6 նոյեմբեր, 2015 10:10

Բարեկեցություն դեպի Զիմբաբվե

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1987-ից՝ արդեն 28 տարի: Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1987-ից՝ արդեն 28 տարի:

Նոյեմբերի 2-ին բրիտանական «Լեգատում» ինստիտուտը հրապարակել է իր աշխարհի երկրների «Բարեկցության ցուցիչը»՝ 2015թ. համար:

Այս ցուցիչը չափում է աշխարհի 142 երկրների հարստությունն ու բարեկցությունը:

Երկրները դասակարգում են 8 ենթացուցիչներով՝ տնտեսություն, ձեռնարկատիրություն և հնարավորություններ, կառավարում, կրթություն, անձնական ազատություններ, առողջություն, ապահովություն և անվտանգություն, սոցիալական կապիտալ:

2015թ. բարեկեցության ցուցիչով Հայաստանը 93-րդ հորիզոնականում է՝ 142 երկրների շարքում:

Հայաստանը համեմատաբար բարձր դիրք է գրանցել կրթության մասով՝ 49-րդ հորիզոնական, իսկ ամենավատը՝ տնտեսության մասով՝ 126-րդ հորիզոնական: Բարեկցության ընդհանուր ցուցիչով Հայաստանը տարածաշրջանում ետնապահ դիրքերում է և զիջում է անմիջական հարևաններին: Ադրբեջանը 71-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 80-րդ, Թուրքիան՝ 78-րդ: Նախկին խորհրդային տարածաշրջանում Հայաստանը զիջում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

«Լեգատում» ինստիտուտի գնահատականով՝ Հայաստանը տնտեսության մասով զիջում է անգամ Տոգոյին ու Զիմբաբվեին:
Ճիշտ է նախորդ տարվա համեմատ՝ տնտեսության մասով Հայաստանը 3 կետով առաջընթաց է գրանցվել, սակայն դա ամենևին չի մեղմել անմխիթար վիճակը: «Լեգատում» ինստիտուտի՝ Հայաստանի տնտեսությանը տրված գնահատակով մենք զիջում ենք աֆրիկյան այնպիսի երկրների, ինչպիսիք են Տոգոն ու Զիմբաբվեն: Վատ դիրքեր ենք գրանցել նաև սոցիալական կապիտալի և անձնական ազատությունների ոլորտում՝ համապատասխանաբար 124-րդ և 119-րդ հորիզոնականներ:

Այս գնահտականները պետք է սթափության մղեն Հայաստանի իշխանություններին: Պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը իրավունք չունի հետևողականորեն վատթարացնելու երկրի բարեկեցության ցուցանիշը: Սա ուղղակի անմիջական սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը: Անհանգստացնող պետք է լինի նաև այն, որ Հայաստանին սպառնացող Ադրբեջանը բարեկցության ցուցիչով էապես լավ դիրքում է:

Այս իրողություններին ուշադրություն դարձնելու փոխարեն՝ գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, լծվել է սահմանադրական փոփոխությունների գործին, որը հաջողությամբ ավարտելու դեպքում, ելնելով Սարգսյանի կառավարման նախորդ տարիների փորձից, Հայաստանի ցուցիչները էլ ավելի կվատանան ապագայում: Սրանք սոսկ ցուցիչներ չեն, այլ պետության հիմքերը խարխլված լինելու մասին ազդանշան ու զգուշացում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: