19 նոյեմբեր, 2015 11:46

Ցիպրասն ու Դավութօղլուն քննարկել են փախստականների ճգնաժամը

Tsipras Davutoglu Հունական պարբերականը գրել է, որ հանդիպման մթնոլորտը ջերմ էր:

Ե՛վ Թուրքիան, և՛ Հունաստանը սիրիական ճգնաժամի տուժածներն են, ոչ թե պատասխանատուները. նոյեմբերի 18-ին Անկարայում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ անդրադառնալով հարյուր հազարավոր այն փախստականների և ներգաղթյալների հարցին, որոնք ուղևորվում են Եվրոպա՝ Թուրքիայի տարածքից անցնելով դեպի հունական կղզիներ:

«Որպես տուժած կողմեր, որպես այս խնդիրներին առերեսվող կողմեր՝ մենք որոշել ենք երկկողմ համատեղ աշխատանք տանել»,- ասել է Դավութօղլուն: Վերջինս նշել է, որ երկու երկրները համաձայն չեն, որ ամբողջ բեռը պետք է երկուսով կիսեն:

Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Հունաստանի և Թուրքիայի վարչապետները պայմանավորվել են համապատասխան նախարարությունների միջև մեխանիզմների և աշխատանքային խմբերի ստեղծման շուրջ՝ ներգաղթյալների ճգնաժամին դիմագրավելու նպատակով:

«Մեզ համար գերակա է Էգեյան ծովում մարդասիրական աղետին վերջ դնելը: Մեզ անհրաժեշտ է անել ավելի շատ քայլեր համակարգման և փոխըմբռնման ուղղությամբ՝ պայքարելու մաքսանենգ ճանապարհով փախստականներին տեղափոխող օղակների դեմ. նրանք առանց վարանելու վտանգի են ենթարկում մարդկային կյանքերը»,- ասել է Ցիպրասը ու տեղեկացրել, որ Հունաստանի և Թուրքիայի առափնյա պահակախմբերի միջև համագործակցությունը կսկսվի «անմիջապես»:

Ցիպրասն առաջարկում է Թուրքիայում «թեժ կետեր» ստեղծել

Հունաստանի վարչապետը վերահաստատել է Դավութօղլուի այն միտքը, որ փախստականների ճգնաժամը միայն Թուրքիայի և Հունաստանի խնդիրը չէ. Եվրոպան նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնի:

Նա նաև հանդես է եկել ավելի վաղ Եվրամիությանն առաջարկած այն ծրագրով, որ Սիրիայի հարևան երկրներում հիմնվեն «թեժ կետեր»՝ ներգաղթյալներին գրանցելու համար:

Ինչպես ընդգծում է հունական Ekathimerini կայքը, Ցիպրասին կարծես չի հաջողվել Դավութօղլուին համոզել փախստականների տեղակայման կետեր ստեղծել Թուրքիայում և ոչ Հունաստանում:

Boo Minute Silence Ցիպրասն ու Դավութօղլուն ներկա են գտնվել Հունաստան-Թուրքիա ընկերական ֆուտբոլային հանդիպմանը:

«Աթենքը վերջին շաբաթներին հայտարարում է, որ սա կլիներ խնդիրը հաղթահարելու լավագույն տարբերակը, սակայն Դավութօղլուն կարծես անտեսել է այդ առաջարկը և դրա փոխարեն ընդգծել Սիրիայում պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը»,- գրում է հունական պարբերականը ու հավելում, որ Ցիպրասի և Դավութօղլուի բանակցություններում տիրող մթնոլորտը բավական «ջերմ էր»:

Հունաստանի և Թուրքիայի վարչապետների բանակցությունների մյուս հարցը Կիպրոսի վերամիավորումն էր: Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիայի և Հունաստանի համար Կիպրոսի բաժանման հարցում գործելու հնարավորության նոր պատուհան է բացվում: Նա հույս է հայտնել, որ Աթենքն ավելի շատ կաջակցի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին:

Նոյեմբերի 17-ին Թուրքիա ժամանած Ալեքսիս Ցիպրասը ներկա է գտնվել Հունաստան-Թուրքիա ընկերական ֆուտբոլային խաղին, որի մեկնարկից առաջ Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին լռության րոպեն խախտվել է թուրք երկրպագուների սուլոցներով:

Այս տարի ավելի քան 650 հազար պատերազմից մազապուրծ փախստականներ Հունաստանի տարածքով հասել են Եվրոպա: Հազարավոր ներգաղթյալներ, դառնալով մաքսանենգների զոհ, խեղդվել են ծովում: