է օրերս, երիկամի խնդիր ունի, ու այդ խոնավ տանն ապրել չի կարող: Մուշեղյան Սուսանը նայում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն ու աղոթում, իսկ եկեղեցին իրենց տան հողե պատերով տան հարևանությամբ է: Օգնեք մնացածներին առաջիկա եկեղեցու փոխարեն, նրանք Ձեր հոգևոր հոտն են, հոգեկան ու բարոյական մեծ աջակցության կարիք ունեցող Ձեր հոգևոր հոտը…

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից իմացա, որ Կրիովոյի թեմայով ծրագրեր չունեն, առաջիկայում սպասվում է Ֆիրդուսի փողոցի «բարեկարգումը»: Իսկ Կրիովոյի փողոցի 26 տան բնաչուհին բնակարանի հատկացման սովետական ցուցակով 13 համարն էր… Բան չէր մնացել…

Աստվածավախ ունևոր խավ, որ եկեղեցի եք գնում, արագ-արագ աղոթում եք՝ մեկդ էլեգանտ, մյուսդ՝ ոչ, դուք աստվածավախ չեք՝ աստվածավախկոտ եք, ու դրանք իրարից շատ տարբեր բաներ են: Ես ձեր ունեցած կրոնից բան չեմ հակսանում, բայց այսքան ահռելի ու դատարկ շենքերի մեջ, աչքները երկնքին գցած կիսամեռ մարդկանց գոյությունը պետք է, որ վախեցներ ձեր աստվածավակոտ հոգիները: Ամեն փրկված մարդ մի լավ եկեղեցի է, փորձեք այդպես օգնել ձեզ… ու ամեն տնազուրկ մարդ մի մեծ ու վտանգավոր անեծք է ձեր, այլևս եվրոպաներում շրջող հոգիների համար…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: