27 հոկտեմբեր, 2015 13:56

ԱՄՆ կոնգրեսականները ԼՂ հակամարտության գոտում խաղաղության կոչ են անում

imageԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 83 անդամներ միացել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի նամակին` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ անելով սատարել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանների երկայնքով ագրեսիայի թուլացմանը միտված կոնկրետ խաղաղարար գործողությունների իրականացմանը, տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում` շփման գծի երկայնքով, խիստ աճել է, և վարչակազմի` խախտումներն անհասցե դատապարտելու քաղաքականությունը չի աշխատում: Դա պետք է փոխվի: Մեր նամակում մենք ԱՄՆ-ին և Մինսկի խմբին առաջարկում ենք ձեռնարկել մի քանի ողջամիտ քայլեր` դադարեցնելու հետագա բռնությունը»,- ասել է Էդ Ռոյսը` հավելելով, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պետք է աջակցի իրենց առաջարկություններին և ձգտի, որ դրանք ընդունվեն նաև Մինսկի խմբի նրա գործընկերների կողմից:

Հանրապետական Էդ Ռոյսն ու դեմոկրատ Էլիոթ Էնգելը Ջեյմս Ուորլիքին ուղղված իրենց նամակում առաջ են քաշում խաղաղության հաստատմանը միտված երեք կոնկրետ քայլեր, որոնք պետք է «կարճաժամկետ հեռանկարում փրկեն կյանքեր և օգնեն կանխել պատերազմը»: Երկարաժամկետ հեռանկարում, նշված է նամակում, «այդ քայլերը կարող են նպաստել համընդհանուր և տևական խաղաղության հաստատմանը տարածաշրջանի բոլոր բնակիչների համար»:

Այդ քայլերն են` շփման գծի երկայնքով դիպուկահարներ չտեղակայելու վերաբերյալ համաձայնագիր բոլոր կողմերի միջև; ԵԱՀԿ դիտարկող, հրազեն որսացող ազդանշանային համակարգի տեղակայում` հարձակումների աղբյուրը որոշելու նպատակով; ԵԱՀԿ հավելյալ դիտորդների տեղակայում` հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն աջակցություն են հայտնել այս նախաձեռնություններին, Ադրբեջանը` ոչ, նշված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունում: