13 նոյեմբեր, 2015 14:00

Հանդուրժող, շատ հանդուրժող Ալիևը

ilham aliyevՎերջերս ադրբեջանական ANS հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել էր, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ անվճար գազ են մատակարարելու Վրաստանի բոլոր կրոնական հաստատություններին, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմում հաստատեցին, որ անվճար գազ են ստանում SOCAR-ից և չեն պատրաստվում հրաժարվել դրանից:

Ադրբեջանից  անվճար գազ ստանալու խնդիրը կարելի է դիտարկել մի քանի հարթության վրա: Նախ, ինչքանով է նպատակահարմար, որ ազգային եկեղեցական կառույցը համաձայնել է բարեգործություն ստանալ մի պետությունից, որն անիմջական սպառնալիք է հայկական պետականությանն ու ազգին:  Ինչքանո՞վ է նպատակահարմար օգտվել ադրբեջանական բարեգործությունից, երբ Ալիևի վարչակարգը գնդակոծում է քո հայրենիքի բնակավայրերն ու սպանում քո ազգային պետության զինվորներին:

Սա թերևս բարոյականության, սկզբունքայնության և ազգային ինքնասիրության խնդիր է: Բարոյակա՞ն է, ադյոք, նվերներ ընդունել Ալիևի վարչակարգից, որը հայատյացությունը դարձրել է ադրբեջանցիների ազգային ինքնության բաղկացուցիչ մաս և ամենօրյա ռեժիմով սպառնում է ոչնչացնել Հայաստանն ու հայերին:

Կարևոր է դիտարկել այդ օգնության քաղաքական նպատակները: Պատահական չէ, որ SOCAR-ի նախագահը Վրաստանի կրոնական կազմակերպություններին անվճար գազ մատակարարելու գաղափարական հենք է համարում հանդուրժողականությունը:

«Պարոն նախագահը [Իլհամ Ալիևը] ցանկանում է, որ Վրաստանում ևս այնպիսի հանդուրժողականություն լինի, ինչպիսին Ադրբեջանում է»,- ասել է Աբդուլաևը:

Ալիևն Ադրբեջանում հայատացությունն ու անհանդուրժողականության մակարդակը հասցրել է կրիտիկական աստիճանի, իր վարչակարգի դեմ հանդես եկող այլախոհներին լցրել բանտերը, սակայն չի խորշում խոսել հանդուրժողականությունից հարևան երկրում:

Վրաստանի կրոնական հաստատություններին անվճար գազ տրամադրելով՝ Ալիևի վարչակարգը փորձում է աշխարհին ներկայանալ որպես հանդուրժողականության մարմնավորում: Իսկ Հայ առաքելական եկեղեցին Ալիևի բարեգործական ծրագրի շահառու դառնալով՝ ակամա միանում է «հանդուրժող», «մարդասեր» Ալիևի կերպարի կերտման գործին:

Զգուշացե՛ք ընծաներ մատուցող դանայացիներից

Իրականում ադրբեջանական քարոզչության կողմից արդեն երեք տարի տևող բարեգործության մասին տեղեկատվության թարմացումը հեռուն գնացող այլ նպատակներ ունի: Բացի հանդուրժողական և մարդասեր Իլհամ Ալիևի կերպարի կերտումից՝ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ ճնշումներ բանեցնել վրացական իշխանությունների վրա: Հայտնի է, որ վրացական իշխանությունները փորձում են դիվերսիֆիկացնել էներգետիկ աղբյուրները: Այդ նպատակով բանակցություններ են վարում ռուսական «Գազպրոմի», ինչպես նաև Իրանի հետ: Ի դեպ, իրանական գազը համաձայնության ձեռքբերման դեպքում Վրաստան կմտնի Հայաստանի տարածքով:

Ուստի Ադրբեջանը շատ մեծ խանդով է հետևում Վրաստանի էներգետիկ մանևրներին և ամեն կերպ փորձում է տապալած լինել այդ գործընթացը: Էներգակիրների մատակարարման մենաշնորհի պահպանումը Ադրբեջանին հսկայական լծակներ է տալիս Վրաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար: Հիմա ադրբեջանական կողմը փորձում է շահարկել ամեն ինչ, ընդհուպ մինև SOCAR-ի կողմից իրականացվող բարեգործությունը: Ցույց տալու համար, թե ինչքան հանդուրժող է ադրբեջանական բիզնեսը Վրաստանում, ինչպիսի  սոցիալական բաղադրիչ ունի և հայցում է Վրաստանի կրոնական կազմակերպությունների առնվազն հոգեբանական աջակցությունը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: