30 հոկտեմբեր, 2015 16:13

Ո՞վ ես դու, խորհրդավո´ր անծանոթ

No to new constitution movementՄի մարդ կար խորհրդային երկրի վերակառուցման ու հոգեվարքի տարիներին, անունը՝ Ռաֆիկ Նիշանով: Ուզբեկ Ռաֆիկ Նիշանովը Ուզբեկստանի պետական դեմքերից էր՝ առաջին քարտուղարը ու նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պլենար նիստերի մշտական նախագահողներից: Նրա «մտքերն» ու արտահայտությունները դառնում էին ասելիք: Այդ պլենար նիստերը հեռարձակվում էին, ու քանի որ քննարկման թեմա էր նաև մեր՝ Ղարաբաղյան հարցը, մենք հետևում էինք խորհրդային վերջին Գերագույն խորհրդի պլենար նիստի հեռարձակումներին, որոնք վարում էր փառահեղ Ռաֆիկ Նիշանովիչ Նիշանովը: Այս մարդու մասին վիքիպեդիայում նշված է, որ մականունը «Գորբաչովի անձնական Ռաֆիկ» էր (личный Рафик Горбачева): Այս Ռաֆիկ Նիշանովը շատ յուրօրինակ գրագիտություն ուներ ու շատ ինքնատիպ էր արտասանում «սահմանադրություն» բառը ռուսերեն: Նիշանովն ասում էր «կանիստուսիա»: Ու ասում էր շատ հաճախ, որովհետև անընդհատ որևէ առարկության դեպքում վկայակոչում էր Սահմանադրությունը: Նրա բերանում Սահմանադրությունն անչափ ողորմելի ու ծիծաղելի մի բան էր դառնում: Ինչպես և էր…

Սահմանադրությունը` խորհրդային Սահմանադրությունն ու ՀԽՍՀ Սահմանադրությունը, սպիտակ բրոշյուրների տեսքով դարսված էին ամեն գրախանութի հատակին, սեղաններին. առնող չկար, դրանք որևէ մեկին պետք չէին գալիս: Միայն դեպի պետական գործունեությունը կողմնորոշված մարդիկ գիտեին դրա լիարժեք բովանդակությունը: Գրագետները գիտեին՝ ինչ է Սահմանադրությունը, և գուցե մի անգամ թերթել էին օրենքների այդ գրքույկը: Սահմանադրությունը խորհրդային կյանքում միշտ եղել է վկայակոչվող «ոչինչ»: ԽՍՀՄ ամեն խելահաս քաղաքացի գիտեր, որ սա հեքիաթ է ոչ մեկի համար, իսկ իրական օրենքներն այլ են ու այլոք: Այդպես տասնամյակներ մարդիկ ընկալեցին Սահմանադրությունը:

Հետո խորհրդային երկիրն ապամոնտաժվեց

Հետո խորհրդային երկիրն ապամոնտաժվեց: Մենք Սահմանադրություն չունեինք: Բայց ինչպես ցանկացած անկախ պետություն, պիտի ունենար իր գործող կամ չգործող Սահմանադրությունը:

Պարույր Հայրիկյանը բղավում էր «սահ-մա-նա-դիր ժո-ղով»: Քչերին էր հասկանալի Հայրիկյանի ցանկությունը…

1995-ին հանրաքվեի դրվեց նոր Սահմանադրությունը: Բայց իշխանության հանդեպ անվստահությունն ու դժգոհությունը լավ հասունացել էր: Ժողովուրդը բաժանված էր իշխանության ու ընդդիմության. ընդդիմությունը կոչ էր անում չընդունել Սահմանադրությունը՝ ի նշան մերժման ներկա իշխանության, իշխանությունը բացատրում էր, որ Սահմանադրությունն անհրաժեշտ է պետության համար: Նրանք, ովքեր կոչ էին անում կողմ քվեարկել Սահմանադրությանը, մեխանիկորեն կոչվում էին «իշխանությանը ծախված մարդիկ»: Իսկ Սահմանադրությունը՝ որպես ուղղակի Սահմանադրություն, նման էր գրքի նախաբանի, որը քչերն են կարդում: Սահմանադրությունը մնում էր տեսություն, որի մասին լսել էին, բայց զգացող չէր եղել, իսկական օրենքը դարձյալ այլ բան էր ու այլոք էին…

Եթե մարդիկ անտարբեր են դարձել նույնիսկ սահմանի դրությանը, ապա Սահմանադրությանը նրանք միայն կարող են ասել «եսիմ»
Տասնամյակներ շարունակ Սահմանադրությունը ցույց չի տվել իր կիրառականությունը, ու մարդը չի զգացել դրա առկայությունը. իբրև ամենակարող, վերջին ատյանի ճշմարտություն, իբրև իր միակ ուժ ու պաշտպան` Սահմանադրությունը երբևէ չի գործել: Սահմանադրությունը երբեք իր անհաղորդ ձեռքը չի մեկնել անզոր քաղաքացուն: ԺԷԿ-ում աշխատող հարևանն ավելի կարևոր էր, քան Սահմանադրությունը, որովհետև ԺԷԿ-ում աշխատող հարևանը գործում էր, երբեմն օգնում էր, Սահմանադրությունը՝ ոչ…

Սահմանադրությունը մի բան էր, որ կար, բայց եթե հանկարծ չլիներ, այդ մասին ոչ ոք չէր իմնանալու, առավելևս՝ չէր զգալու իր կյանքում:

Սահմանադրությունը նման է «իմունիտետ» բառի ժողովրդական ընկալմանը: Բոլորը գիտեն, որ կարևոր է, բոլորը օգտագործում են այդ բառը, ու քչերն ունեն իրական պատկերացում դրա իսկական բովանդակության մասին: Բայց բոլոր հիվանդությունների առաջին պատճառը ժողովրդական բժշկագիտության ու ժողովրդական դիագնոստիկայի մեջ «ընկած իմունիտետն է»:

Տասնամյանկներ այսպես ապրած մարդիկ իրականում չեն կարող կողմ կամ դեմ լինել Սահմանադրությանը: Նրանք Սահմանադրությունը կարող են միայն նույնականացնել հանցագործ իշխանության հետ ու դեմ լինել, բայց այդ դեպքում նույնիսկ նրանց համար «ո´չ Սահմանադրությանը» մշուշոտ պահանջ է ու ավելի հասկանալի է որևէ այլ, կոնկրետ բան… Երբ հասարակությունը սովոր չէ «ություն»-ով վերջացող բառերի լրջությանն ու կիրառականությանը, նա նախապատվությունը տալիս է կոնկրետ գոյականներին: Հավաքական գոյականները իրենց համար նման են, ասենք, գլոբալ տաքացման վտանգին, որը միշտ հեռու է, Աստված գիտի՝ իրենք կտեսնե՞ն, թե՞ չէ, կամ ո՞վ իմանա` ճի՞շտ տեղեկություն է, թե՞ ենթադրություն:

Իսկ եթե մարդիկ անտարբեր են դարձել նույնիսկ սահմանի դրությանը, ապա Սահմանադրությանը նրանք միայն կարող են ասել «եսիմ»:

Ու այս դեպքում կեղծելը շատ ավելի հեշտ է, իսկ պահանջել, որ ընկալվի սահմանադրական փոփոխության վտանգը, մոտավորապես նույնն է, թե ձեռքը ցավի վրա դնելու սովորության համաձայն` ձեռքդ դնես ընկած իմունիտետի վրա:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: