27 հոկտեմբեր, 2015 15:41

ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու ծրագիրը կիրականացվի երկու փուլով

14159Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրը կիրականացվի երկու փուլով. այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստին:

«2014թ. դեկտեմբերին և 2015թ. փետրվարին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվեցին համաձայնագրեր երկրորդ էներգաբլոկի շահագործման ծրագրի երկարաձգման համագործակցության և այդ ծրագրի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետությանը արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ:

Երկու համաձայնագրերն էլ ուժի մեջ են մտել, և աշխատանքներն սկսվել են:

Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրը կիրականացվի երկու փուլով.

  • Առաջին փուլ՝ ԱԷԿ համակարգերի, սարքավորումների, բաղադրիչների և կառույցների հետազոտման համապարփակ ծրագիր,
  • Երկրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փոփոխությունների իրականացում և արդիականացում, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում` հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացված սթրես-թեսթի արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը:
Առաջին փուլի մասով արդեն ավարտվել են 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների հետազոտությունները: Առաջին փուլի զեկույցը կավարտվի 2016 թ. մարտին: Զուգահեռաբար սկսվել է երկրորդ փուլի աշխատանքը: Հուսով ենք, որ չնայած սեղմ ժամկետներին, ռուս փորձագետները, ավելի ակտիվորեն ներգրավելով հայ փորձագետների, պահանջվող ժամկետներում որակով կիրականացնեն աշխատանքի ամբողջ ծավալը:

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցով Համատեղ համակարգող կոմիտեի առաջին նիստը: Այդ նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է «Միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման, միջուկային և ռադիացիոն անվտանգության ասպարեզում տեղեկատվության փոխանակման» համաձայնագիր:

Նոր ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը, համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացմանն ուղղված 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի հաստատման» վերաբերյալ որոշման, համաչափվում է գործող էներգաբլոկի շահագործումից հանման ժամկետի հետ: Այսպիսով, Հայաստանը հաստատում է իր մտադրությունը ատոմային էներգետիկայի զարգացման գործում, և այդ ուղղվածությունը զբաղեցնում է առանցքային տեղ էներգետիկայի զարգացման ծրագրում:

Անվտանգության խորհրդի նախորդ նիստի առաջարկությունների կատարման ընթացքի մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն Հայկական ԱԷԿ-ի և Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավարները: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք առանցքային հարցերի վրա:

Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» մշակումը գործնականորեն ավարտված է: Իրականցվել է ընթացիկ իրավիճակի վերլուծություն: Անցկացվել է գործող օրենսդրության վերլուծություն: Կառավարության կողմից ռազմավարության հաստատումից հետո կմշակվի և կհաստատվի դրա իրականացման ծրագիրը:

«Աշխատած միջուկային վառելիքի հետ անվտանգ վարվեցողության և ռադիոակտիվ թափոնների հետ անվտանգ վարվեցողության միացյալ կոնվենցիա»-ի դրույթների համաձայն` Հայաստանը 2015թ. մայիսին ՄԱԳԱՏԷ-ում ներկայացրել է առաջին ազգային զեկույցը:

«ՕՍԱՐՏ» առաքելության կողմից արված նկատողությունները վերացնելու համար Հայկական ԱԷԿ-ում մշակվել է «Ծրագիր և վարվեցողություն Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների հետ» փաստաթուղթը: Ծրագրի նպատակն է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կիրառման մակարդակը հասցնել ժամանակակից պահանջներին: Պլանավորված է ծրագրի փուլային իրականացում 2016-2019թթ. ժամանակահատվածում` օգտագործելով շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագրի վարկային միջոցները:

ՄԱԳԱՏԷ առաքելությունն իրականացրել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության հավանական վերլուծության փորձաքննություն:

ՄԱԳԱՏԷ-ի առաջարկություններն ամբողջությամբ իրականացվել են և արտացոլվել վերջնական զեկույցում: Կարելի է արձանագրել, որ Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին:

Հայկական կայանի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է կայանում գործող վարժասարքը դարձնել լիարժեք, լիամասշտաբ վարժասարք: Արդեն այս տարի կայանի սեփական միջոցներից առաջիկա աշխատանքների իրականացման համար կտրամադրվեն միջոցներ:

Հայկական կայանը պետք է կենտրոնացնի իր բոլոր ջանքերը` և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական, հետագա աշխատանքների հաջող ավարտի համար:

Մի քանի խոսք Հայկական ԱԷԿ-ի կադրային իրավիճակի մասին:

Անցյալ տարի զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հայկական ԱԷԿ-ի որոշ ղեկավարներ՝ իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ուշադրությունն եմ հրավիրում ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման վրա՝ կայանի շահագործման անվտանգության և հուսալիության ապահովման ու առաջադրված խնդիրները ժամանակին իրականացնելու համար: Մենք պայմանավորվել ենք Էներգետիկայի նախարարության և ԱԷԿ-ի նոր ղեկավարության հետ, որ պետք է լիովին բացառենք բացասական երևույթները:

Առաջնային եմ համարում Հայաստանի ատոմային էներգետիկայի բոլոր ճյուղերում կադրային քաղաքականության հարցերը: Հարկավոր է ամրապնդել և պահել բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչպես կայանում, այնպես էլ բոլոր մասնագիտացված կազմակերպություններում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

***

Ատոմակայանի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է, և այն տասը տարով երկարաձգման ծրագիրը գնահատվել է 300 մլն դոլար, որից 40 մլն դոլարը՝ հետազոտությունների և հաշվարկային հիմնավորման աշխատանքների համար: Պատվիրվելու և մատակարարվելու են 180 մլն դոլարի սարքավորումներ, 80 մլն դոլար ուղղվելու է աշխատանքների իրականացմանը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չի բացառել, որ ընդհանուր գնահատման ժամանակ աշխատանքների ծավալը կարող է աճել մինչև 20%-ով, գները տարեկան կտրվածքով կարող են ավելանալ 10%-ով։

Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր՝ «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է։ Ընդ որում` 2016-ից հետո, շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում, ատոմակայանը շահագործման է հանձնվելու «Ռոսատոմին»։

Ռուսաստանը Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանին տրամադրում է 300 մլն դոլարի վարկ: