4 նոյեմբեր, 2015 18:38

Հայաստանի մսխվող անկախությունը

Լուսանկարում՝ Կարսի բերդը: Լուսանկարում՝ Կարսի բերդը:

Տարատեսակ սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ամենևին էլ դեմ չէ Ռուսաստանի կազմում ընդգրկվելուն կամ առնվազն Ռուսաստանի հովանու ներքո ապրելուն: Մի դեպքում Հայաստանի ազգային անվտանգության ապահովումն են կապում ռուսական զենքի հետ, մեկ այլ դեպքում ընդհանրապես ցանկություն են հայտնում Ռուսաստանի կազմում ընդգրկվելու: Իսկ, օրինակ, Ռուսաստանի գլխավորած ԵՏՄ-ի կազմում ընդգրկվելը համարում են տնտեսական բարեկեցության երաշխիք:

Թե որքանով են մեր քաղաքացիների պատկերացումները համընկնում իրականության հետ, քննարկման այլ թեմա է: Կարևոր է հասկանալ, թե ինչու անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սեփական անվտանգության և սոցիալ-տնտեսական բարեկեցության ապահովումը չեն կապում սեփական պետության հետ: Ինչքան էլ պնդենք, որ պետությունը գործող կամ նախկին իշխանությունների հետ ասոցացնելը ճիշտ չէ, այնուամենայնիվ գոյություն ունի այդպիսի արմատավորված ընկալում: Այդ ընկալումը գոյություն ունենալու լիարժեք հիմքեր ունի: Հենց իշխանություններն են ներկայացնում պետությունը և հենց նրանք են պատասխանատու պետության գործառույթների լիարժեք ու արդյունավետ իրականացման համար: Իշխանությունը յուրաքանչյուր պետության շարժիչն ու ղեկն է, խափանված լինելու դեպքում կանգնում է, սխալ ուղղությամբ գնալու դեպքում՝ վթարվում:

Երբ տվյալ պետության քաղաքացիները իրենց մաշկի վրա են զգում, որ օրվա իշխանությունը ոչ թե իրականացնում պետության հիմնական գործառույթները, այլ պետությունը ծառայեցնում մի խումբ մարդկանց անձնական շահերին, տրամաբանական է, որ պետությունը սկսում է ասոցացվել իշխանությունը կրող մարդկանց հետ, և օտար պետության ստրուկտուրայի մեջ մտնելու մտքեր են առաջանում: Նման իրավիճակներում երկու ելք կա՝ կա՛մ համազգային հեղափոխության միջոցով տապալում ես ապազգային և հակաանկախական իշխանություներին և սկսում ես անկախ պետության շինարարություն, կա՛մ մտածում այլ պետության հովանու տակ ապրելու մասին, կա՛մ արտագաղթում ես: Հարյուր հազարավոր  ՀՀ քաղաքացիների մոտ գերակշռում վերջին տարբերակը:

Անկախությունը դատարկ կամ գեղարվեստական հասկացողություն չէ: Այն ունի կոնկրետ բովանդակություն և որոշակի չափորոշիչներ: Ազգը, պայքարելով հանուն անկախության, պայքարում է սեփական պատկերացումներով պետության մեջ ապրելու համար, որը կապահովի իր անվտանգությունը, կստեղծի բարեկեցիկ պայմաններ իր գոյատևման և զարգացման համար:

Երբ մենք, համարյա քառորդ դար անկախ պետություն ունենալով, չենք կարողացել անկախ պետություն կայացնել, երբ ազգային անվտանգության ապահովումն ու սոցիալ-տնտեսական բարեկեցությունը մեծապես կապվում են Ռուսաստանի հետ, երբ Հայաստանի՝ հարյուր հազարավոր քաղաքացիներ հեռնակար են փնտրում ոչ թե սեփական երկրում, այլ Ռուսաստանում, բնական է, որ շատերը ցանկություն հայտնեն Ռուսաստանի կազմում ընդգրկվելու:

Անկախությունը բացարձակ արժեք լինելով հանդերձ՝ դատարկ, քնարական զգացողություն չէ: Այն պատասխանատվություն է սեփական ճակատագրի հանդեպ: Անկախ Հայաստանի իշխանական և քաղաքական էլիտան չի զգացել ու չունի այդպիսի պատասխանատվություն, նա վասալի հոգեբանություն ունի և անկարող է դիմակայել պետության առաջ ծառացած մարտահրավերներին: Եթե երկրի իշխանությունն իր առաջ դրված խնդրիների լուծման համար ապավինում է դրսի ռազմական և տնտեսական օգնությանը, ապա քաղաքացիները կրկնում են այդ վարքագիծը: Անհամաձայնության դեպքում միշտ հեղափոխություն է լինում, իսկ համաձայնության դեպքում՝ արտագաղթ կամ այլ երկրի կազմում ընդգրկվելու ցանկություն:

Առաջին հանրապետության տարիներից

Հատկանշական է, որ Առաջին հանրապետության տարիներին, որը ձևավորվել էր տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական անհամեմատ բարդ միջավայրում, ներքին ու արտաքին մեծածավալ մարտահրավերներով, երկրի քաղաքական և ռազմական ղեկավարության միջև կրկին գերիշխում էին ռուսական իշխանության տակ վերադառնալու ցանկությունները: Միանշանակ չի կարելի ասել, որ քաղաքական և ռազմական վերնախավի մոտ նման տրամադրությունների առակայությունն էր հիմնական պատճառը, որ Առաջին հանրապետությունը, տարածքներ կորցնելով, ի վերջո զրկվեց անկախությունից: Միևնույն ժամանակ չի կարելի ժխտել, որ այդ տրամադրությունները որոշակի դեր այնուամենայնիվ ունեցել են:

Պատմաբան Գևորգ Յազըճյանն իր «Կարսի 1920թ. անկման խորքային պատճառները» գրքում երկու հատկանշական դրվագ է ներկայացնում, թե ինչ տրամադրություններ կային 1919թ. ՀՀ ռազմական բարձրաստիճան սպայակազմի մոտ: Մի դրվագում ներկայացվում է.

«1919թ. ամռանը ՀՀ խորհրդարանի շենքի մի սենյակից լսվում է ռուսերեն մի երգ: Խորհրդարանի փոխնախագահը և ուրիշներ շտապում են այնտեղ՝ ստուգելու, թե ինչ է կատարվում: Պարզվում է, որ ՀՀ բանակի բարձրաստիճան սպաները երգում էին ցարական Ռուսաստանի «Բոժե, ցարյա խրանի» հիմներգը. ՀՀ ղեկավարությունից առաջ լսել էին, որ իրենց կուռքը՝ այդ օրը Երևան հասնող գնդապետ Զինկևիչը, նշանակվել է Դենիկինի դևանագիտական ներկայացուցիչ ՀՀ-ում...»:

Մեկ այլ դրվագով բարձրաստիճան սպայակազմը փափագել է նորից տեսնել «ռուս իշխանությունը Կովկասում...»:

1919թ. աշնանը Հայոց բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանի՝ Կաղզվան այցի ժամանակ նրա պատվին տրված խնջույքի ժամանակ, գավառի զորամիավորումների հրամանատար գնդապետ Շաղուբաթյանը կենաց է առաջարկում  ի պատիվ սպիտակգվարդիական գեներալ Պյոտր Վրանգելի և «արտասուքը աչքերին իղձ է հայտնում նորից տեսնել «ռուս իշխանությունը Կովկասում...»:

Այս փաստն արձանագրող Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանն ավելացնում է.

«Բայց ավելի զարմանալի է, որ հայ գեներեալներն ու բազմաթիվ հայ սպաներ ոչ միայն չեն բողոքում այդ անամոթ հայտարարության դեմ, այլև իրենց «ուռաներով» գալիս են ձայնակցելու ռուսախոս և ռուսամոլ այդ գնդապետին»:

Քաղաքական, իշխանական և ռազմական վերնախավի մոտ տիրող նմանատիպ տրամադրությունները չէին կարող չբարոյալքել ամբողջ հասարակությանն ու բանակը, նրանց մոտ վերացնել անկախության և սեփական պետության համար մարտնչելու ցանկությունը:

Ճիշտ է՝ Առաջին հանրապետության տարիներին գույները խտացված էին, իսկ Երրորդ հանրապետության շրջանում ավելի լավ վիճակ է, սակայն խորքային մտածելակերպն ու տրամաբանությունը չեն փոխվել:

Ապավինել դրսի ուժերին, սեփական պետության անվտանգությունն ու սոցիալ-տնտեսական բարեկեցությունը կապել այլ պետության հետ, նշանակում է դանդաղ գործողության ռումբ դնել անկախ պետականության հիմքերում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: