30 հոկտեմբեր, 2015 11:24

Հայաստանին պետք է իշխանության, ոչ թե սահմանադրության փոփոխում

Ֆեռնանդո Կազալ Բերտոան տարակուսում է՝ ինչու Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները չնախաձեռնեց իր նախագահության առաջին ժամկետի ավարտին:

1848-ից ի վեր Եվրոպայում ընդամենը մեկ երկիր է անցում կատարել պետության ղեկավարի ուղղակի ընտրությունից դեպի անուղղակի ընտրություն՝ Մոլդովան: Այժմ էլ այդ փոփոխության շեմին է Հայաստանը: Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանի հետազոտող Ֆեռնանդո Կազալ Բերտոան (Fernando Casal Bértoa) հետազոտել է եվրոպական երկրների կառավարման մոդելները և Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունները: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա Հայաստանում սահմանադրական փոփոխությունները դիտարկում է եվրոպական այլ երկրների փորձի ներքո: Հարցազրույցի կազմակերպմանն աջակցել է «Ապելլա Ինստիտուտը»:

- Դուք ուսումնասիրել եք Հայաստանի քաղաքական համակարգը, հետևել եք սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Ի՞նչ տպավորություն ունեք առաջարկվող փոփոխությունների մասին:

- Սահմանադրական փոփոխությունների գործընթացը չափազանց հետաքրքրական է, քանի որ Հայաստանը կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցում կատարող երկրորդ եվրոպական երկիրը կդառնա: Իրականում 1848-ից ի վեր եվրոպական ժողովրդավարությունների պատմության մեջ նման անցում կատարող մյուս երկիրը Մոլդովան էր 2000-ին: Մյուս դեպքերում ռեժիմի փոփոխությունը պայմանավորված էր միայն պետության գլխի անուղղակի ընտրություններից ուղղակիի անցումով (վերջերս, օրինակ, Չեխիան և Թուրքիան):

Իմ կարծիքով, հաշվի առնելով Հայաստանում նախագահի ինստիտուտի պատմական էվոլյուցիան,- 1995-ի Սահմանադրությամբ ամրագրված գերլիազորություններից մինչև 2005-ի փոփոխություններով նախատեսված ավելի սահմանափակ իշխանություն,- սա ևս մեկ քայլ է դեպի այն ինստիտուցիոնալ մոդելը, որ որդեգրել են Արևմտյան և Հարավային Եվրոպայի կոնսոլիդացված ժողովրդավարությունների մեծ մասը՝ բացառությամբ Ֆրանսիայի:

-Դուք խորհրդարանական համակարգի ակտիվ կողմնակից եք եղել հատկապես ժողովրդավարական կարգերի անցում կատարող երկրների դեպքում: Ձեր կարծիքով՝ խորհրդարանական կառավարման ձևը կարո՞ղ է ավելի խթանել ժողովրդավարական զարգացումը:

-Ճիշտն ասած՝ Բեռլինի պատի փլուզումից հետո, երբ հետկոմունիստական մի շարք ժողովրդավարություններ ընտրեցին կիսանախագահական մոդելը (Հունգարիան, Լատվիան, Էստոնիան, Ալբանիան և Կոսովոն բացառություններ են), գիտական շրջանակներում խիստ արդիական դարձավ այն բանավեճը, թե որ կառավարման համակարգն է ավելի շատ նպաստում ժողովրդավարացման գործընթացին: Այսուհանդերձ, այս բանավեճը մեկ միասնական պատասխանի չհանգեց. այսօր աշխարհում թե՛ խոհրդարանական, թե՛ կիսանախագահական համակարգի հավասար թվով կողմնակիցներ կան: Մի բան թերևս վիճելի չէ. այն երկրներում, որտեղ պետության գլուխը ուղղակիորեն է ընտրվում, և ունի մեծ լինազորություններ (ինչպես Հայաստանում մինչև 2005-ը), ժողովրդավարությունը վտանգված է: Այս մասին է վկայում նաև Ռոբերտ Էլջիի վերջին հետազոտությունը:

Ես համաձայն եմ այս եզրակացության հետ: Տեսեք, թե ժողովրդավարությունն ինչպես ձախողվեց Ռուսաստանում կամ Բելառուսում, և ինչ խնդիրների բախվեց Ուկրաինան իր «անկատար» ժողովրդավարության պաշտպանության ճանապարհին: Ես դեռ չեմ խոսում Կենտորնական Ասիայի հետխորհրդային երկների պես հիբրիդային ռեժիմների մասին (Ղազախստան, Ուզեբկստան և այլն): Իմ փաստարկը հետևյալն է. անկախ նախագահի լիազորությունների աստիճանից՝ ուղղակի նախագահական ընտրությունը՝ հատկապես երկրորդ փուլ նախատեսող տարբերակը (ինչպես Հայաստանում), կարող է ապակայունացնել երկրի կուսակցական համակարգը և ազդել քաղաքական ուժերի փոխգործակցութան վրա՝ ոչ նպաստավոր հետևանքներ ունենալով ժողովրդավարության զարգացման համար: Ասածիս ամենավառ օրինակը Լեհաստանն է, որտեղ երկու հակաիշխանական պոպուլիստական կուսակցությունների կազմած դաշինքը (Լեհաստանի ինքնապաշտպանության կուսակցություն, Լեհական ընտանիքների լիգա) նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պաշտպանեց «Օրենք և արդարութուն» կուսակցության թեկնածուին (ուշ Լեհ Կաչինսկի): Այս «անբնական» դաշինքը ավարտվեց ոչ միայն հետկոմունիստական (նախկին կոմունիստական) և հետ-սոլիդարություն (նախկին ընդդիմություն) կուսակցությունների տասնհինգ տարի շարունակվող հակամարտությամբ, այլև նպաստեց անկայունությանը թե՛ ընտրական, թե՛ կառավարական մակարդակում (վեց կառավարություն երկու տարում): Իհարկե, սա չի նշանակում, որ ուղղակի նախագահական ընտրություններ նախատեսող բոլոր երկրերն ունեն ժողովրդավարության ամրապնդման և որակի վրա բացասաբար ազդող թերի կուսակցական համակարգ:

Ի տարբերություն խորհրդարանական համակարգի, որտեղ պետության գլուխը կամ միապետն է կամ նշանակվում է կառավարության և ընդդիմության փոխզիջման արդյունքում գերմեծամասնության կողմից ընտրված թեկնածուն, կիսանախագահականի դեպքում կուսակցական համակարգի անկայունության վտանգը չի վերանում: Խորհրդարանական ռեժիմները նույնպես կարող են ձախողել (օրինակ՝ Հունաստանը միջպատերազմյան շրջանում, Լեհաստանը, Էստոնիան և այլն), սակայն առնվազն մեկ խնդրում ավելի քիչ մտահոգություն ունեն:

Միայն ազատ և արդար ընտրությունների դեպքում է հնարավոր խոսել Հայաստանում ժողովրդավարության հեռանկարի մասին:

- ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը առաջարկում է ապագա ընտրական համակարգի որոշ դրույթներ, որոնք նմանություն ունեն Իտալիայի՝ վերջերս ընդունված ընտրական օրենքին՝ Իտալիկումին: Եթե Իտալիկումը ներդրվեր Հայաստանում, գործելու ի՞նչ հեռանկար կունենար:

- Որքան գիտեմ՝ ընտրական համակարգի մյուս առանձնահատկությունները դեռ պարզ չեն: Ի տարբերություն նախագծի նախորդ տարբերակների, հոկտեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանի ընդունած փաստաթուղթը մանրամասները թողել է դեռ փոփոխվելիք ընտրական օրենսգրքին: Ավելին, Իտալիկումի բնորոշ գծերից մեկի՝ ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը վերջնական տարբերակում չունի պարտադիր բնույթ:

Համենայն դեպս, անդրադառնալով դեռևս չկիրառված Իտալիկումին՝ պիտի ասեմ, որ այս նոր ընտրական մոդելը մեծ փոփոխություններ չի բերի արդեն իսկ կենտրոնացված կուսակցական համակարգում: Մեծամասնական բոնուսը կշարունակի խթանել կառավարելիությունը ներկայացուցչականության հաշվին, քանի որ փոքր կուսակցությունների դեպքում 3 տոկոսանոց արգելապատնեշը դեռ շատ բարձր է խորհրդարան մտնելու համար: Եթե դիտարկենք բոլոր խորհրդարանական ընտրությունները 1999-ից ի վեր, երբ սկսեց գործել ներկայիս համակարգը, արտախորհրդարանական 34 կուսակցություններից միայն վեցը ստացան քվեների ավելի քան երեք տոկոսը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, նկատի առնելով երկրի քաղաքական առանձնահատկությունները՝ կարելի է ասել, որ մեծամասնական պարգևի հնարավոր կիրառումն ու ընտրությունների երկրորդ փուլը կհանգեցնեն երկբևեռ համակարգի ձևավորման, ինչը քիչ թե շատ արդեն ուրվագծվում է այժմ, եթե դիտարկենք այն ջրբաժանը, որ գոյություն ունի նախագահ Սարգսյանին և իր բարեփոխումներին կողմ ու դեմ արտահայտվող ուժերի միջև:

- Կուսակցական ո՞ր համակարգն է նախընտրելի Հայաստանի պես հիբրիդային ռեժիմի համար: Այս փոփոխությունները նպատակ ունեն ձևավորել Վեստմինստերյան տիպի երկկուսակցական համակարգ առանց ուժեղ փոխգործակցային ինստիտուտների և իշխանությունների տարանջատման հստակ մեխանիզմների: Սահմանադրության նախագծի հեղինակները շեշտում են, որ համակարգի հիմնական նպատակը կառավարության կայունությունն ապահովելն ու երաշխավորելն է: Այս դեպքում արդյոք սա չի՞ կատարվում ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների հաշվին:

- Նախ բոլորովին չի ենթադրվում, որ կայունությունը, կառավարումը և ներկայացուցչականությունը միշտ անհամատեղելի են: Սրա ամենալավ ապացույցը կոնսենսուսային ժողովրդավարություններն են, օրինակ՝ Նիդեռլանդները, Շվեյցարիան և այլն: Բայց ամենակարևորը կոնսենսուսի կամքն է, ինչը կարծես Հայաստանի քաղաքական վերնախավը պարզապես չունի: Համոզվելու համար կարելի է միայն հետևել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ գրեթե մի ուժի կողմից պարտադրվող քաղաքական քննարկումներին:

Ավելին, եթե նպատակն իսկապես «առանց ուժեղ փոխգործակցային ինստիտուտների և իշխանությունների տարանջատման հստակ մեխանիզմների երկկուսակցական համակարգ ձևավորելն է» և կայուն կառավարություն ապահովելու առաջնահերթությունը, ապա բարեփոխման կարիք չկա, քանի որ երկրում նմանատիպ համակարգ առկա է առնվազն 2005-ի սահմանադրական փոփոխություններից ի վեր:

Իմ կարծիքով, ավելի քան 20 տարի շարունակվող հեգեմոն կուսակցական համակարգի փոխարեն Հայաստանն առաջին հերթին հետևյալ ինստիտուտների կարիքն ունի (ոչ անհրաժեշտաբար թվարկածս հերթականությամբ). 1. ազատ մամուլ, 2. ազատ և արդար ընտրություններ, 3. իշխանության փոփոխումը: Միայն վերջինի դեպքում է հնարավոր խոսել Հայաստանում ժողովրդավարության հեռանկարի մասին:

Եթե Սերժ Սարգսյանը ազնվորեն ցանկանար բարձրացնել Հայաստանի՝ ժողովրդավարական երկիր դառնալու հնարավորությունը, այդ փոփոխությունները պիտի նախաձեռներ մինչև իր առաջին ժամկետի ավարտը և ոչ այժմ, երբ երրորդ անգամ ընտրվելու իրավունք սահմանադրորեն չունի:

- Սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները հաճախ շեշտում են, որ դրանց արդյունքում կձևավորվի միակուսակցական համակարգ, կաղավաղվեն հաշվետվողականության և հակակշիռների հնարավոր մեխանիզմները՝ ծառայելով գործող իշխանության վերարտադրությանը: Ձեր կարծիքով՝ այս փաստարկներն իրատեսակա՞ն են:

-Ես կպատասխանեմ մեկ այլ հարցով. արդյո՞ք նույն բանը չկար վերջին երկու տասնամյակում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ սահմանադրության փոփոխության պահը տարօրինակ է: Եթե նախագահ Սարգսյանը ազնվորեն ցանկանար բարձրացնել Հայաստանի՝ ժողովրդավարական երկիր դառնալու հնարավորությունը, այդ փոփոխությունները պիտի նախաձեռներ մինչև իր առաջին ժամկետի ավարտը և ոչ այժմ, երբ երրորդ անգամ ընտրվելու իրավունք սահմանադրորեն չունի: Իմ տպավորությամբ սահմանադրությունը փոխելու տարբերակը անխոս սեփական իշխանությունն ամրապնդելու ավելի հմուտ մոտեցում է, ինչպիսին ասենք Լատինական Ամերիկայի որոշ նախագահների սահմանադրական նախաձեռնությունները (օրինակ՝ Չավեսը, Կոռեան, Մորալեսը և այլք):

Read the article in English.

Watch the full interview in English.