6 դեկտեմբեր, 2015 09:24

Սահմանադրական հանրաքվեի ընթացքը (թարմացվող)

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Նոր Սահմանադրության նախագծով կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարվում խորհրդարանական համակարգի: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պետք է կողմ քվեարկի ընտրողների ¼-ը` 638 583 հոգի: ՍիվիլՆեթի նկարահանող խմբերն աշխատում են Երևանում և մարզերում: Քվեարկության, այնուհետև՝ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում ՍիվիլՆեթը պարբերաբար կթարմացնի տեղեկատվությունը: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը «Քաղաքացի դիտորդ» հարթակում թարմացնում է ընտրախախտումների մասին տեղեկատվությունը՝ Հայաստանի տարբեր ընտրատեղամասերից: Հետևեք ՍիվիլՆեթի առցանց տեղեկատվությանը հակադարձ ժամանակագրությամբ:

Դեկտեմբեր 7

10:15

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական ասուլիսը:
 

06:30

Մշակվել են բոլոր 1997 տեղամասերի արդյունքները: Այո՝ 825 622 կամ 63,35 %, Ոչ`  421 593 կամ 32,35%:

1:33

ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը ասուլիս է տալիս, որը հեռարձակում է Ազատություն ռադիոկայանը: Նա խոսում է ընտրախախտումների մասին: Նա նշում է, որ մարդկանց ուղղակի բերում էին ավտոբուսներով, որ քվեարկեն: Կատարվել են բազմաթիվ ծանրագույն ընտրակեղծիքներ: «Մեր գնահատականներով՝ այդ ընտրակեղծիքների ծավալը հասնում է կես միլիոն ձայնի: Դրա մասին է վկայում նաև մասնակցության այն թիվը, որ հրապարակել են՝ 1,3 մլն մարդ»:

«Ճակատամարտը վերջացած չէ: Շատ տեղամասերում, իշխանությունը տեսնելով իր պարտությունը, դիմում է շատ կեղտոտ մեթոդների՝ մի տեղ հիվանդացնում է տեղամասային հանձնաժողովի նախագահին, որն այնքան վատ է զգում իրեն, որ առաջարկում է հաշվարկը տեղափոխել մյուս օր,- ապօրինի բան, բայց նման բաներ եղան: Մի ուրիշ տեղ լույս են հանգցնում, երրորդ տեղում մի քանի ժամ չեն բացում արկղերը և չեն էլ փորձում հաշվել: Չորրորդ տեղում հաշվում են, և երբ տեսնում են, որ Ոչ-ը հաղթել է, խառնում են և հրաժարվում արձանագրել այդ հաղթանակը:

Իշխանությունների խղճուկ պրոպագանդիստական պրիոմի են դիմել՝ նրանք հիմա հայտարարում են մի քանի իրենց համար լավ արդյունքներ ունեցող տեղմաասերի արդյունքները, մոտավորապես 80 000 հավաքել է Այո-ն և 20 000 Ոչ-ը: Ցույց են տալիս Այո-ի առավելությունը մի քանի հաշված տեղամասերում: Սա ընդամենը քարոզչական հնարք է, փորձում են հազվագյուտ տեղամասերի իրենց համար լավ արդյունքները ցույց տալ, որ չերևա՝ ջախջախիչ պարտություն են կրում»:

1:09

Մշակվել է 196 տեղամասերի արդյունքները: Այո՝ 72 064 կամ 72.04%, ոչ՝ 24 596 կամ 24,56%:

00:22

ԿԸՀ-ն հաղորդում է, որ մշակվել են 104 տեղամասերի արդյունքները. այո 35314՝ 78,58%, ոչ՝  8631` 19,21%:

23:54

Ժառանգության ներկայացուցիչը 4/12 ընտրատեղամասից (Նոր Նորք) ՍիվիլՆեթին հաղորդեց, որ հաշվարկի ժամանակ հանձնաժողովի անդամներից երկուսը վատ էին զգացել, շտապ օգնություն էին կանչել: Հաշվարկը դադարեցվել էր: Այն նորից սկսվել է: Ժառանգության ներկայացուցչի հաղորդմամբ՝ տեղի է ունեցել լցոնում, մատյանում առկա է 613 անուն, իսկ քվեատուփից հանվել է 1213-ը:

23:30

Ժամը 23:30-ին մոտ, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը ժամանել է իր նստավայր՝ Բաղրամյան 26: Փողոցի երթևեկությունը որոշ ժամանակ փակ էր:

23:30

Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը հաղորդում է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ Ոչ-ը գերակշռում է, ձայների հաշվարկը դադարեցվում է՝ առանց պատճառաբանության: Նախաձեռնության ներկայացուցչի խոսքով՝ կա տպավորություն, որ սպասում են ինչ-որ հրահանգի: Որպես Ոչ-ի օգտին գերակշիռ ձայների օրինակ են բերվում թիվ 3/01, 8/27, 7/22 ընտրատեղամասերը: Որոշ ընտրատեղամասերում էլ, ըստ նույն աղբյուրի, լույսերը հանգցրել են, սեղանները՝ շրջել:

Ամփոփելով այս ամենը՝ կարելի է արձանագրել, որ հրահանգի են սպասում, որը ուշանում է, ինչի մասին է վկայում նաև փաստը, որ ԿԸՀ-ն տվյալներն այսօր նախատեսված ժամից ուշ է հաղորդել:

22:30

Շիրակի մարզից ԳԱԼԱ-ի ստացած 34 ընտրատեղամասերի արդյունքները՝ ամփոփ.

Այո-4359

Ոչ-7128

22:10

Շիրակի մարզի ութ գյուղերի նախնական տվյալներով` «այո»-ն պարտվում է: Գյումրիի բազմաթիվ ընտրատեղամասերում կրկին մեծ տարբերությամբ «ոչ»-ը հաղթում է:

22:00

Նորագյուղի 9/27 ընտրատեղամասից ՍիվիլՆեթի լրագրողը պատմում է, որ ձայների հաշվարկը դեռ չի սկսվել:

«Փորձում են այնպես անել, որ դիտորդները հեռանան ընտրատեղամասից»,- պատմում է մեր թղթակիցը:

21:45

ՍիվիլՆեթի թղթակիցը պատմել է, որ Մալաթիա-Սեբաստիայի դպրոցներից մեկում, որտեղ տեղակայված են 8/27, 8/28, 8/29 ընտրատեղամասերը, լրագրող և դիտորդ Մամիկոն Հովսեփյանը ֆիքսել է սենյակ, որտեղ հավաքված են եղել ո՛չ դիտորդ, ո՛չ էլ հանձնաժողովի անդամ հանդիսացող անձինք: Երբ դրա մասին տեղեկացրել է ոստիկաններին, վերջիններս սկսել են վիճաբանել նրա հետ և շեղել նրա ուշադրությունը:

Մամիկոն Հովսեփյանը տեղի ոնեցածը հեռարձակել է Ustream-ով:

Տեսանյութը՝ շուտով:

21:35

12308186_10203794600145598_6512574414022950158_oՍիվիլՆեթի թղթակիցը հաղորդում է, որ Արտաշատում` 17/9 ընտրատեղամասում, այս պահի դրությամբ գերակշռում են «այո»-երը:

21:15

Թիվ 4/34 ընտրատեղամասում՝ թիվ 78 դպրոցում, վստահված անձ Շուշան Վարդանյանը ՍիվիլՆեթին տեղեկացրել է, որ ընտրատեղամասի փակումից հետո մի քանի երիտասարդ առանց բեջերի մտել են ներս և սկսել անձնական վիրավորանքներ հնչեցնել իր հասցեին՝ սադրանքի միջոցով փորձելով իրեն հունից հանել և ստիպել լքել ընտրատեղամասը: Շուշան Վարդանյանին ասել են, որ նա նկարահանելու և հեռախոսով խոսելու իրավունք չունի:

Շուշան Վարդանյանը տեղեկացրել է, որ նստած է քվեատուփի մոտ: Հաշվարկը դեռ չի սկսվել: Հանձնաժողովի նախագահը տվել է մեկ ժամ ընդմիջում:

21:10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` մինչև 20:00-ն (քվեարկության ավարտը) քվեարկությանը մասնակցել է ընդհանուր 1 296 368 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 50.51 տոկոսը:  

Քաղաք Երևան` քվեարկության մասնակիցների թիվը` 388 506 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 45.93 տոկոսը

Արագածոտնի մարզ`  61 451 քաղաքացի կամ 53.26 տոկոս

Արարատի մարզ`  144 452 քաղաքացի կամ 66.33 տոկոս

Արմավիրի մարզ` 127 701 քաղաքացի կամ 55.63 տոկոս

Գեղարքունիքի մարզ` 98 993 քաղաքացի կամ 52.69 տոկոս

Լոռու մարզ` 110 054 քաղաքացի կամ 46.23 տոկոս

Կոտայքի մարզ`  123 044 քաղաքացի կամ 52.24 տոկոս

Շիրակի մարզ`  95 171 քաղաքացի կամ 41.28 տոկոս

Սյունիքի մարզ`  66 786 քաղաքացի կամ 61.02 տոկոս

Վայոց Ձորի մարզ`27 327 քաղաքացի կամ 57.96 տոկոս

Տավուշի մարզ` 52 883 քաղաքացի կամ 48.30 տոկոս

20:55

Սահմանադրական հանրաքվեին ժամը 18:30-ի դրությամբ մասնակցել է 825 կալանավորված անձ. այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմ-վերլուծական և միջազգային համաագործակցության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Հայկ Քոչինյանը: «Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ 958 կալանավարված անձ, որոնցից 825-ն արդեն մասնակցել է քվեարկությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Քոչինյանը: Նա ընդգծել է, որ կալանավորված անձանց համար քվեարկությունը կազմակերպելու համար հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ձևավորվել են տեղամասային կենտրոններ: Կալանավորված անձանց քվեարկության ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քվեարկությանը հետևել են Եվրոպայի խորհրդի միջազգային դիտորդներ:

20:30

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ Նորագյուղում, մասնավորապես 9/27 և 9/28 ընտրատեղամասերում, ժամը 18:10-18:40-ը իրավիճակը լարված է եղել: Կամզկերպության դիտորդները տեղամասը փակվելուց մոտ կես ժամ առաջ 9/27 ընտրատեղամասից ստիպված են եղել դուրս գալ: Նշված ընտրատեղամասերում գրանցվել են լցոնման դեպքեր, բազմակի (ուրիշի փոարեն քվեարկություն) կամ այդպիսի փորձ, իսկ 9/27 տեսամասում անգամ հնչել են հայհոյանքներ, սպառնալիքներ, բռնություն է կիրառվել մի լրագրողի նկատմամբ:

20:20

«Քաղաքացի դիտորդ». 3/6 տեղամասում (Քանաքեռ-Զեյթուն, թիվ 8 հատուկ դպրոց) հանձնաժողովի անդամը սեղանի տակի դարակից թաքուն նայում է բացակա/մահացած մարդկանց անունները ու քվեարկում նրանց փոխարեն, ստորագրում, կնքում ու հետո սեղանի տակ նշում անում իր ցուցակում:

20:15

Վարդգես Գասպարիին բերման են ենթարկել:

Ոստիկանությունը հաղորդում է. «Դեկտեմբերի 6-ին թիվ 9/16 ընտրատեղամասում լիազորված անձ Վարդգես Գասպարին այցելել է հարևանությամբ գտնվող 9/15 ընտրատեղամաս և խոչընդոտել նշված տեղամասի բնականոն աշխատանքը: Վ. Գասպարիին բազմիցս զգուշացվել է 9/15 ընտրատեղամասի նախագահի կողմից, սակայն նա նախազգուշացումներին չի ենթարկվել և շարունակել է իրավախախտումը: Հանձնաժողովի նախագահը դիմել է նշված տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին` խնդրելով Վ. Գասպարիին հեռացնել ընտրատեղամասից: Ժամը 16.50-ին Վ. Գասպարին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Կատարվում է քննություն»:

20:00

Քվեարկությունն ավարտվեց: Սկսվում է քվեների հաշվման գործընթացը:

19:50

ՍիվիլՆեթի թղթակիցը Արտաշատից հաղորդում է, որ քաղաքում էլեկտրականությունը 3 րոպեով անջատվել է: Ավելի վաղ Գյումրիից ՍիվիլՆեթի թղթակիցը տեղեկացրել էր, որ որոշ ժամանակով հոսանքազրկվել է քաղաքի մի ամբողջ թաղամաս` Տեքթստիլի թաղամասը:

Մոտ մեկ ժամ առաջ Ֆեյսբուքի օգտատեր Սամվել Կարաբեկյանը տեղադրել է լուսանկար Երևանի 140 դպրոցում (Նորագավիթ) տեղակայված ընտրատեղամասից, որը նույնպես հոսանքազրկվել է:

18:35

ՍիվիլՆեթի թղթակիցը հաղորդում է, որ Արաբկիրի 4/01 ընտըրատեղամասում տեղի է ունեցել քաշքշուկ երկու դիտորդների և վստահված անձանց միջև: ՀՀԿ և ՕԵԿ վստահված անձինք ծեծել են դիտորդ, սփյուռքահայ Ռոմիկ Դանիալին և ՀՀ քաղաքացի Հակոբ Նազարի-Դեխնավիին։ Դանիալի տեսախցիկը վերցրել է ՀՀԿ ներկայացուցիչը և չի վերադարձնում։

Պատճառն այն է, որ դիտորդները ընտրախախտումներ են նկատել և ահազանգել են դրանց մասին: Վստահված անձինք հայտարարում են, որ դիտորդները խանգարել են քվեարկության ընթացքը: 

Տեսանյութը՝ շուտով:

18:30

Գյումրիում ՍիվիլՆեթի թղթակիցը հաղորդում է, որ Տեքստիլ թաղամասն ամբողջությամբ հոսանքազրկված է, ինչն անշուշտ նպաստավոր պայմաններ է ստեղծում ընտրակեղծիքների համար: Ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահներն ասում են՝ տեղյակ չեն հոսանքազրկման պատճառների մասին: Ըստ Գյումրիից ստացվող տեղեկության՝ հոսանքազրկվել է նաև թիվ 20 դպրոցում գործող ընտրատեղամասը:

18:15

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ժամը 17:00-ի դրությամբ` հանրաքվեին մասնակցել է ընդհանուր 1 005 533 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 39.17 տոկոսը:

Երևան քաղաք` քվեարկության մասնակիցների թիվը` 305 368 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 36.1 տոկոսը

Արագածոտնի մարզ` 48 595 քաղաքացի կամ 42.12 տոկոս

Արարատի մարզ` 110 020 քաղաքացի կամ 50.52 տոկոս

Արմավիրի մարզ` 92 277 քաղաքացի կամ 40.2 տոկոս

Գեղարքունիքի մարզ` 75 493 քաղաքացի կամ 40.18 տոկոս

Լոռու մարզ` 87 709 քաղաքացի կամ 36.85 տոկոս

Կոտայքի մարզ` 92 478 քաղաքացի կամ 39.26 տոկոս

Շիրակի մարզ` 73 370 քաղաքացի կամ 31.82 տոկոս

Սյունիքի մարզ` 55 937 քաղաքացի կամ 51.11 տոկոս

Վայոց ձորի մարզ` 21 282 քաղաքացի կամ 45.14 տոկոս

Տավուշի մարզ` 42 804 քաղաքացի կամ 39.1 տոկոս

17:10

ՍիվիլՆեթը ահազանգ է ստացել, ըստ որի` 18-ամյա Մանե Գալստյանը, գնալով Երևանի 9/32 ընտրատեղամաս (Շենգավիթ), պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են:

Հանձնաժողովի անդամն ասել է, թե սխալմունք է տեղի ունեցել:

Բացվել է լրացուցիչ ցուցակ, և Մանե Գալստյանին տրվել է քվեարկելու հնարավորություն:

17:00

Ոստիկանությունը արձագանքել է «Ոչ»-ի շտաբի հայտարարությանը:

««Ոչ»-ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր իրերի բերմամբ քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել: Ըստ հայտարարության՝ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվով մարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երեւանում՝ երևույթը մեկնաբանելով ընտրակեղծիքի նախապես մտածված հնարք:

ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս պարզաբանում է, որ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերջնաժամկետը 2015 թ. նոյեմբերի 29-ն էր: Համապատասխան անձնագրային ծառայությունը իրավասու չէ դիմում ներկայացնելու պարագայում քննարկելու հետագա փաստական հիմքերի առկայության հնարավորությունը և ենթադրությունների արդյունքում մերժել դիմումատուին՝ հիմքում դնելով այն կանխավարկածը, որ անձը տվյալ օրը չի գտնվելու նշված համայնքում: Անձի դիմումը մերժվում է, եթե այն ներկայացվել է ժամկետի խախտմամբ:

Լրացուցիչ ցուցակները կազմվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետում: Անհատական տվյալների կրկնությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը ապահովելու համար օրենքով սահմանված կարգով դրանք հիմնական ցուցակների հետ տրամադրվել են նաև ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահներին և տեղադրվել ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել ամբողջական ցուցակները և համոզվել, որ անձի տվյալները ընդգրկված են միայն մեկ տեղ և մեկ ցուցակում:

ՀՀ ոստիկանությունը պատասխանատու է օրենքով սահմանված կարգով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները վարելու, հրապարակելու համար»:

16:20

ՀՀ դատախազության կայքը հաղորդում է, որ հանրաքվեի հետ կապված ընտրական իրավունքի սահմանափակման, ընտրական գործընթացի խոչընդոտման վերաբերյալ լրատվամիջոցների` առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումների վերաբերյալ գործունեություն է իրականացվում:

16:00

Ոստիկանությունը տեղեկացնում է` ilur.am-ի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանից հաղորդում է ստացվել, որ ժամը 14:30-ի սահմաններում թիվ 10/20 ընտրական տեղամասում վստահված անձ Դավիթ Սիմոնյանը դիտավորությամբ հարվածել ու կոտրել է իր տեսախցիկը և վնասել լրագրողական վկայականը: Դավիթ Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն:

15:45

Gyumri Registr Ռոզի Մաթիլյանի տանը գրանցված մյուս անձանց փոխարեն նույնպես քվեարկել են:

Գյումրիում ՍիվիլՆեթի թղթակիցը պատմում է 34/01 ընտրատեղամասում՝ Անի թաղամասում, խախտման հերթական դեպքի մասին: Քաղաքացի Ռոզի Մաթիլյանը եկել է ընտրելու՝ պարզելով, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված և կնքված է: Հանձնաժողովի նախագահ Համբարյան Գրիշան հավաստիացնում է, որ թյուրիմացություն է եղել: Ներկայում փորձում են արձանագրություն կազմել և Մաթիլյանին տալ քվեարկելու իրավունք` լրացուցիչ ցուցակներով: Քաղաքացին նաև պատմել է, որ իր տանը գրանցված մյուս անձանց փոխարեն նույնպես քվեարկել են:

15:40

Gyumri Protocol2Գյումրիում ՍիվիլՆեթի նկարահանող խումբը պատմում է 34/19 ընտրատեղամասում խախտում հայտնաբերելու մասին: Այցելության պահին քաղաքացի Գրիգորյան Ռոբերտը հայտնաբերել է, որ Ռուսաստանում գտնվող իր հարսի փոխարեն արդեն քվեարկել էին. անուն ազգանուն տողում նրա փոխարեն ստորագրված է եղել և կնքված:  

Տեղամասի հանձնաժողովի նախագահ Մինասյան Լամարան, մեկնաբանելով դեպքը, շփոթվել է և ասել, որ  «սխալմունք է տեղի ունեցել»: Մեր լրագրողը պատմում է, որ այդ պահին ընտրատեղամասում դիտորդ չկար. նստած էր միայն հանձնաժողովի անդամներից «Ժառանգության» ներկայացուցիչը, որը որևէ կերպ չի արձագանքել միջադեպին: Քաղաքացի Ռոբերտ Գրիգորյանի և ՍիվիլՆեթի նկարահանող խմբի պահանջով հանձնաժողովի նախագահը արձանագրություն է կազմել՝ գործողությունը, սակայն, ձգձգելով  և բերելով տարբեր պատճառաբանություններ: Երբ արձանագրությունն ի վերջո կազմվել է, հանձնաժաղովի անդամները, այդ թվում՝ «Ժառանգության» ներկայացուցիչը, հրաժարվել են ստորագրել այն՝ նշելով, որ «չեն տեսել խախտումը»: Թուղթը ստորագրել են հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը:

Մեր նկարահանող խումբն արել է ևս մեկ դիտարկում. տարօրինակ զուգադիպությամբ իրենց այցելած ընտրատեղամասերից շատերում ընդդիմության ներակայացուցիչներն ու դիտորդները տեղում չեն եղել: Հարցին, թե որտեղ են, ներկաները պատասխանել են, որ «դուրս են եկել ծխելու կամ ճաշելու»:

15:20

Երևանի 10/18 ընտրատեղամասում` Ն. Ստեփանյանի անվ. թիվ 71 դպրոցում, բռնի գործողություն է կատարվել ՍիվիլՆեթի լրագրողի հանդեպ: Լրագրողը, նկատելով մարդկային կուտակումներ, հարցեր է ուղղել հանձնաժողովի նախագահին: Վերջինս նյարդայնացած՝ հարվածել է տեսախցիկին: Տեսանյութը՝ շուտով:

15:10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ժամը 14:00-ի դրությամբ` հանրաքվեին  մասնակցել է ընդհանուր 622 հազ. 643 մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 24.26 տոկոսը:

Քաղաք Երևան` քվեարկության մասնակիցների թիվը` 196 հազ. 596 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 23.24 տոկոսը

Արագածոտնի մարզ` 30 հազ. 019 մարդ կամ 26.02 տոկոս

Արարատի մարզ` 66 հազ. 341 մարդ կամ 30.46 տոկոս

Արմավիրի մարզ` 57 հազ. 391 մարդ կամ 25 տոկոս

Գեղարքունիքի մարզ` 43 հազ. 721 մարդ կամ 23.27 տոկոս

Լոռու մարզ` 52 հազ. 333 մարդ կամ 21.98 տոկոս

Կոտայքի մարզ` 54 հազ. 769 մարդ կամ 23.25 տոկոս

Շիրակի մարզ` 43 հազ. 359 մարդ կամ 18.81 տոկոս

Սյունիքի մարզ` 37 հազ. 073 մարդ կամ 33.87 տոկոս

Վայոց Ձորի մարզ` 13 հազ. 321 մարդ կամ 28,25 տոկոս

Տավուշի մարզ` 27 հազ. 720 մարդ կամ 25.72 տոկոս

14:55

Լուսանկարը՝ Հետքի: Լուսանկարը՝ hetq.am-ի

Hetq.am-ը հաղորդում է, որ Արաբկիրի 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Հայկազի Խուրշուդյանը ներս է մտել, մոտեցել «Հետքի» թղթակցին, գոռացել. «Հերիք չի էստեղ էդքան բզբզաք Հետքից»: Արթուր Խուրշուդյանը խլել է «Հետքի» թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը, որտեղ լրագրողը գրում էր հերթական լուրը, նաև բաց էր նրա ֆեյսբուքյան էջը:

Մինչ լրագրողը փորձել է նկարահանել սպառնացող և համակարգիչը խլած անձին, նա հեռացել է տեղամասից, տանելով իր հետ համակարգիչը:

14:50

ՍիվիլՆեթի թղթակիցը տեղեկացնում է, որ «Դելեգիտիմացում» նախաձեռնության [մի խումբ քաղաքացիներ հանդես են գալիս «անօրինական հանրաքվեն բոյկոտելու» յուրահատուկ առաջարկով: Նրանք հայտարարում են, որ պետք է դելեգիտիմացնել այդ գործընթացը և պահանջել, որ իրենց անունները հանվեն ընտրացուցակներից] հեղինակներից Աննա Շահնազարյանը եկավ Սևան քաղաքի 23/01 ընտրատեղամաս, ջնջեց իր անունը նախ ընտրացուցակներում, ապա գրանցամատյանում: Նա ասաց, որ դիմում է ուղարկել համապատասխան մարմիններ` ԿԸՀ և ոստիկանություն, որպեսզի իր անունը հանեն ընտրացուցակներից, և դժգոհություն հայտնեց, թե ինչու անունը չի հանվել:

Տեղամասի հանձնաժողովի նախագահն ասաց, որ դա քաղաքացու իրավունքն է, յուրաքանչյուր մարդ կարող է ջնջել իր անունը ցուցակից: Նա ասաց, որ ինքը չէր կարող քաղաքացուն հանել ցուցակներից, որովհետև ցուցակները ստացել են կնքված, իր պարտականությունն է հետևել քվեարկության բնականոն ընթացքին:

Շահնազարյանն ասաց, որ սա այս արատավոր շղթայից դուրս գալու միակ տարբերակն է, և եթե բոլոր քաղաքացիները գնան իրենց ցուցակներից հանելու ճանապարհով, իշխանությունը չի կարողանա իր ենթակայության տակ ունենալ համապատասխան քանակությամբ մարդիկ, ովքեր կապահովեն իր վերարտադրությունը:

14:35

«ՈՉ»-ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել՝ կապված «լրացուցիչ ցուցակների» հետ:

«Շտաբը բազմաթիվ ահազանգեր է ստանում ընտրատեղամասերից՝ կապված «լրացուցիչ ցուցակների» հետ։ Վերջիններս նախապես պետք է կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր, իրերի բերմամբ, այդ օրը իրենց բնակավայրում չէին կարող լինել՝ նրանց քվեարկությունը գտնվելու վայրում ապահովելու համար։ Պարզվում է, որ այդ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվով մարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երևանում։ Ընդ որում՝ Երևանի յուրաքանչյուր տեղամասի «լրացուցիչ ցուցակում» հայտնվել են հենց որոշակի մեկ գյուղական համայնքի տասնյակ ընտրողներ։ Սա նշանակում է, որ գործ ունենք ընտրակեղծիքի նախապես մտածված հնարքի հետ։ Եւ հատկանշականն այն է, որ այս պահի դրությամբ, «լրացուցիչ ցուցակներով» քվեարկությանը մասնակիցների ակտիվությունը մի քանի անգամ գերազանցում է սովորական ցուցակներով քվեարկողների ակտիվությանը։

Ակնհայտորեն որպես ընտրակեղծիքի մեխանիզմ մտահղացված այս մեքենայության վրա ենք հրավիրում հանրապետության Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Դատախազության ուշադրությունը։ Այս ապօրինության համար պատասխանատվությունն ընկնում է առաջին հերթին ոստիկանության վրա, որը կազմել է այս ցուցակները, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և դատախազության վրա, որոնք համապատասխան հսկողություն չեն իրականացրել»։

14:30

«Քաղաքացի դիտորդ». 10/15 տեղամասում (Երևան, Ե.Քոչարի 12/1) ընտրողն ահազանգել է, որ ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ հանրապետությունից այս պահին բացակա իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովին, սակայն խախտումը չեն արձանագրել:

14:20

Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 6-ի, ժամը11-ի դրությամբ ոստիկանությունում ուսումնասիրվել է 27 ահազանգ, որից 3-ը ստացվել է «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 22-ը ներբեռնվել են կայքէջերից: Դրանք հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն, լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն, դիտորդական գործունեությանը խոչընդոտելուն, ընտրակաշառքի փորձին:

Բոլոր ահազանգերն ուղղորդվել են հասցեատերերին (տարածքային մարմիններ և ԱՎՎ)՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար:

Ոստիկանությունը նաև հայտարարություն է տարածել Զարուհի Փոստանջյանի բանավոր հայտարարության վերաբերյալ:

«Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է Ա. Խ.-ն «Ոչ»-ի շտաբից և հայտնել, որ Ալավերդյան փողոցի թիվ 114 դպրոցի մոտ թիվ 20 ընտրական տեղամասում հանրապետականները գումար են բաժանում և Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բռնություն են գործադրում:

Ահազանգով մեկնած օպերատիվ խմբին Զ. Փոստանջյանը բանավոր հայտարարել է, որ իր նկատմամբ  բռնություն չի գործադրվել, հրաժարվել է որևէ  բացատրություն կամ հաղորդում տալուց:

Այլ անձինք գումարներ բաժանելու վերաբերյալ դեպքի վայրում  տեղեկություններ չեն հայտնել»- ասված է հաղորդագրության մեջ:

14:10

«Նոր Հայաստան» քաղաքական միավորումը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Վարչախումբը գործի է դրել իր ամբողջ կարողությունը՝ պաշտոնական և ոչ պաշտոնական ուժային համակարգերը: Մի դեպքում նա ոստիկանությունը, հատուկ ծառայությունները և մյուս պետական մարմիններն ու ինստիտուտներն է

օգտագործում ժողովրդին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելու միջոցով հանուն իր ազատության և արժանապատվության պայքարից հեռու պահելու համար, իսկ մյուս կողմից՝ այդ նպատակով դիմում է ուժային բաղադրիչ ունեցող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քրեական տարրերի աջակցությանը:

Ասվածի վկայություններ են Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով երաշխավորված՝ կյանքի, առողջության և քաղաքական ու քաղաքացիական իրավունքների զանգվածային ոտնահարումը ոստիկանության և այլ պետական մարմինների կողմից, ինչպես նաև «Երկրապահ կամավորականների միության» ներկայացուցիչների սադրիչ հարձակումը Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի մասնակից Յուրա Աթոյանի վրա և նրանց հետագա հայտարարությունները, թե Յուրա Աթոյանին հաշվեհարդար է սպասվում:

Զարմանալի չէ, որ սահմանադրական կարգի հիմքերը տապալելու միջոցով ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության վերածված վարչախումբը ոստիկանության և մյուս պետական մարմինների ապօրինի գործողությունները փորձում է հիմնավորել ձևական և, հաճախ՝ անհեթեթ պատճառաբանություններով:

Մասնավորապես, նշվում է, որ «վրանները կարող են վնասել» մշակույթի հուշարձան համարվող Օպերային թատրոնի պատերը, երթի երթուղին փոխելը ներկայացվում է որպես պետական մասշտաբի ծանր հանցագործություն, իսկ միջազգային իրավունքով և Սահմանանդրությամբ անմիջական ժողովրդաիշխանության ձև համարվող քաղաքացիական անհնազանդության կոչերն ու գործողությունները՝ համարյա դավաճանություն:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարում է, որ վճռական է խաղաղ դիմադրության մեթոդներով ժողովրդի կամքի պարտադրման միջոցով մեր երկրում սահմանադրական կարգի հաստատման իր ծրագրին»:

Գյումրիի ընտրատեղամաս Գյումրիի ընտրատեղամաս

14:05

Գյումրիում մեր նկարահանող խումբը շրջել է 7-8 ընտրատեղամասերով, զրուցել է հանձնաժողովների նախագահների հետ, որոնց խոսքով՝ այս տարվա քվեարկությանը մասնակցությունը, նախագահական ընտրությունների համեմատ, դեռ բավական ցածր է:

Վստահված անձինք իրավիճակը նորմալ են գնահատում, սակայն մտավախություններ ունեն ընտրատեղամասերից դուրս տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Կասկածներ և լուրեր են շրջանառվում, որ մարդկանց ցուցակներով, ուղղորդված բերում են քվեարկության, կան նաև ընտրակաշքների վերաբերյալ ահազանգեր, որոնք, սակայն, հնարավորություն չի եղել հաստատել:

Ըստ ՍիվիլՆեթի թղթակցի՝ բավական շատ ահազանգեր են ստացվել Գյումրիի Արցախ թաղամասից, սակայն տեղում որևէ արտառոց բան չի արձանագրվել: Ըստ Արցախի թաղամասից ստացված լուրերի՝ բյուջետային աշխատողներին բաժանվում են գունավոր գրիչներ: Փաստը չի հաստատվել:

Ինչ վերաբերում է լրագորղների աշխատանքին, ապա հանձնաժողովի անդամները այն չեն խոչընդոտում:

Ohanyan13:45

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ մասնակցել է քվեարկությանը:

«Քվեարկել եմ հանուն բոլոր կարող ուժերի խելացի գաղափարների համադրմամբ կառավարման մշակույթի ձևավորման և յուրաքանչյուր քաղաքացու քրտնաջան աշխատանքի արդյունքում մեր հայրենիքի ապագան անվտանգ պայմաններում կերտելու»,- ասել է նախարար Օհանյանը: Նախարարը նշել է, որ «կարելի է հանգիստ լինել. հայկական բանակը կա, իր առջև դրված խնդիրն իրականացնում է և վաղն էլ իրականացնելու է գերազանց»:

13:40

DSC_0460ՍիվիլՆեթի թղթակիցը հաղորդում է, որ Վանաձորի 30/35 ընտրատեղամասը տեղակայված է Հանրապետական կուսակցության անդամ, արդեն 16 տարի Վանաձորի անփոփոխ քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող ռեստորանային համալիրում:

