25 նոյեմբեր, 2015 18:37

Ալբանիայի հետ խաղում տեղի է ունեցել դավաճանություն. Ռուբեն Հայրապետյան

??????????????????????????????????????????????????????????????????????????????????????Ալբանիայի հետ խաղում տեղի է ունեցել դավաճանություն, համոզված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Բառիս բուն իմաստով դավաճանություն,- Ֆուտբոլի ֆեդերացիայում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց նա,- բայց ես փաստ չունեմ»:

Եվրո-2016-ի որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին խոշոր՝ 0:3 հաշվով, զիջեց Ալբանիային, որն այդ խաղի արդյունքով անցավ եզրափակիչ:

«Ցանկացած անգամ նայելուց, մի քիչ ֆուտբոլը հասկանալուց, հասկանում ես՝ ինչ է: Հիմա էդ խաղին, եթե անգամ աշխարհի լավագույն մարզիչը լիներ, ի՞նչ պետք է լիներ: Նույն պատկերն էր լինելու»,- ասաց Հայրապետյանը:

«Երբ ես դարձել եմ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իմ ամենամեծ ներդրումը՝ ես կարողացել եմ վերացնել դավաճանությունը: Ու նորից իմ ժամանակ դա հետ եկավ: Ես դա ինձ համար համարում եմ ձախողում և դժբախտություն մեզ բոլորիս համար»:

Նա ասաց, որ ինքն իր առջև խնդիր է դրել բացահայտել այդ դավաճանությունը, և եթե այդ հարցը չստացվի լուծել, անօգուտ է՝ ինչ մարզիչ էլ որ լինի:

«Ես կարծում եմ՝ կունենամ էդ փաստերը, ես էն մարդը չեմ, որ հենց էնպես հանձնվեմ:

Ինձ համար կոնկրետ մեկ խնդիր կա՝ ում և ինչ ձևերով են առել էդ խաղը»:

Հավաքականի անհաջող մրցելույթների համար նա առաջին հերթին մեղադրեց ֆուտբոլիստներին.

«Մեր անհաջողությունները անթասիբ, իրենց երկիրը չսիրող, չգնահատող ֆուտբոլիստների մեջ է: Միասնություն չկա հավաքականում: Բայց դա Հայրապետյանը չի արել: Դա իրենց մեծամտությունն է: Հայկական հիվանդությունն է: Գնացին արտասահմանում խաղացին, իրենց կոնտրակտները կապեցին, վե՛րջ, իրենց համար հավաքականն արդեն մեկ է»:

Հայրապետյանն ասաց, որ դա չի վերաբերում բոլոր ֆուտբոլիստներին.

«Դա չի կարող վերաբերել Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Անտոնյանին, Սարգիսովին... էլի կան ֆուտբոլիստներ, բոլորի անունները չեմ տա... բայց մեծ մասը էսօր կոնտրակտը կապում է, բավարարվում է դրանով»:

ՖԱՖ-ի պահանջները հիմնազուրկ է համարում

Նոյեմբերի 24-ին ֆուտբոլասերների ՖԱՖ խումբը երթ էր կազմակերպել դեպի ՀՖՖ շենք՝ ներկայացնելով երեք վերջնագիր-պահանջ՝ ազգային հավաքականի համար բերել նոր մարզիչ; արժանի ֆուտբոլիստներ հրավիրել և վերանայել տոմսերի գները: Հայրապետյանը առանձին-առանձին անդրադարձավ ՖԱՖ-ի պահանջներին:

«Ի՞նչ է նշանակում «խարիզմատիկ, պրոֆեսիոնալ հարուստ փորձով մարզիչ»,  ո՞ր կամ ո՞ւմ սկզբունքներով: Իսկ միգուցե նույն «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով» մարզիչը մեկ երկրպագուի կամ մասնագետի կարծիքով այդպիսին է, իսկ մյուսի կարծիքով՝ ո՞չ: Կամ մինչ այժմ հավաքականի պաշտոնապես նշանակված  ո՞ր մարզիչն է, որ այդպիսին չի եղել»,- հարցադրում արեց Հայրապետյանը:

«Լուիս Էնրիկեն երկար ֆուտբոլային փորձ չունեցող մարզիչ էր: Նույն Գվարդիոլան եկել «Բարսելոնա»-ի մարզիչ է դարձել ու չի ունեցել երկար մարզչական փորձ: Նրանք տվել են ֆանտաստիկ արդյունքներ,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ նաև հակառակն է տեղի ունենում, երբ հարուստ փորձ ունեցող մարզիչները չեն կարողանում լավ արդյունքներ գրանցել:- Ֆաբիո Կապելոյի նման պրոֆեսիոնալ մարզիչը Ռուսաստանում ու այլ վայրերում վերջին տարիներին հաջողություն չի ունենում»:

Արձագանքելով ՖԱՖ-ի երկրորդ պահանջին, որ «ազգային հավաքական ֆուտբոլիստները պետք է հրավիրվեն՝ ելնելով նրանց մարզավիճակից, այլ ոչ որևէ պաշտոնյայի քմահաճույքով և ամբիցիաներից», ՀՖՖ նախագահն ասաց.

«Իսկ ո՞վ է որոշում ֆուտբոլիստի լավ մարզավիճակը, հավաքականի մարզի՞չը, թե՞ ՖԱՖ-ի խմբակը, թե՞ ցանկացած այլ երկրպագու: Իսկ ո՞ր մարզիչը կհրաժարվի լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստից  և կձգտի վատ արդյունքի: Իսկ արդյո՞ք ակնհայտ չէ, որ չնայած ցանկացած թիմի երկրպագու ունի իր սիրած թիմի յուրաքանչյուր խաղի համար իր նախընտրած կազմը, միևնույնն է՝ կազմը որոշում է միայն տվյալ թիմի մարզիչը: Եվ արդյոք ակնհայտ չէ՞, որ հաղթանակի դեպքում մարզիչը միշտ ճիշտ է, իսկ պարտության դեպքում՝ նույն երկրպագուի համար իր նախընտրած կազմը միայն կլիներ ճիշտ: Թե՞ ՖԱՖ-ի խմբակը շատ լավ հասկանալով սա՝ ցանկանում է միտումնավոր ապակողմնորոշել հանրությանը և ստվերել ինչպես իմ կամ ՀՖՖ-ի, այնպես էլ մարզչի հեղինակությունը»:

Նա նշեց, որ ՖԱՖ-ի անդամների մեծ մասը ազնիվ ֆուտբոլասերներ են, բայց խմբում կան մարդիկ, որոնք ուղղորդվում են այլ տեղից քաղաքական նպատակներով:

«Ես նրանց հետ երբևիցե չեմ հանդիպի մի պարզ պատճառով: Էն դեպքում կհանդիպեմ միայն, երբ իրենց պատվիրատուների հետ միասին գան: Ես գիտեմ՝ ովքեր են պատվիրատուները»,- ասաց ՀՖՖ նախագահը՝ չբացահայտելով դրանց անունները:

Արձագանքելով ՖԱՖ-ի երրորդ՝ տոմսերի թանկության մասին պահանջին՝ Հայրապետյանը կրկին հարցադրում արեց.

«Եթե տոմսերը մեզ մոտ թանկ են, ապա ինչպե՞ս հասկանալ, որ Պորտուգալիայի խաղից երեք օր առաջ տոմսերը սպառվել էին... Էդ մարդիկ, որ գոռում են՝ տոմսերը թանկ են, նրանք Հայաստանի հավաքականի երկրպագուներ չեն: Դրանք Պորտուգալիայի կամ Ռոնալդուի երկրպագուներ են»:

Հայրապետյանը նշեց, որ ՖԱՖ-ին ամեն խաղի համար շատ էժան՝ 1000 դրամով 1000 հատ տոմս են տրամադրել: Նա խնդիր համարեց նաև այն, որ Ֆուտբոլի ֆեդերացիան մարզադաշտի սեփականատեր է և մեծ ծախսեր է կատարում դրանց պահպանման ու օգտագործման համար: Հայրապետյանի խոսքով՝ զարգացած ֆուտբոլային երկրներում ֆեդերացիաները մարզադաշտեր չունեն: