12 նոյեմբեր, 2015 15:46

Արիֆ Յունուսին ազատել են հենց դատարանի դահլիճում

YunusԱյսօր Բաքվում Վերաքննիչ դատարանի նիստի ընթացքում կալանքից ազատվել է ադրբեջանցի ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկը՝ Արիֆ Յունուսը:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, խափանման միջոցը փոխարինվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատարանի որոշումը հիմնավորվել է Արդարադատության նախարարության գլխավոր բուժհաստատությունից նամակով՝ Յունուսի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ: Արդարադատության նախարարությունը հղում է անում գերմանացի բժշկի եզրակացությանը, որը երկար ժամանակ է՝ հետևում է Արիֆ Յունուսի առողջությանը:

Ինքը՝ Արիֆ Յունուսը, դատարանում հայտարարել է, որ նոյեմբերի 6-ին հացադուլ է հայտարարել և դեղեր չի ընդունում: Իր բողոքը նա հիմնավորել է նրանով, որ իր հիվանդ կնոջը՝ Լեյլա Յունուսին, անհրաժեշտ բժշկական օգնություն չի տրամադրվում:

Դատախազը դեմ է հանդես եկել, սակայն դատարանը խորհրդակցությունից հետո բավարարել է խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը: Յունուսը սկզբից հրաժարվել է դուրս գալ դատարանից՝ նշելով, որ դուրս կգա միայն կնոջ հետ: Դատարանի դահլիճից դուրս գալուց հետո հետ է վերադարձել՝ Լեյլային հրաժեշտ տալու համար:

«Ես չեմ լռելու, պայքարելու եմ այնքան, մինչև Լեյլան ազատ արձակվի»,- լրագրողներին ասել է Արիֆ Յունուսը և հաստատել, որ իր կինը ենթարկվում է ճնշման և կտտանքների:

***

Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Թեոդոր Հեքերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Լեյլա Յունուսին առաջադրվել է պետական դավաճանության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, խոշոր չափի խարդախության և ապօրինի գործարարությամբ զբաղվելու մեղադրանքներ: Արիֆ Յունուսին ներակայացվել է պետական դավաճանության և խոշոր չափի խարդախության մեղադրանք: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը  և ազգային անվտանգության նախարարությունն իրենց համատեղ հայտարարության մեջ հայտարարել են, որ ամուսինները մեղադրվում են նաև Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գործակցելու մեջ:

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Յունուսի դեմ մեղադրանքը հորինված է համարում:

Բաքվի՝ ծանր հանցագործությունների դատարանի դատավճռի համաձայն՝ Լեյլա Յունուսը ազատազրկվել է 8 տարի 6 ամիս, իսկ Արիֆ Յունուսը՝ 7 տարվա ազատազրկման: Դատավճռով նրանց ունեցվածքը առգրավվել է, իսկ բանկային հաշիվներում առկա գումարները փոխանցվել պետական բանկերի հաշիվներին: