26 նոյեմբեր, 2015 09:24

Սարերից իջան մի խումբ ահաբեկիչներ, նրանց հետ էր նաև...

12239952_1062063687161780_1195019337753182028_n«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»,- ասում էր Սերժ Սարգսյանը: Դժվար է չհամաձայնել ՀՀԿ առաջնորդի հետ: Սակայն հաշվի առնելով Սերժ Սարգսյանի խոսքի ու գործի տարբերությունը՝ կարելի է պնդել, որ իշխանությունը լրիվ հակառակն է անում: Իշխանության գործուն ջանքերով Հայաստանը վերածվել է կրկեսի՝ բաց երկնքի տակ:

Նոյմեբրեի 25-ի առավոտյան ոստիկանության ոչ պաշտոնական կայքի համբավ ունեցող shamshyan.com-ի միջոցով տեղեկատվություն է տարածվում, որ Երևանի Նորք Մարաշ թաղամասում մինչև ատամները զինված հանցավոր խումբ է վնասազերծվել: Նյութում մասնավորապես նշվում է. «Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում»:

Հաշվի առնելով ամբողջ աշխարհում ահաբեկչության հետ կապված տրամադրություններն ու համատեքստը՝ դժվար չէ կռահել, որ նախապատրաստվող ահաբեկչական ակտի մասին տեղեկատվությունը ինչպիսի խուճապ պետք է առաջացներ բնակչության շրջանում... և առաջացրեց:

Ընդ որում, shamshyan.com-ի հրապարակած տեղեկատվությունից միայն ժամեր անց ԱԱԾ-ն հարկ համարեց պաշտոնական տեղեկատվություն տարածել, որտեղ խոսք չկար նախապատրաստվող ահաբեկչական ակտի մասին: Երբ նման կարևորություն ներկայացնող միջադեպի հետ կապված պաշտոնական մեկնաբանությունը բացակայում է, սկսվում է պղտոր ջրում ձուկ որսալու և քաղաքացիներին մանիպուլացնելու գործընթաց՝ տարատեսակ լրատվամիջոցների կողմից: Մինչ ԱԱԾ-ն մի քանի ժամ կմտածեր, թե ինչ գրեր պաշտոնական հաղորդագրության մեջ՝ սեփական աղբյուրներին հղում կատարելով՝ իշխանության վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկը տարածեց, թե վնասազերծված հանցավոր խմբավորման կազմում սփյուռքահայեր կան: Րոպեներ անց մեկ այլ «իշխանական-ընդդիմադիր» կայք, կրկին «սեփական աղբյուրներին» հղում կատարելով, տարածում է, թե հանցավոր խմբավորման մեջ սփյուռքահայեր են եղել, և այդ խմբավորումը կապված է ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ: Սա բավական էր, որ դաշտում գործող բազմաթիվ «իշխանական-ընդդիմադիր» լրատվական կայքեր անխնա տիրաժավորեն շինծու տեղեկատվություն՝ մեկը մյուսին հղում անելով:

Այնուհետ, խմբավորմանը վնասազերծելուց հետո, տարօրինակ է, որ լրատվական որոշ կայքերի հաջողվում է դեպքի վայրում հայտնվել և լուսանկարներ անել: Եվ հրապարակվում են լուսանկարներ վնասազերծված խմբի վարձակալած տնից: Լուսանկարներից մեկի վրա պատկերված են «Ոչ»-ի քարոզչության թռուցիկներ:

Ծիծաղելի է, երբ հայտարարում ես, որ հայտնաբերել ես մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, սակայն դեպքի վայրից առաջին լուսանկարներում ոչ թե հայտնաբերված զենք-զինամթերքն է, այլ «ՈՉ»-ի քարոզչական թռուցիկ հիշեցնող ինչ-որ բացիկ: Սրանով ենթադրյալ «հանցագործ խմբավորմանն» անմիջականորեն կապում են սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող «Ոչ»-ի ճամբարի հետ: Կրկին խիստ «պատահաբար» լրատվական կայքերը հենց այդ լուսանկարն են տիրաժավորում:

Որքան շատ հարցականներ ու ենթադրություներ, այնքան  մեծ խուճապ և «Ոչ»-ի ճամբարը վարկաբեկող քարոզչական հարուստ նյութ:

Լրատվական հոսքերի շղթան

Եթե վերականգնենք լրատվական հոսքերի շղթան, կստացվի ոստիկանության ոչ պաշտոնական կայք shamshyan.com-ը առաջինը տալիս է, որ մայրաքաղաքում ահաբեկչական գործողություն նախապտարաստող հանցագործ խումբ է վնասազերծվել, որը կապեր ունի ընդդիմադիր ուժերից մեկի հետ: Ասվածի ապացույց ներկայացվում է դեպքի վայրում հայտնաբերված «Ոչ»-ի թռուցիկը:

Արդյունքում ստանում ենք իրավիճակ, երբ ընդդիմությունը, մասնավորապես սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող «ՈՉ»-ի ճակատը, մեղադրվում է ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կամ առնվազն այդ խումբը ասոցացվում է «Ոչ»-ի ճակատի հետ, իսկ բնակչության շրջանում անորոշություն և խուճապային տրամադրություններ են:

Իրավապահ համակարգի, մասնավորապես ԱԱԾ-ի առաջնային խնդիրն է պետության և հասարակության անվտանգության ապահովումը, որի մեջ մտնում է ոչ միայն ֆիզիկական, այլև ինֆորմացիոն անվտանգությունը: Ուստի հատկապես հույժ կարևոր միջադեպերի ժամանակ ինֆորմացիոն առումով բաց, թափանցիկ և օպերատիվ աշխատանքը նրա պարտավորությունն է: Այժմ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ զինված խմբավորման հետ կապված միջադեպն օգտագործվում է «Ոչ»-ի ճամբարը վարկաբեկելու համար, և ուժային կառույցները՝ «իշխանական-ընդդիմադիր» լրատվական կայքերի հետ միասին քարոզչական ու պատժիչ կացին են հանդիսանում քաղաքական իշխանության ձեռքում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: