18 նոյեմբեր, 2015 11:51

Չէ՞ որ իշխանության համար պայքարը չարիք է

Կառավարման համակարգըԺամանակն է փոխել պայքարի տրամաբանությունը, ժամանակն է փոխել պայքարի տրամադրությունը, ասա' ԱՅՈ փոփոխություններին:

Posted by ՀՀԿ ԵԿ / Youth of the Republican Party of Armenia on Thursday, November 12, 2015

Իշխող Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը «Ժամանակն է փոխել պայքարի տրամաբանությունը, ասա՛ ԱՅՈ փոփոխություններին» խորագրով քարոզչական տեսանյութ է պատրաստել, որում տեղ գտած հայտարարություններն ու պնդումներն առնվազն տարակուսանք են առաջացնում: Դրանք ներծծված են բոլշևիկա-ուտոպիստական գաղափարախոսությամբ:

Օրինակ, բոլշևիկները խոստանում էին, որ խորհրդային հասարակարգում բոլորը հավասար են լինելու՝ չեն լինելու հարուստներ ու աղքատներ: 21-րդ դարում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, պահպանելով բոլշևիկյան քարոզչության լավագույն ավանդույթները, հայտարարում է, որ իշխանությունը լինելու է բոլորինը, դե... համարյա բոլորինը, այն կուսկացություններինը, որոնք անցել են խորհրդարան:

«Չեն լինի պարտվողներ, կլինի իշխանության համաչափ բաժանում»,- հայտարարում է ՀՀԿ-ն իր քորոզչական տեսահոլովակում: Քարոզչական տեսանյութը դիտելուց կարելի է կարծել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո վերանալու է նաև ընդդիմությունը, համենայնդեպս՝ խորհրդարանական ընդդիմությունը. «Անկախ ստացած ձայներից՝ Ազգային ժողով անցած բոլոր քաղաքական ուժերը ՝ մեծ, թե փոքր, կմասնակցեն ու ներկայացված կլինեն իշխանության մեջ»,- ավետում են ՀՀԿ-ակաները, բնականաբար կոչ անելով «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: Այս հայտարարությունը Սերժ Սարգսյանի լեզվով նշանակում է. «Քաղաքական ուժեր, «այո» ասեք նոր Սահմանադրությանը, և բոլորիդ, ով հայտնվեց խորհրդարանում, մի բան կտամ՝ կզբաղվեք, տուն կպահեք»:

Չբվարարվելով բոլշևիկա-ուտոպիստական կոչերով՝ ՀՀԿ-ական քարոզիչները հանդես են գալիս օլիմպիական կարգախոսով: Նշելով նոր Սահմանադրության առավելությունները՝ նրանք հայտարարում են. «Առաջին անգամ ընտրություններին կարևոր կլինի ոչ թե հաղթանակը, այլ մասնակցությունը»: Փաստացի նոր Սահմանադրության հաստատման դեպքում Հայաստանում ընտրությունները վերածվելու են օլիմպիական մրցավազքի, և այդ մրցավազքի յուրաքանչյուր մասնակից իրեն երջանիկ է զգալու:

Իսկ վերջում, ի հեճուկս քաղաքագիտության, հայտարարում են. «Նախագահական և կիսանախագահական համակարգերով արդեն 20 տարի քաղաքական ուժերը պայքարում են մեկ բանի համար՝ իշխանության: Նոր սահմանադրությամբ դա կվերանա»: Եթե որևէ զարգացած երկրում ինչ-որ մեկը հայտարարեր, որ քաղաքական կուսակցություններն ու գործիչները չպետք է պայքարեն իշխանության համար և, ավելին, դա պետք է վերացնել, ապա նրան առնվազն կմեկուսացնեին հոգեբուժարանում:

Սակայն Հայաստանում նման հայտարարություններ անում են քարոզչական տեսահոլովակներում: ՀՀԿ-ի համար իշխանության համար պայքարը վատ բան է, ավելին՝ բոլոր չարիքների աղբյուրը, ուստի պետք է վերացնել իշխանության համար պայքարը Հայաստանի քաղաքական պրակտիկայից: Ապրել հաշտ, համերաշխ, բայց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության ներքո. չէ՞ որ իշխանության համար պայքարը չարիք է:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: