26 հոկտեմբեր, 2015 15:40

Նալբանդյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

g_imageԱրտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրյոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու շուրջ։

Նալբանդյանը միջնորդների ուշադրությունը հրավիրել է առ այն, որ նույնիսկ նախորդ ամիս եռանախագահների երկու հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակել է Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները։

«Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները զուգորդվում են Բաքվում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով, թշնամանքի և ատելության քարոզչությամբ։ Ադրբեջանի կողմից միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հասցեական հրապարակային կոչի մերժումը վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Նալբանդյանը։

Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանել այսօր: Տարածաշրջանային այցի շրջանակում նրանք այցելելու են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ: Հոկտեմբերի 27-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը: Միջնորդները Բաքու են մեկնելու հոկտեմբերի 28-ին:

Համանախագահների տարածաշրջանային այցի օրակարգի կարևոր հարցերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումն է: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այսօր Երևանում տված մամուլի ասուլիսին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենան Հայաստանում դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեից հետո` մինչև տարեվերջ:

Ուորլիքը նաև հայտարարել է, որ հակամարտության կողմերից որևէ մեկը չի ցանկանում լարվածության աճ: «Ներկայիս իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, կիրառվում են ականանետներ, որոնք հարվածում են նշանակալի հեռավորության վրա և պատճառում են լուրջ վնաս: Որպես հետևանք՝ շփման գծի և միջազգայնորեն ճանաչված սահմանի երկու կողմում էլ մահանում են քաղաքացիական անձինք: Մենք պետք է դադարեցնենք սա»,- ասել է նա:

***

Սեպտեմբերի կեսերին հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը կրկին սրվել էր՝ հանգեցնելով մարդկային կորուստների:

Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 25-ին և 26-ին հանդես էին եկել երկու հայտարարությամբ` «լուրջ մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական շրջաններում և դրանց շուրջ ականանետերի և ծանր զինատեսակների օգտագործման առնչությամբ», ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ էին արել ընդունել ԵԱՀԿ-ի՝ հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ: