25 նոյեմբեր, 2015 18:21

«Նոր Հայաստան»-ը դատապարտում է բացահայտված հանցավոր խմբավորումը իր հետ կապելու փորձերը

A1B0A589-5A2F-4D6E-AF8B-46C3A22297FA_cx0_cy7_cw0_mw1024_s_n_r1«Հիմնադիր խորհրդարանի» և «Ժառանգություն» կուսակցության համատեղ ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը» հայտարարություն է տարածել, որում «դատապարտում է այն փորձերը, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են իր հետ կապել նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը»:

«Ակնհայտ է, որ վարչախումբը փորձում է նման ապատեղեկատվության միջոցով մոլորեցնել ու հոգեբանորեն ճնշել մեր ժողովրդին և ապակողմնորոշել միջազգային հանրությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Միաժամանակ` «Նոր Հայաստան»-ը ժողովրդին կոչ է անում «չենթարկվել հոգեբանական պատերազմի այս հերթական գրոհներին և դեկտեմբերի 1-ին` ժամը 18:00-ին, խաղաղ ձևով համախմբվել Ազատության հրապարակում ու տեր կանգնել իր իրավունքներին»:

***

Այսօր` ավելի վաղ, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Երևանում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ է հետապնդել Հայաստանի տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

Մի շարք լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե բացահայտված խումբը կարող է կապ ունենալ ընդդիմադիր ուժերից մեկի հետ` ակնարկելով «Հիմնադիր խորհրդարանին»: