3 նոյեմբեր, 2015 16:18

Որպեսզի «Ոչ»-ի ճակատն իր տեսակետները հասցնի քաղաքացիներին

no to constitution Սահմանադրական հանրաքվեի նախաշեմին կրկին արդիական է դառնում հեռարձակվող ԶԼՄ-ների կարգավիճակի հարցը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում  հատկապես համապետական սփռման հեռուստաընկերությունները, մեղմ ասած, իշխանամետ դիրքորոշում ունեն: Դա պայմանավորված է իշխանությունների կողմից ֆինանսական աղբյուրների ամբողջական վերահսկմամբ, ինչպես նաև անհնազանդ հեռուստաընկերությունների նկատմամբ վարչական, հարկային և այլ ռեպրեսիաների կիրառման հեռանկարով:

Համապետական յուրաքանչյուր ընտրական գործընթացի ժամանակ գործող հեռուստաընկերությունները հիշում են կամ նրանց հիշեցնում են, թե իրականում ում պետք է ծառայեն: Այժմ սպասվում է սահմանադրական հանրաքվե, որը նախաձեռնել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Հետևաբար, արդեն իսկ ակնհայտ է, թե հեռարձակող լրատվամիջոցները ինչ խանդավառությամբ են գովերգելու սահմանադրական փոփոխությունենրը և ջանք ու եռանդ չխնայելով՝ համոզելու գնալ ու վճռական «այո» ասել:

Թվում է, թե զրոյական լեգիտիմություն ունեցող, ամբողջովին վարկաբեկված իշխանությանը ոչինչի չի փրկի, բացի զանգվածային ընտրակեղծիքներից ու բիրտ ուժի կիրառումից: Սակայն հեռուստատեսությունն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, շարունակում է մնալ հանրային կարծիք ու տրամադրություն ձևավորող թիվ մեկ գործիքը: Այդ գործիքը իշխանության ձեռքում կատարում է որոշակի գործառույթ՝ հանրությանը մանիպուլյացիայի եթնարկելու առումով:

Դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեից առաջ ևս հեռուստաընկերությունները ծառայեցվում են իշխանական քարոզչության նպատակներով: Հանրաքվեից առաջ ազատ և արդար կամարտահայտություն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի համապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունները հավասար եթերաժամանակ տրամադրեն նաև «Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչներին: Այս առումով, ինտերնետի առակայությունը որոշակիորեն շեղել է քաղաքական շահագրգիռ ուժերի ուշադրությունը հեռարձակվող ԶԼՄ-ների հետ կապված անմխիթար վիճակից:

Բոլորովին վերջերս «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպությունը հրապարակեց «Առցանց ազատություն» (Freedom on the Net – 2015) զեկույցը, որում Հայաստանը ճանաչվել է ազատ ինտերնետով երկիր:

Միջազգային կազմակերպության կողմից նման գնահատականի արժանանալը, անշուշտ, կարևոր է երկրի արտաքին իմիջի տեսակետից: Պետք է նշել, որ համացանցն իրոք դեռևս չի զտվում կամ սահմանափակվում իշխանությունների կողմից: Այլ հարց է, որ համացանցում առկա ԶԼՄ-ների հիմնական մասը «ազատ, անկախ, ընդդիամդիր» լրատվամիջոցների իմիջի տակ կրկին ծառայում է իշխանություններին: Սակայն ինչքան էլ համացանցի տարածումն ու նշանակությունը ամեն տարի մեծանում է, միևնույն է, այն չի կարող փոխարինել հեռուստատեսությանը, հատկապես՝ հանրային կարծիքի ձևավորման վրա ազդեցության առումով:

Համացանցի մասով սահմանափակումներ չկիրառելով՝ իշխանությունները ստեղծել են պսևդոդեմոկրատական իրավիճակ. խոսքի ազատության տեսակետից արտաքուստ լուրջ խնդիրներ չկան, սակայն խորքային դիտարկաման դեպքում ակնհայտ է, որ այլընտանքային խոսքը համընդհանուր հասանելի խողովակներով հասու չէ լայն հանրությանը:

Պարզ ասած, իշխանությունը հասարակական ու քաղաքական գոլորշին բաց թողնելու համար համացանցը ազատ է պահում, սակայն հանրային կարծիքի վրա արդյունավետ ու մասշտաբային ազդեցություն ունեցող հեռուստաընկերությունները պահում է կոշտ վերահսկողության տակ: Ազատ համացանցը ընդդիամադիր հատվածի համար որոշակի բավարարվածության զգացողություն է առաջացնում, սակայն այն հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն չունի: Համացանցային տիրույթը հիմնականում օգտագործվում է քաղաքական շրջանակների միջև մեսիջներ փոխանցելու, միմյանց պատասխանելու և այլ նմանատիպ նպատակների համար:

Ուստի, եթե մենք խոսում ենք հանրաքվեի ժամանակ ժողովրդի իրական կամարտահայտություն ունենալու անհրաժեշտության մասին, ապա ամեն կերպ պետք է ստիպել իշխանություններին՝ հնարավորինս բաց պահեն համապետական սփռման հեռուստաընկերությունները, որպեսզի «Ոչ»-ի ճակատը լիարժեք հնարավորություն ունենա իր տեսակետները քաղաքացիներին հասցնելու:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: