7 նոյեմբեր, 2015 19:41

Մի հին նոյեմբերի 7

Yerevan Lenin squareՆոյեմբերի 7-ը հոկտեմբերյան մեծ հեղափոխության օրն էր: Մեծ հեղափոխությունը հոկտեմբերին էր պատահել, մենք նշում էինք նոյեմբերին: Նոր ու հին տոմարի մասին մեր պատկերացումը մոտավորապես նույնն էր , ինչ հոկտեմբերյան հեղափոխության մասին:

Նոյեմբերի 7-ը կոնկրետանում էր միայն նրանով, որ մենք՝ սովետական Հայաստանի դպրոցականներս, համապատասխան տոնական համազգեստներով մասնակցելու էինք շքերթի: Տոնական համազգեստները մեզ համար կարեցին առաջին դասարանում : Ծնողների հետ գնում էինք Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ ինչ-որ արտել, որտեղ մեր «պրետ ա պորտեն»՝ կազմված սպիտակ ատլասի վրա կարմիր գնդիկավոր բլուզից ու անպետք կարմիր կտորից կիսաշրջազգեստից, մեր անունները տետրի թղթի վրա գրած ու տոնական համազգեստին կարած, մեզ էին սպասում:

Թևերն այլանդակ էին ստացվել, զանգակ վերջավորությամբ ու մի մեծ կարմիր բանտ էլ մեր պստիկ պարանոցներին: Դաժան բաներ լինում են մանկության տարիներին: Սա դրանցից մեկն էր: Գումարած՝ սպիտակ կիսագուլպաները, որոնք հոկտեմբերյան մեծ հեղափոխության հետևանքով երկիրը արտադրում էր այնքան, որ միայն ծանոթ-բարեկամի Մոսկվա գնալու դեպքում կարող էինք մի քանի զույգ ունենալ: Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության անմարդկային դաժանության շունչը մենք ամեն տարի զգում էինք մեր մանուկ մարմինների վրա, երբ ձնախառն անձրևի տակ, սինթետիկ ատլասից շապիկներով ու բարակ կիսաշրջազգեստներով, սպիտակ կոշիկներով ու կիսագուլպաներով Տերյան փողոցից՝մեծ հեղափոխականի տիկնոջ անունը կրող մեր դպրոցից, Լենինի պողոտայով (Մաշտոցի պողոտա) թեքվում էինք Ամիրյան փողոց, մտնում Լենինի հրապարակ, անցնում տրիբունայի առջևով ու բոլորս միանգամից միասին ժպտում ու թափահարում էինք մեր ձեռքի գունավոր փրչոտ թղթերով փաթաթված մեծ երկաթե օղակները՝ ի նշան ուժեղ ոգևորության ու մեծ հոկտոմբերի ասենք՝ վաթսուն, վաթսունմեկ, վաթսուներկուերորդ տարեդարձների առթիվ մեր ուժգին ուրախության:

Երբ Ամիրյանն անցնում էինք, սկվում էր մանկությունը… Ջրափոսերի , անձրևի միջով հասնում էինք կա՛մ Թումանյան փողոցի «Հեքիաթ» սրճարանը, կա՛մ Սայաթ-Նովա – Նալբանդյան անկյունի ճաշարանը: Հետո շորերը չորանում էին մեր մանուկ մարմինների վրա, Լենինն ու նրա հեղափոխությունը խորը մոռացվում էին, ու մենք գիտեինք, որ բոլորս մեկ շաբաթ հիվանդ ենք լինելու հանուն մեծ հոկտեմբերի, որ տոնվում էր նոյեմբերին:

Կար տիպիկ խորհրդային մի զառանցանք ևս: Մեզ պարտադրում էին առավոտյան 8:30 լինել դպրոցի բակում, իսկ քաղաքի փողոցները փակվում էին առավոտյան 6-ից: Ու միայն ծնողի հնարամտությունը կարող էր մեզ հասցնել դպրոց, եթե դպրոցի մոտակա հտվածներում չէինք ապրում: Ես հիշում եմ, որ մի անգամ նոյեմբերի 7-ին Սուրբ Սարգսի մոտից Տերյան փողոց հասել ենք Մոնումենտով:

Եվ այսպես տասը տարի: Մի էական տարբերությամբ, որ միայն առաջին երեք դասարաններում էինք ուշ աշնանը հագնում տոնական համազգեստները՝ նախատեսված տաք գարնան համար: Չորրորդ դասարաանից սև սպիտակ էր, իսկ բարձր դասարաններում տրիբունայի մոտ հասնելիս «ուռռաայի» փոխարեն լրիվ ուրիշ բաներ էինք կանչում, հետո նորից անցնում Ամիրյանը, բարձրանում վերև, տեղավորվում սրճարանում ու նշում մեծ հոկտեմբերը նոյեմբերի 7-ին:

Իսկ տրիբունայից հնչում էր մեր դասընկեր Աշոտ Աբովյանի ասմունքը, «թե հոկտեմբերյան դրոշի փայլից չշիկներ ճակատն Արագածի, իր մութ այրերում շունչը կփչեր այրերի երկիր Հայաստանս...»: Այդ տղան, կարծեմ, առաջիններից արտագաղթեց, դեռ սովետական երկրից…

1989-ի վերջին նոյեմբերի 7-ն էր: Ցրտոտ էր էլի ու անձրևոտ: Մենք այդ օրը գնում էինք արդեն կամավոր, որ տրիբունայի մոտով անցնելիս խորհրդային վերջին իշխանավորներից «Ղարաբաղ» պահանջենք: 1989-ի նոյեմբերի 7-ին մենք արդեն մոտեցել էինք տրիբունային, երբ մեզնից լավ տեսնողները հասկացան, որ տրիբունա են բարձրացել «Ղարաբաղ» կոմիտեի տղաներն ու կանգնած են կենտկոմի քարտուղարների կողքին: Ինչ երջանկություն ու հաղթանակ էր թվում: Մենք վերցրել էինք տրիբունան, ու բարձրախոսով խոսում էին Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր-Պետորսյանը, կարծեմ՝ Աշոտ Մանուչարյանը:

Ի՜նչ անմեղ երջանկություն էր, հաղթանակի ի՜նչ վաղաժամ զգացում: Ի՜նչ անհամատեղելի սիրելի ու մաքուր էին նայվում «Ղարաբաղ» կոմիտեի տղաները հոկտեմբերյան հեղափոխությամբ կերտված տրիբունայի վրա: Առաջին անգամ նոյեմբերի 7-ին մենք ցնծում էինք հոկտեմբերյան հեղափոխությամբ խեղված մեր պահանջատիրության հաղթանակի առթիվ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: