4 դեկտեմբեր, 2015 16:19

Էմանուել Ճգնավորյանը Սիբելիուսի անվան մրցույթում գրավել է 2-րդ տեղը

bc098ecc1488306012f7380473b6c5ccb6c806b1Երիտասարդ հայ ջութակահար Էմանուել Ճգնավորյանը`անվանի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին, Յան Սիբելիուսի անվան ջութակահարների 2015թ. մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը, տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:

Մրցույթում հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Քրիստել Լին: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիայի ներկայացուցիչ Ֆրեդերիկե Սկառլոֆը: Մրցանակակիրները կստանան 25 հազ., 18 հազ. և 12 հազ. եվրո պարգևավճար համապատասխանաբար:

Բացի այդ` Հելսինկիի երաժշտական կոնսերվատորիայի հիմնադրամը Էմանուել Ճգնավորյանին շնորհել է հատուկ մրցանակ` 3000 եվրոյի չափով` Սիբելիուսի ջութակի կոնցերտի լավագույն մեկնաբանության համար:

Եզրափակիչն անցկացվել է դեկտեմբերի 1-3-ը: Այս փուլին մասնակցում էր վեց ջութակահար:

Էմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995թ. Վիեննայում: Ջութակ նվագում է 5 տարեկանից: Սովորել է Վիեննայի համալսարանի երաժշտության և կատարողական արվեստի բաժնում, եղել է Գերհարդ Շուլցի աշակերտը: Ճգնավորյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, այդ թվում` Յոհաննես Բրամս միջազգային մրցույթի մրցանակակիր: 2012թ. նա «Դասական Եվրատեսիլ» մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը, 2014թ. սեպտեմբերին զբաղեցրել է 3-րդ տեղը Fritz Kreisler մրցանակաբաշխությանը, նույն տարվա նոյեմբերին արժանացել է Casinos Austria Rising Star մրցանակին:

Յան Սիբելիուսի անվան միջազգային մրցույթը մինչև 30 տարեկան ջութակահարների համար անցկացվում է հինգ տարին մեկ` սկսած 1965-ից` ի հիշատակ ֆինլանդացի հայտնի կոմպոզիտորի: 2000թ. հեղինակավոր այս մրցույթի առաջին մրցանակին արժանացել է հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Այդ ժամանակ լինելով 15 տարեկան` Խաչատրյանը դարձավ այս մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ մասնակիցը: