23 նոյեմբեր, 2015 13:15

Պուտինը մեկնում է Իրան

Putin RouhaniՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին մեկնում է Իրան. սա վերջին ութ տարում Պուտինի առաջին այցն է Թեհրան, որտեղ կայանալու է Գազ արտահանող երկրների ֆորումը (GECF):

Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, Թեհրանում Պուտինը երկկողմ հանդիպումներ է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի, գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ:

Նախօրեին Կրեմլը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բոլոր առանցքային կողմերը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը, փոխգործակցությունը էներգետիկ և ռազմատեխնիկական ոլորտներում:

Այցի ընթացքում Վլադիմիր Պուտինին ուղեկցելու է «Գազպրոմ» գազային հսկայի ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու «Ռոսնեֆտ» նավթային ընկերության ղեկավար Իգոր Սեչինը: Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, բանակցություններում խոսքը գնալու է իրանական նավթային հանքավայրերի յուրացման, Իրանում իրագործվող նախագծերին ռուսաստանյան ընկերությունների մասնակցության մասին:

Իրանական IRNA գործակալությունը գրում է, որ իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումներում Պուտինը, ի թիվս այլ հարցերի, քննարկելու է նաև պայքարը «Իսլամական պետության» դեմ և իրավիճակը Սիրիայում:

Գազ արտահանող երկրների ֆորումի կազմի մեջ մտնում են բնական գազի արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունեցող երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Բոլիվիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Կատարը, Լիբիան, Նիգերիան, Տրինիդադը և Տոբագոն, Էկվատորիալ Գվինեան: Վեց երկրներ, ինչպիսիք են Օմանը, Նիդեռլանդները, Պերուն, Նորվեգիան, Ղազախստանը և Իրաքը դիտորդներ են: