24 նոյեմբեր, 2015 18:14

Հրեշը սկսում է կծել սեփական պոչը

hhkՀամապետական յուրաքանչյուր ընտրության ժամանակ իշխանությունների համար հզոր գործիք է եղել վարչական ռեսուրսը: Այդ ռեսուրսի շնորհիվ հնարավոր է եղել զգալի քվեների ծավալ ապահովել իշխանության օգտին, ինչը և որոշիչ նշանակություն է ունեցել:

Դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեից առաջ ևս իշխանությունը պատրաստվում է ամբողջ ծավալով օգտագործել վարչական ռեսուրսը: Վարչական ռեսուրս ասելով՝ հասկանում ենք հիմնականում բյուջետային ֆինանսավորում ստացող հիմնարկները, պետական կառավարչական մարմինները, տեղական ինքնակառավարման և նրանց ենթակայության տակ գտնվող մարմինները: Ինչքան էլ տարօրինակ հնչի, վարչական ռեսուրս ասվածի տակ տեղավորվում են նաև երկրի խոշոր ընկերություններն ու օլիգարխիային պատկանող ձեռնարկությունները:

Այդ հաստատությունների աշխատակիցներին ստիպելով ու համոզելով՝ ուղղորդում են քվեարկելու համաձայն իշխանության դիրքորոշման: Աշխատանքից ազատելու սպառնալիքով հավաքվում են անձագրեր, պահանջվում են ֆիքսված քանակով անձնագրերի պատճեններ և այլն: Գյուղական բնակավայրերում ևս իշխանությունը աշխատեցնում է վարչական ռեսուրսը համայնքապետերի միջոցով: Այստեղ քաղաքացիների որոշման վրա ազդելու բազմաթիվ հնարքներ են կիրառվում՝ սկսած պարարտանյութ տրամադրել-չտրամադրելուց, գազաֆիկացման խոստումից, մինչև իշխանության հանձարարականները կատարելու դեպքում գյուղին լավ աչքով նայելու խոստումը:

Իհարկե, գործնականում շատ դժվար է վերահսկել, թե քաղաքացիները փակ քվեախցում ինչ դիրքորոշում են հայտնել, սակայն հոգեբանական ազդեցությունը բավական մեծ է, և շատերը հլու-հնազանդ կատարում են վերադասի հանձնարարականները:

Վարչական ռեսուրսն արդյունավետ աշխատում է այն ժամանակ, երբ քաղաքացիները իրականում կորցնելու բան ունեն: Ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ ճնշման օբյեկտ հանդիսացող քաղաքացին՝ լինի բյուջետային աշխատող, թե գյուղի բնակիչ, դադարում է վախենալ, և հոգեբանական ազդեցության առումով անընկալունակ է դառնում: Պատճառը շատ պարզ է. նա մեծ հաշվով կորցնելու բան չունի:

Երկրում, որը իշխանության գործուն ջանքերով կանգնած է սոցիալ-տնտեսական աղետի առաջ, որտեղ տնտեսական աճը միայն թղթի վրա է արտահայտված, միջին վիճակագրական քաղաքացին սկսում է առաջնորդվել ճգնաժամային հոգեբանությամբ: Գալիս է պահ, երբ ընդհանուր աղետալի վիճակը սկսում է ճնշել անհատապես: Հասկանալի է դառնում, որ, օրինակ, բյուջետային ինչ-որ հիմնարկում աշխատանք պահել-չպահելը մեծ հաշվով իր խնդիրը չի լուծում: Դժվար է վարկերի ու պարտքերի տակ կքած, մի կերպ գոյություն քարշ տվող գյուղացուն մի պարկ պարարտանյութով «գնելը»: Նման իրավիճակներում թե՛ բյուջետային աշխատողը, թե՛ գյուղացին մտածում են արտագաղթելու կամ իրավիճակի արմատական փոփոխության մասին:

Մյուս կողմից, որպեսզի վարչական ռեսուրսն արդյունավետ աշխատի, անհրաժեշտ է իշխանության հստակ ուղղաձիգ: Մարզերում իշխանության տեղական դրածոների միջև անհամատեղելի շահերի առկայությունը, յուրաքանչյուրի կողմից սայլն իր կողմը քաշելու մղումը իջեցնում է վարչական ռեսուրսի օգտագործման արդյունավետությունը: Սերժ Սարգսյանի ստեղծած իշխանական համակարգի տրամաբանությունն այն է, որ յուրաքանչյուր գերատեսչությունում, մարզում և քաղաքում պետք է լինեն իրեն հավատարիմ, սակայն իրար հետ մրցակցող մի քանի ուժային կենտրոններ:

Իսկ Սերժ Սարգսյանը արբիտրի կարգավիճակում լիարժեք իշխանություն է ունենում այդ մրցակցող ուժային կենտրոնների նկատմամբ: Եվ քանի որ իշխանական բուրգի տարրերը սովոր են ենթարկվել մեկ հրահանգի, մի քանի կենտրոնից եկող հրահանգներն ու միմյանց հետ մրցակցությունը գրեթե կաթվածահար է անում իշխանության աշխատանքը՝ լինի դա պետության կառավարում, թե ընտրակեղծիք:

2013թ. նախագահական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այն մարզերում, որտեղ գոյություն ուներ իշխանության մի քանի ուժային բևեռ, Սերժ Սարգսյանի գրանցած արդյունքները համեստ էին, կեղծիքների մեքենան լիարժեք չէր աշխատել:

Սերժ Սարգսյանի ստեղծած իշխանական հրեշն արդեն սկսում է կծել սեփական պոչը, ինչը կարող է ընկալվել որպես վերջի սկիզբ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: