13 նոյեմբեր, 2015 18:01

ՊՆ-ում մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն է ստեղծվել

8904ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոն»:

Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, կենտրոնը ստեղծվել է ՊՆ համակարգում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդման և այլ հարակից ոլորտներում իրականացվող գործունեության ծավալի աճով պայմանավորված, աշխատանքների համակարգման ու համադրման, դրանց կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության սահմանման, մարդու իրավունքների և բարեվարքության արժեհամակարգերի վրա խարսխվող կառավարման մշակույթի ներդրման արդյունավետությունն ապահովելու նպատակով:

Կենտրոնի հիմնական լիազորություններն են պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և ղեկավարման էթիկայի փոփոխության ուղղությամբ աշխատանքների կազմակերպումն ու համադրումը՝ միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքացիական հասարակության ու ԲՈՒՀ-երի հետ համագործակցությամբ։

Կենտրոնի ղեկավարումն իրականացնելու նպատակով պաշտպանության նախարարի ավագ օգնականի պաշտոնին է նշանակվել քաղաքական գիտությունների թեկնածու, փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը։