30 նոյեմբեր, 2015 16:10

Աշխարհի առաջնորդները Փարիզում քննարկում են գլոբալ տաքացումը

Paris Summit2Փարիզում այսօր բացվել է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովը, որին մասնակցում են աշխարհի 147 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս տարվա համաժողովի թեման է՝ ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ:

Համաժողովի արդյունքներով նախատեսվում է ընդունել բազմակողմանի համաձայնագիր, որը կփոխարինի Կիոտոյի համաձայնագիրը [ընդունվել է 1997թ. Ճապոնիայում՝ Կիոտոյում, պարտադրում է զարգացող երկրներին և անցումային տնտեսությամբ երկրներին կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումը - ՍիվիլՆեթ]:

Ակնկալվում է, որ համաժողովի հիմնական թեմայից բացի դրա շրջանակում քննարկվելու են նաև միջազգային օրակարգի այլ կարևոր հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին տեղեկացրել է, որ Պուտին-Էրդողան հանդիպում համաժողովի շրջանակում չի նախատեսվում, միևնույն ժամանակ, չի բացառվում Պուտինի և Օբամայի շփումը:

ՄԱԿ-ի հովանու ներքով անցկացվող համաժողովի առիթով հայտնի Էյֆելյան աշտարակը կիրակի երեկոյան գունավորվել է կանաչ լույսով:

Ակնարկ

Վերջին տարիներին Երկիր մոլորակի կլիման զգալիորեն փոխվել է. որոշ երկրներ տառապում են աննորմալ շոգից, մյուսները՝ ցրտաշունչ և ձնառատ ձմեռներից, որոնք բնորոշ չեն այդ վայրերին:

Բնապահպաններն ահազանգում են կլիմայի գլոբալ փոփոխության մասին, որը ենթադրում է միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացում. դա հանգեցնում է սառույցների հալքի և Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման:

Գիտնականների տվյալներով՝ 2015թ. ինն ամիսներին երկրագնդի միջին ջերմաստիճանը 1,02 °C-ով ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան 19-րդ դարում (երբ սկսվել է գլոբալ ջերմաստիճանի փոփոխության ուսումնասիրումը):

Գիտնականները միակարծիք են նրանում, որ մարդու գործունեությունը՝ նավթի, գազի և ածուխի սպառումը, հանգեցնում է ջերմոցային էֆեկտի, որն էլ առաջացնում է միջին ջերմաստիճանի բարձրացում: