26 նոյեմբեր, 2015 10:15

Հայոց ցեղասպանության ժխտման մասին օրինագիծ՝ Պետդումայում

Genocide DumaՆոյեմբերի 25-ին ՌԴ Պետդումա է մտցվել օրինագիծ, որն առաջարկում է Հայոց ցեղասպանության փաստը չճանաչելու համար պատասխանատվության ենթարկել: Համապատասխան հայտարարությունն արել է Պետդումայում «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը:

«Հենց նոր մտցրել ենք օրինագիծ, որը պատասխանատվություն է նախատեսում 1915թ. Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության փաստը չճանաչելու համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Միրոնովը:

Ըստ օրինագծի՝ եթե ժխտումը հրապարակային է եղել, ապա նախատեսվում է պատժել՝ տուգանելով մինչև 300 հազ. ռուբլիով կամ աշխատավարձի չափով, կամ պատասխանատվության ենթարկվողի՝ երկու տարվա ընթացքում այլ եկամտի չափով, կամ երեք տարի ժամկետով հարկադիր աշխատանքներով կամ էլ նույն ժամկետով ազատազրկելով:

Նույն գործողությունները, եթե կատարվել են պաշտոնական դիրքի կամ լրատվամիջոցների օգտագործմամբ, պատժվում են տուգանքով՝ 100-500 հազ. ռուբլիի չափով կամ աշխատավարձի չափով, կամ այլ եկամտի չափով՝ մեկից երեք տարվա ընթացքում, կամ մինչև հինգ տարի հարկադիր աշխատանքներով, կամ նույն ժամկետով ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով զրկելով որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

***

Նոյեմբերի 24-ին Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցել են Սիրիայում ՌԴ ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբարկու: Թուրքական կողմը պնդում է, որ օդանավը խախտել էր իր օդային տարածքը, մինչդեռ Ռուսաստանը հայտարարում է, որ ինքնաթիռը եղել է բացառապես Սիրիայի տարածքում: Միջադեպը մեծապես սրել է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները: Մոսկվան իր ինքնաթիռի խոցմանն ի պատասխան դիմում է հակաքայլերի. ռուսաստանյան տուրօպերատորները դադարեցրել են թռիչքները Թուրքիա, արգելք է դրվում Թուրքիայից մի շարք ապրանքների ներկրման վրա: