13 նոյեմբեր, 2015 16:59

ԼՂՀ արտգործնախարարը Մոսկվայում հանդես է եկել զեկույցով

111343154218Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը «Արցախի օրեր Մոսկվայում» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 13-ին զեկույցով հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղ. նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ» թեմայով կլոր սեղանի բացմանը։

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակը։ Նա նշել է, որ պաշտոնական Բաքուն հետևողականորեն ցուցադրում է հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ ցանկության ու քաղաքական կամքի բացակայություն և ձեռնարկում քայլեր՝ ուղղված իրավիճակի հետագա սրմանը։ Միրզոյանի խոսքով` այդ մասին վկայում է այն, որ Բաքուն շարունակաբար մերժում է ինչպես շփման գծում իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմերի նախաձեռնությունները, այնպես էլ միջադեպերի հետաքննության մեխանիզմների իրականացման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները։

Կարեն Միրզոյանը ներկայացրել է նաև ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը՝  նշելով, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները միասնական են իրենց վճռականության մեջ՝ շարունակելու 1991թ․ անկախության հանրաքվեին ընտրված և 2006թ․ սահմանադրական հանրաքվեին հաստատված ուղին։ Այս համատեքստում նա ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր է և կարևոր աշխարհաքաղաքական գործոն, որը կայունություն ու խաղաղություն է ապահովում տարածաշրջանում»։

ԼՂՀ արտգործնախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մի շարք արդիական հարցերի, շոշափել միջազգային ահաբեկչության թեման։ Կարեն Միրզոյանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ն բախվել է այս խնդրին դեռևս 1991-1994 թթ․, երբ Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին է ներգրավել հազարավոր օտարերկրյա վարձկանների, այդ թվում՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներից։ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ միջազգային ահաբեկչությունը գլոբալ մարտահրավեր է, որի հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային հանրության համախմբված մոտեցում։