30 նոյեմբեր, 2015 15:43

Թուրքիան ոչ մեկից ներողություն չի խնդրելու. Դավութօղլու

Davutoglu StoltenbergԹուրքիան ոչ մեկից ներողություն չի խնդրելու, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 30-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո:

«Թուրքիան ունի իրեն և իր օդային տարածքը պաշտպանելու իրավունք»,- ասել է Ստոլտենբերգը:

Դավութօղլուն իր հերթին ասել է, որ Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել Ռուսաստանից, քանի որ «դա ազգային հարց է Թուրքիայի համար»:

«Ոչ մի երկիր չի կարող մեզ ասել, որ պիտի ներողություն խնդրենք, քանի որ մենք մեր գործն ենք արել, մեր գործողությունը պաշտպանական էր»,- նկատել է Թուրքիայի վարչապետը:

«Սա ավելի շատ արժանապատվության հարց է մեզ համար»,- հավելել է Դավութօղլուն:

Սու- 24-ի կործանումը խոցել է ռուս-թուրքական հարաբերությունները

Նոյեմբերի 24-ին Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցել են Սիրիայում ՌԴ ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբարկու ինքնաթիռ: Թուրքական կողմը պնդում է, որ օդանավը խախտել էր իր օդային տարածքը, մինչդեռ Ռուսաստանը հայտարարում է, որ ինքնաթիռը եղել է բացառապես Սիրիայի տարածքում: Միջադեպը մեծապես սրել է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները: Ռուսական ինքնաթիռի խոցումից անմիջապես հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա:

Մոսկվան իր ինքնաթիռի խոցմանն ի պատասխան դիմել է հակաքայլերի. դադարեցվել են Թուրքիայի հետ շփումները ռազմական ոլորտում, ռուսաստանյան տուրօպերատորները դադարեցրել են թռիչքները Թուրքիա, արգելք է դրվում Թուրքիայից մի շարք ապրանքների ներկրման վրա, ուժեղացվել է վերահսկողությունը Թուրքիայից ներկրվող գյուղատնտեսական արտադրանքի վրա: Չեղյալ է հայտարարվել նաև դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական հասարակական ֆորումը:

Անցյալ շաբաթվա ընթացքում Անկարան և Մոսկվան միմյանց հասցեին մի շարք մեղադրանքներ են հնչեցրել՝ կապված ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպի հետ:

Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը 2016թ. հունվարի 1-ից չեղյալ կհայտարարի Թուրքիայի հետ անայցագիր ռեժիմը:

Նոյեմբերի 28-ին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին՝ արգելելով ներմուծել կամ սահմանափակել Թուրքիայում արտադրված առանձին ապրանքների ներմուծումը Ռուսաստան: Կարգադրվել է նաև արգելել կամ սահմանափակել Թուրքիայի իրավասության տակ գտնվող կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանում, 2016թ. հունվարի 1-ից արգելվում է նաև աշխատանքի վերցնել Թուրքիայի քաղաքացիների:

Նույն օրը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Ռուսաստան ոչ հրատապ ուղևորություններից:

Նոյեմբերի 30-ին Փարիզում մեկնարկում է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովը, որին մասնակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Փարիզում Պուտին-Էրդողան հանդիպում չի նախատեսվում: