23 նոյեմբեր, 2015 10:06

Տնտեսական ոլորտում կարող ենք անել շատ ավելին. դեսպան Շարպանտիե

««Օրանժի» հեռացման պես երկրորդ օրինակը կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի միջազգային հեղինակության վրա»,- ասում է դեսպան Շարպանտիեն: ««Օրանժի» հեռացման պես երկրորդ օրինակը կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի միջազգային հեղինակության վրա»,- ասում է դեսպան Շարպանտիեն:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն համոզված է՝ նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունները չեն փոխի Ֆրանսիան, իր երկիրը կշարունակի ներգաղթի քաղաքականությունը: Դեսպան Շարպանտիեն ՍիվիլՆեթի հետ զրուցել է ահաբեկչության, հայ-ֆրանսիական և հայ-եվրոպական հարաբերությունների, Հայաստանում Ֆրանսիայի տնտեսական դերակատարության և այլ հարցերի շուրջ: Զրույցի խմբագրված տեքստային տարբերակը ներկայացված է ստորև:

Ահաբեկչության մասին

- Փարիզում տեղի ունեցած հարձակումները ևս մեկ անգամ ընդգծեցին ոչ պետական խմբավորումների կողմից ահաբեկչության տարածման խնդիրը: Դա ցնցող էր աշխարհի համար, քանի որ տեղի ունեցավ Փարիզում ու մի երկրում, որը հայտնի է իր խաղաղասիրությամբ, ժողովրդավարությամբ ու ներգրավմամբ: Երեկ [նոյեմբերի 18] նախագահ Ֆրանսուա Օլանդը նշեց, որ Ֆրասիան չի փոխվի այս հարձակումներից հետո, որ երկիրը կշարունակի ընդունել փախստականներին, և Ֆրանսիան եվրոպական այն երկրներից է, որը շարունակում է ընդունել փախստականներին Մերձավոր Արևելքից: Ի՞նչն է հետաքրքիր մեզ համար. երբ հայացք ենք նետում Երևանից, հետևյալն է` ինչո՞ւ հենց Ֆրանսիան, ինչո՞ւ հենց Ֆրանսիան էր թիրախ:

- Կպատասխանեմ երկու մասով: Ինչո՞ւ Ֆրանսիան: Որովհետև միջազգային հանրության մեջ Ֆրանսիան ունի շատ հստակ արտահայտված դիրքորոշում սիրիական ճգնաժամի լուծման վերաբերյալ: Ֆրանսիան դաշնային ուժերի հետ մասնակցում է Սիրիայում ռմբակոծություններին, և որպես այդպիսին, բնականաբար հանդիսանում է թիրախ: Այդ ամենը կատարվում է տարբեր ահաբեկչական ցանցերի միջոցով, որոնք հավաքագրում են նոր անդամներ՝ փաստորեն նաև ֆրանսիական ծագման:

Ահաբեկչական այս վերջին գործողությունների ժամանակ մահացած կամ որոնման մեջ գտնվող ահաբեկիչները ֆրանսիական և կամ բելգիական ծագում ունեցող քաղաքացիներ են: Այդ ցանցերը գործում են Ֆրանսիայում, և հեշտ է ահաբեկիչների համար դրանք ակտիվացնել պետք եղածին պես:

Դժբախտաբար, մենք հունվարին ականատես եղանք, երբ հարձակում եղավ Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրությունում, հետո «Կաշեր» սուպերմարկետում. իսկ այս ամառ եղավ Ամստերդամ-Փարիզ երկաթուղու ձախողված ահաբեկչական փորձը:

Ձեր հարցին պատասխանի երկրորդ մասը` դժբախտաբար միայն Ֆրանսիան չէ թիրախում: Ականատես եղանք դրան մի քանի օր առաջ` ավելի քան 40 զոհ Լիբանանում, դրանից առաջ ռուսական ինքնաթիռն էր Եգիպտոսում՝ ավելի քան 200 հոգի զոհ: Ավելի վաղ նման հարձակումներ էին եղել Թունիսում ու Դանիայում, և շատ այլ երկրներում: Սա մեզ բոլորիս առջև է հառնում, ու ահա թե ինչու նախագահ Օլանդը որոշեց այցելել Վաշինգտոն՝ երեքշաբթի, ապա Մոսկվա՝ հինգշաբթի,  համախմբել միջազգային հանրության ուժերը ահաբեկչության դեմ պայքարի շուրջ:

- Արդյոք միջազգային հանրությունը ուշադրություն դարձնո՞ւմ է ոչ միայն հետևանքներին, այլև պատճառներին, «Իսլամական պետության» վերելքի պատճառներին և այն սպառնալիքին, որ այժմ այն ներկայացնում է ողջ աշխարհի համար, բնականաբար, նաև արևմտյան երկրների համար: Արդյո՞ք սա արևմտյան ուժերի օրակարգի մաս է: Օրակարգում կ՞ա արդյոք նաև պատճառը ու ոչ միայն հետևանքը:

- Իհարկե, սա է դրված նժարին:  Այսօր մեզ բոլորիս առջև ծառացած խնդիրը պայքարելն է չարիքի արմատների դեմ: Մենք բնականաբար խոսում ենք Իսլամական պետության մասին, սակայն կան նաև միջազգային ահաբեկչական այլ շարժումներ, որոնք  իրենց տեսադաշտից չեն անտեսում Մերձավոր Արևելքը, Եվրոպան, Աֆրիկան, ներառյալ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Նիգերիան ու Մալին:

Այդ պատճառով անհրաժեշտ է միջազգային համախմբում` ահաբեկչության դեմ պայքարելու համար: Սա է կոչը, որ պետք է բարձրաձայնել այսօր:

- Ի՞նչ եք կարծում, արդյոք մտավախություն կա՞, որ Եվրոպան, Փարիզի սարսափելի այս հարձակումից հետո սկսի հարել աջակողմյաններին, ավելի պահպանողական մոտեցում որդեգրի և միգուցե պաշտպանողական քաղաքականություն դրսևորի փախստականների այս ճգնաժամի հետ գործ ունենալիս:

- Կա նման ռիսկ, որ հանրային կարծիքը կդառնա ավելի ու ավելի կասկածամիտ ներգաղթի և փախստականների ճգնաժամի շուրջ, որի առջև ներկայում կանգնած է Եվրոպան: Հնարավոր է դա հանգեցնի նաև պարոքիալիզմի:

Ահա թե ինչու իսկապես աշխատանքի մեծ բաժին է ընկնում ոչ միայն իշխանություններին, այլև լրագրողներին` ճիշտ ուղերձը հասցնելու համար: Մենք պետք է խուսափենք շփոթմունքից: Ներգաղթյալը ահաբեկիչ չէ: Ֆրանսիայում արձագանքները ճիշտ ուղու վրա են, նկատի ունեմ` նրանք չեն շփոթում: Կրոնական արմատականությամբ տարված է մի շատ փոքր փոքրամասնություն: Շատ վնասակար, բայց փոքրաքանակ մարդիկ:

Ես բավական վստահ եմ: Հանդուրժողականության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և ժողովրդավարության սկզբունքները բավական խոր արմատներ ունեն մեր քաղաքական ավանդույթի մեջ` դրանցից հրաժարվելու համար:

Հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին

- Խոսենք հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում: Շատ կարճ ասեմ` ինչպես գիտենք, 2013-ի սեպտեմբերին Հայաստանը որոշեց չստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, հակառակը, որոշեց միանալ ՌԴ-ի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը: Եվ այժմ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է: Եվ բոլորովին վերջերս հայտարարվեց, որ կլինի նոր ձևաչափ` ԵՄ-ն Հայաստանին նոր հնարավորություն է ընձեռում` որոշելու, թե ինչպես է նա ցանկանում զարգացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այսպիսով, ինչպե՞ս եք դիտարկում Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները այդ համատեքստում:

-Ինձ մեծ գոհունակություն են պատճառել Ռիգայում կայացած գագաթաժողովի ամփոփումները, ինչը հնարավորություններ բացեց Եվրամիության ու Հայաստանի միջև նոր համաձայնությունների, որոնք հուսով ենք կլինեն հավակնոտ:

Ուրախ եմ, քանի որ այն հետևում է Ֆրանսիայի` ի սկզբանե ունեցած տեսլականին: Այն պահից, երբ Հայաստանը որոշեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը 2013թ., Ֆրանսիան ասաց, որ դա անկախ պետության կողմից կայացրած որոշում է, բայցևայնպես, մենք կողմնակից էինք, որ չկտրվեցին այն թելերը, որոնցով Հայաստանը, բնականաբար, ցանկանում էր անպայման իր կապը պահել ԵՄ-ի հետ: Այս դիրքորոշումն էր որդեգրվել:

ԵՄ-ի ու Հայաստանի միջև այս համաձայնությունից մենք ակնկալում ենք պահպանել համագործակցության բարձրագույն մակարդակ մշակութային, քաղաքական ու հատկապես տնտեսական բնագավառներում:

Սա մեզ թույլ կտա խթանել տնտեսական համագործակցությունը բոլոր բնագավառներում, որտեղ Հայաստանը կարիք կունենա Եվրամիության կուտակած փորձի և տեխնոլոգիաների՝ արդիականացնելու իր ենթակառուցվածքներն  ու տնտեսությունը: Վստահ եմ, որ ԵՄ-ն կարող է դեր խաղալ այդ գործում:

Մյուս բնագավառը, որում Ֆրանսիան ու ԵՄ-ն կարող են դրական դեր ունենալ, ինստիտուցիոնալ համագործակցությունն է: Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել հայաստանյան իշխանություններին ստանձնած բարեփոխումների իրականացման գործընթացում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը կամ դատավորների վերապատրաստումը, խտրականության դեմ պայքարը, ընտանեկան բռնության դեմ պայքարը: Սրանք շատ կարևոր թեմաներ են, որոնց ուղղությամբ Հայաստանը աշխատանքներ է տանում, և համոզված եմ, որ ԵՄ-ն ու Ֆրանսիան կարող են աջակցություն ցուցաբերել:

Տնտեսության մասին

- Խոսելով տնտեսության մասին, անշուշտ, մի կողմ թողնելով Հայաստանի պարտավորությունները, կարո՞ղ են Ֆրանսիան, ԵՄ-ն քաջալերել ՀՀ կառավարությանը, և արդյո՞ք պետք է քաջալերեն, ստեղծելու պայմաններ երկրում` օտարերկրյա ներդրումների համար: Ֆրանսիան այն երկրներից է, որ ներդրումներ է կատարել Հայաստանում: Դժբախտաբար, մի շարք գլոբալ ցուցանիշներով` մասնավորապես, բիզնեսով զբաղվելու և կաշառակերության, երկրում օրենքի գերակայության,- սրանք բոլորը օտարերկրյա ներդրումների համար խոչընդոտներ են: Արդյոք Ֆրանսիան, ԵՄ-ն պատրա՞ստ են քաջալերել ՀՀ կառավարությանը այսպես ասած՝ խոհանոցը մաքրելու հարցում:

- Ինչպես գիտեք, ՌԴ-ից հետո Ֆրանսիան երկրորդ խոշոր ներդրողն է Հայաստանում: Հետևաբար, Հայաստանի գրավչությունը որպես այդպիսին, չի կարող մեզ չհետաքրքրել: Պատասխանը ձեր հարցին շատ ընդհանրական է: Տնտեսության օրենքներն այսօր բացառություն չեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Ֆրանսիայի համար:

Ժամանակակից աշխարհում կապիտալը շատ արագ է տեղաշարժվում: Իսկ ո՞ւր է գնում:

Գնում է այն գրավիչ երկրները, որտեղ հնարավորինս արագ շահութաբերություն է ապահովում: Ոչ մի երկիր չի շեղվում այս կանոնից: Ֆրանսիական ներդրողները գալիս են Հայաստան ոչ այն պատճառով, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև դարավոր կամ շատ վաղուց ստեղծված բարեկամություն կա, այլ որովհետև կա գրավչություն:

Իսկ արտաքին ներդրումներ գրավելու պայմաններն են՝ առաջին հերթին խաղի հավասար կանոններ, իրավական տեսանկյունից՝ անվտանգություն, հարկային հստակ մեխանիզմ ու թափանցիկություն:

Կցանկանայի երկու բան նշել. նախ, հղում կատարեմ բոլորովին վերջերս ԱՄՆ դեսպանի հայտնած կարծիքին՝ մի բան, որ գործում է, ընդունված է ԱՄՆ-ի կողմից, ընդունված է նաև ԵՄ-ի կողմից և ցանկացած պոտենցիալ ներդրողի կողմից: [Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հանդես է գալիս Հայաստանում կոռուպցիայի դեմ անողոք պայքար սկսելու դիրքերից – խմբ.]:

Հայաստանի գրավչության բարձրացման համար մենք ԵՄ շրջանակներում  համագործակցում ենք «Բիզնեսֆրանս» կազմակերպությունից խորհրդատուի հետ, որն աշխատում է Զարգացման հայկական հիմնադրամի հետ: Նա այստեղ է արդեն շուրջ մեկ ամիս, և կշարունակի տրամադրել խորհրդատվություն, մնալով մեկ ու կես տարի:

- Շատ լավ: Սակայն մի հարց կա: «Օրանժը»` ֆրանսիական հեռահաղորդակցական ընկերությունը, մուտք գործեց հայկական շուկա, մեծ ոգևորություն առաջացրեց, բերեց նոր տեխնոլոգիաներ` օգնելով ստեղծել ավելի մրցունակ ոլորտ հեռահաղորդակցության շուկայում: Ավաղ, այն գնվեց մեկ այլ, հայկական ընկերության կողմից: Այսպիսով, հիմա «Օրանժը», չնայած անունը դեռ գոյություն ունի, այլևս ֆրանսիական ընկերություն չէ: Եվ, իհարկե, բազմաթիվ խոսակցություններ կային «Կարֆուրի» շուրջ՝ հիպերմարկետների միջազգային ցանցի, և այժմ մտահոգություն է հնչում, որ «Կարֆուրը» ևս կվաճառվի՝ դառնալով ֆրանսիական մեկ այլ ընկերություն, որը չգոյատևեց հայկական շուկայում: Եվ սա նույնպես ահազանգ է: Ինչպե՞ս կգնահատեիք այս ընկերությունների դիրքորոշումը:

- Ես խորապես ափսոսում եմ, որ «Օրանժը» որոշեց դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում: «Օրանժը» իր գոյության տարիների ընթացքում շատ բան արեց Հայաստանում, աշխատատեղերի բացումից մինչև վերապատրաստումներ:

Հիմա սա արդեն անցյալի գրկում է, սակայն պետք է ընդունենք, որ այն այդքան էլ դրական ազդակ չուղարկեց միջազգային տնտեսական հանրությանը:

Արտաքին ներդրումներ գրավելու պայմաններն են՝ առաջին հերթին խաղի հավասար կանոններ, իրավական տեսանկյունից՝ անվտանգություն, հարկային հստակ մեխանիզմ ու թափանցիկություն:
Ես կցանկանայի, որ Հայաստանում գործող միջազգային ընկերությունները հաջող ծավալեին իրենց գործունեությունը: Ինչ վերաբերում է «Կարֆուրին», երևի թե ուղղակիորեն հարկ կլինի դիմել հենց «Կարֆուրի» տնօրինությանը, քանի որ ես չունեմ տեղեկատվություն ներսից:

Իհարկե, որքան Հայաստանում հաստատված տնտեսական գործունեություն ծավալող ձեռնարկություններն իրենց նպաստավոր պայմաններում զգան, այնքան միջազգային ասպարեզում արձագանքն ավելի դրական է լինելու, և քաջալերելու են, որ ավելի շատ ձեռնարկություններ գան Հայաստան: «Օրանժի» հեռացման պես երկրորդ օրինակը կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի միջազգային հեղինակության վրա:

- Եվ վերջին հարցը, պարոն դեսպան: Ցանկացած դեսպան ունի իր որոշակի հետաքրքրվածությունը: Ինչ բնագավառների վրա եք կենտրոնացնելու Ձեր ուշադրությունը՝ որպես դեսպան Հայաստանում՝ Ձեր նախատեսվող ժամկետի ընթացքում:

- Երկու կետ: Նախ, ինչպես նշեցի, զարկ տալ տնտեսական հարաբերություններին: Հաշվի առնելով Հայաստան-Ֆրանսիա քաղաքական ամուր կապերը՝ մենք կարող ենք անել շատ ավելին տնտեսական ոլորտում:

Երկրորդ՝ քաջալերել հայերին ու Հայաստանին վերականգնելու իրենց ֆրանկոֆոն ավանդույթները: Ավաղ, թվերը այդքան էլ լավատեսական չեն: Հայաստանում անկախության տարիներին ֆրանսերեն սովորողների թիվը 90 000 էր, այսօր այդ թիվը գրեթե 30 000 է:

Մենք գտնվում ենք մի շատ ֆրանկոֆիլ երկրում, որտեղ ֆրանսերենի ուսուցումն ու գործածությունը կորցրել են հիմքերը՝ բացի Երևանից, որտեղ ականատես ենք դանդաղ վերելքի վերջին 2-3 տարիների ընթացքում:

Հայաստանը պատմականորեն շատ ֆրանկոֆիլ երկիր է, և բոլորովին վերջերս դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: Չեմ խորանա մանրամասների մեջ, սակայն բնականաբար մենք հենվում ենք Հայաստանում ֆրանսիական համալսարանի և երկլեզու դպրոցների վրա, ինչպիսին օրինակ, Երևանի թիվ 119 դպրոցն է: Մենք նաև հենվում ենք երիտասարդ հայերի` Ֆրանսիայում ուսում ստանալու հնարավորության վրա:

Ավելի շատ մարդիկ պետք է տեղեկացվեն, որ կարող են գնալ, ուսումնառություն կամ փորձառնություն անցնել Ֆրանսիայում, ստանալով մասնագիտացում ոչ միայն ավանդական առարկաների՝ գրականության, պատմության և այլնի, այլև գիտության բնագավառում՝ ճարտարագիտության, մաթեմատիկայի, կամ լրագրության ու քաղաքագիտության: Ֆրանսիա ուսանելու մեկնած հայերից շատ քչերն են նախընտրում այդ բնագավառներում ուսանել: Սա է մեր նպատակը:

- Դեսպան Շարպանտիե, շնորհակալ եմ Ձեր, անկասկած, զբաղված գրաֆիկի մեջ ժամանակ գտնելու և մեզ հյուրընկալվելու, Փարիզում անցյալ շաբաթ տեղի ունեցածի և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների մասին մեզ հետ զրուցելու համար:

- Մեծագույն հաճույքով: Ձեզ շնորհակալություն:

Զրուցել է Մարիա Թիթիզյանը