14 նոյեմբեր, 2015 08:51

Ֆրանսիան ապրեց իր պատմության ամենասոսկալի գիշերներից մեկը

upload-2015-11-13T222442Z_1144645073_GF20000058427_RTRMADP_3_FRANCE-SHOOTING-pic4_zoom-1500x1500-51516Այս գիշեր Ֆրանսիան ապրեց իր պատմության ամենասարսափելի ահաբեկչություններից մեկը, որի հետևանքով զոհվել է շուրջ 150 հոգի:

Նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչները Փարիզում իրականացրել են վեց-յոթ՝ գրեթե միաժամանակյա ահաբեկչական գործողություն: Դրանց արդյունքում, նախնական տվյալներով, զոհվել է մոտ 150 մարդ: Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը:

Առաջին դեպքը գրանցվել է Ֆրանսիայի Ազգային մարզադաշտում (Stade de France) ընթացող Ֆրանսիա-Գերմանիա ընկերական ֆուտբոլային խաղի ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուններ են իրականացվել մարզադաշտի մոտ: Նախագահ Օլանդը վնասվածք չի ստացել և անմիջապես տեղափոխվել է մարզադաշտից, ինչից հետո անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել: Ֆուտբոլային խաղին ներկա են եղել նաև Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսը և Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը:

Մեկ այլ հարձակում է իրականացվել Փարիզի Բատակլան թատրոնում տեղի ունեցող համերգի ընթացքում: Տասնյակ հանդիսատեսներ սպանվել են, մոտ 100-ը պատանդ վերցվել:

Հարձակումներ են իրականացվել նաև Փարիզի առնվազն երկու սրճարաններում:

Ականատեսների վկայությամբ՝ անհայտ մի անձ ժամը 22:10-ի մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգով մտել է «Փոքրիկ Կամբոջա» ռեստորան և «Ալլահ աքբար» բացկանչություններով սկսել կրակել այցելուների վրա: Նմանատիպ հարձակում է իրականացվել նաև «Կարիյոն» անունը կրող սրճարանի վրա:

2015-11-13T223553Z_2001948438_GF20000058447_RTRMADP_3_FRANCE-SHOOTING-pic4_zoom-1500x1500-66835

Նույն ժամանակ ահաբեկիչների խումբ է ներխուժել «Բատակլան» թատրոն, որտեղ ընթանում էր ամերիկյան ռոք խմբի համերգ: Սկզբում ահաբեկիչները օդ են կրակել, հետո՝ դահլիճից փախչող մարդկանց վրա: Կրակելով՝ ահաբեկիչները գոչել են «Սիրիայի համար»:

Ավելի ուշ հաղորդվեց Ժորժ Պոմպիդուի անվան Ֆրանսիայի ազգային մշակույթի և արվեստի կենտրոնի վրա հարձակումների մասին: Մեկ այլ պայթյուն է իրականացվել Les Halles առևտրի կենտրոնի մոտ:

Նախագահ Օլանդը Ֆրանսիայի ժողովրդին ուղերձ հղելով՝ երկրում հայտարարեց արտակարգ իրավիճակ: Փակվեցին երկրի սահմանները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս Սպիտակ տանը հրավիրեց հրատապ մամուլի ասուլիսի ընթացքում իր զորակցությունը հայտնեց Ֆրանսուա Օլանդին` հարձակումները որակելով հանցագործություն ոչ միայն Ֆրանսիայի ժողովրդի, այլև մարդկության դեմ:

Երբ Բատակլան թատրոնում Ֆրանսիայի ոստիկանության հատուկ ուժերն սկսել են պատանդներին փրկելու գործողությունը՝ սպանելով երկու ահաբեկչի, կենդանի մնացած ահաբեկիչներից մեկը սկսել է կրակել պատանդների վրա: Ոստիկանությունը գործողությունն ավարտելուց հետո պատանդներին դուրս է բերել թատրոնից: Թատրոնի հարևանությամբ սրճարանում բժիշկները բժշկական կետ են ստեղծել՝ առաջին օգնություն հատկացնելով տուժածներին: AFP-ի հաղորդմամբ՝ միայն համերգասրահում սպանվածների թիվը 100-ին մոտ է:

Նյու Յորքի, Դալասի և Լոնդոնի նշանավոր շենքերն այս գիշեր Ֆրանսիայի դրոշի գույներով էին լուսավորված...

12243312_1129443920458816_5326063427531969293_n