Ըստ Ընտրական օրենսգրքի հոդված 15-ի (տեղամասային կենտրոնը)` տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական տեղամասում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող համապատասխան շենքերի, շինությունների բացակայության պատճառով, ընտրողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով տեղամասային կենտրոնի տեղակայման համար համայնքի ղեկավարը կարող է վարձակալել համապատասխան տարածքներ: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի ընտրության և քվեարկության սենյակի` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը:

Տեղամասային կենտրոնը չի կարող գտնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական ուսումնական հաստատությունների, զորամիավորումների և առողջապահության հիմնարկների զբաղեցրած շենքերում:

13:15

ՍիվիլՆեթի տեսախցիկը Արտաշատի 17/10 և 17/11 ընտրատեղամասերի դիմաց ֆիքսել է շտապօգնության մեքենա: Մեքենայում եղել է մոտ 10 կին: Մեր թղթակցի հարցին, թե ինչու են նստած շտապօգնության մեքենայի մեջ, կանայք պատասխանել են, որ եկել են հանրաքվեի մասնակցելու, իսկ հարցին, թե ինչու են շտապօգնության մեքենայով եկել, նրանք պատասխանել են, որ մեքենան մասնավոր է: Կանայք ասել են, որ հարևաններով եկել են քվեարկության:

ՍիվիլՆեթի տեսախցիկը ֆիքսել է, որ մեքենայի համարանիշները պետական են:

12:45

Screen shot 2015-12-06 at 1.05.09 PMՔվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Ես կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին գալ և քվեարկել` ազատորեն, առանց բռնանալու իր կամքի վրա: Եվ մի բան էլ հաստատ գիտեմ` որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, ես կրկնում եմ` իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքները ավելի օբյեկտիվ կլինեն»,- քվեարկությունից հետո լրագրողներին ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

12:35

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է քվեարկությանը Երևանի Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 10/8 տեղամասում: Նա նշել է, որ քվեարկել է հանուն երկրի կայուն ապագայի և զարգացման:

«Համոզված եմ, որ օրը բարի է ժողովրդի համար, ամեն ինչ արել ենք, որ հանրաքվեն անցնի ազատ, թափանցիկ, և հորդորել ենք մեր թիմացիցներին լինել անաչառ արջի ծառայություն չմատուցել, սադրանքի չգնալ, ապահովել թափանցիկ քվեարկություն: Թող ժողովուրդը որոշի «այո»-ն կամ «ոչ»-ը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Պատասխանելով լրագրողների հարցին` արդյոք կառավարման համակարգի փոփոխությունից հետո պատրաստ է լքել վարչապետի պաշտոնը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես հիմա վարչապետ եմ և հուսով եմ, որ ապագայում էլ վարչապետ կլինեմ»։

12:30

ՍիվիլՆեթի լրագրողը հաղորդում է, որ 4/13 ընտրատեղամասում՝ 151 հիմնական դպրոցում, 75 համարի երթուղայինով պարբերաբար տեղափոխում են ընտրողների, ինչի հետևանքով մարդկային կուտակումներ են տեղի ունենում: Հանձնաժողովի նախագահը լրագրողներին թույլ չի տալիս մտնել ներս, որի իրավունքը չունի: Լրագրողները ներս են մտնում միայն նրա թույլտվությամբ:

12:20

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընդհանուր 201.259 մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 7.84 տոկոսը:

Քաղաք Երևան` քվեարկության մասնակիցների թիվը` 66040 մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 7.81 տոկոսը

Արագածոտնի մարզ` 8249 մարդ կամ 7.15 տոկոս

Արարատի մարզ` 23886 մարդ կամ 10.97 տոկոս

Արմավիրի մարզ` 20863 մարդ կամ 9.9 տոկոս

Գեղարքունիքի մարզ` 14050 մարդ կամ 7.48 տոկոս

Լոռու մարզ` 13135 մարդ կամ 5.5 տոկոս

Կոտայքի մարզ` 18520 մարդ կամ 7.86 տոկոս

Շիրակի մարզ` 10432 մարդ կամ 4.52 տոկոս

Սյունիքի մարզ` 13160 մարդ կամ 12.2 տոկոս

Վայոց ձորի մարզ` 3802 մարդ կամ 8.6 տոկոս

Տավուշի մարզ` 9122 մարդ կամ 8.30 տոկոս

11:55

«Քաղաքացի դիտորդ». 35/34 , Գյումրի, թիվ 3 դպրոց, քվեախցում ցնդող գրիչներ են դրված:

01/08 տեղամասում «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչի վրա է հարձակվել տեղամասային հանձնաժղովի նախագահը՝ խոչնդոտելով նկարահանումը: Կա տեսագրություն, կհրապարակվի ավելի ուշ:

11:30

Սիվիլնեթի լրագրողը հաղորդում է, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության երկու ներկայացուցիչներ պատմել են 8-րդ ընտրատարածքի 8/25 ընտրատեղամասի ներսում մոտ 30-35 հոգու կուտակման մասին: Ներկայացուցիչներից մեկն ասում է՝ խմբի որոշ անձինք նկատվել են նաև նախորդ ընտրություններում:

Screen Shot 2015-12-06 at 11.34.20 AM copy11:10

Երևանի 9/11 ընտրատեղամասում քվեարկեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Սերժ Սարգսյանը խուսափեց լրագրողների հետ շփումից`ասելով, որ հարցերին կպատասխանի քվեարկությունից հետո:

11:00

Ժամը 11:00-ին քվեարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա պատռեց քվեաթերթիկը՝ ասելով «հանուն Հայաստանի Հանրապետության»:

Նա լրագրողներին ասաց, որ անհրաժեշտ է հրապարակել ընտրացուցակները: Խոսելով իշխանությունների կողմից «Այո»-ի քարոզարշավի մասին, Հովհաննիսյանն ասաց. «Այսօր շտաբի պետերից, ամենամեծ շտաբի պետից սկսած՝ մինչև մարզպետ ու քաղաքապետ, գյուղապետ՝ այդ ողջ ուղղահայացով աշխատում է կեղծիքի, ստի և հակահայ, հակահայաստանցի այդ մեքենենան, որը աղերս չունի մեր արժեքների, մեր Սահմանադրության և Հայաստանի քաղաքացիների հետ»: «Այս գիշեր ժամը 8-ից սկսած ինձ կգտնեք Ազատության հրապարակում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

11:00

Ոստիկանությունը հաղորդում է, որ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում առկա են 110 անհատական տվյալների համընկումով 220 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են:

Միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկը՝ ըստ ընտրատարածքների և ըստ ընտրական տեղամասերի, հրապարակված է ոստիկանության կայքում:

10:45

ՍիվիլՆեթի լրագրողը հաղորդում է, որ Մալաթիա-Սեբաստիա 8-րդ ընտրատարածքի 8/27 ընտրատեղամասում Քաղաքացի դիտորդ նախաձեռնության դիտորդի և հանձնաժաղովի նախագահի միջև տեղի է ունեցել վեճ: Դիտորդը տվյալներ է պահանջել գրանցամատյանից (նույնականացման քարտերի և անձնագրային տվյալներ), սակայն հանձնաժողովի անդամները խոչընդտել են ասելով՝ որ իրավունք չունի:

10:40

Past.amհաղորդում է, որ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության երիտթևի ներկայացուցիչ Վիգեն Դավթյանից ահազանգ է ստացել Քասախում տեղակայված 6/25 ընտրատեղամասում լցոնումների մասին: Դավթյանի խոսքով՝ լցոնում է արել 6/25 ՏԸՀ նախագահ Նարեկ Մկրտչյանը, իսկ ծրարները կնքել է հանձնաժողովի անդամներից մեկը:

Վիգեն Դավթյանը լցոնումներով արկղը ջարդել է: Տեղամաս են ժամանել թիվ 6 Ընտրատարածքային ընտրական տեղամասի ներկայացուցիչները և ջարդած արկղը փոխել նորով: Ըստ ահազանգի հեղինակի՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են քվեատուփում առկա քվեաթերթիկները հաշվել և համեմատել ընտրական ցուցակում առկա ստորագրությունների հետ:

Վիգեն Դաթյանը հաղորդում է տվել հանցագործության մասին: ՏԸՀ-ում կազմվել է համապատասխան արձանագրություն: Վիգեն Դավթյանը Past.am-ին նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովի անդամները բոլորը Քասախի գյուղապետարանի անդամներն են, որոնք կատարում են գյուղապետի հրահանգը: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀԿ-ական, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն է, Քասախի գյուղապետի եղբորորդին:

10:30

«Քաղաքացի դիտորդ»-ը տեղեկացնում է, որ 9/11 տեղամասից, որտեղ ավելի վաղ լրագրողներին արգելել էին ներկա լինել, ժամը 09:48-ի դրությամբ վեճերից հետո հանձնաժողովի նախագահը ստիպված թույլ է տվել լրագրողներին ներս մտնել: Սակայն 40 րոպեից ավելի նրանց իրավունքը սահմանափակված է եղել, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված հանցագործություն է. «Լրագրողի օրինական պարտականությունների կատարման խոչընդոտումը»: Այդ տեղամասում, ենթադրվում է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանը:

10:18

Ժամը 10:07-ի դրությամբ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներից և ԶԼՄ ներկայացուցիչներից ստացված ահազանգերը հիմնականում հետեւյալ խմբերով են.

  1. Տեղամասերում հանձնաժողովների անդամները խոչընդոտում են դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցչիների աշխատանքը, արգելելով ազատ տեղաշարժվել տեղամասի տարածքում, դիտել քվեարկողների փաստաթղթերը և քվեարթերթիկ ստանալու համար նախատեսված մատյանները, համոզվել ու հավաստիանալ, որ մարդը ստանում է իր հասանելիք քվեաթերթիկը:
  2. Մի քանի տեսղամասերում պատճառաբանելով «Ասպարեզ» օրաթերթի և www.asparez.am կայքի խմբագրի տված վկայականների վրայի կնիքի որակը, փորձելով դուրս հանել ԶԼՄ ներկայացուցիչներին տեղամասերից, չնայած վկայականները կնքված են երկու կողմից:
  3. Մի քանի տեղամասերում հանձնաժողովների նախագահները, փորձում են արգելել «Ասպարեզ» օրաթերթի և www.asparez.am կայքի ներակյացուցիչներից մեկնումեկի ներկայույթունը տեղամսում՝ պնդելով թե դրանք նույն ԶԼՄ-ն են, մի քանիսը չեն հասկանում կամ չհասականալու են տալիս, որ դրանք տարբեր լրատվամիջոց են:
10:15

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում այսօր ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ Հայաստանում քվեարկությունն իրականացվում է երկու եղանակով՝ էլեկտրոնային և ավանդական:

«Հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամներ, այն իրավաբանական անձանց աշխատողները, ովքեր աշխատում են այդ իրավաբանական անձանց արտերկրում գործող ներկայացուցչություններում: Իսկ շրջիկ քվեատուփերի միջոցով քվեարկություն կարող են իրականացնել միայն ստացիոնար բուժում ստացող ՀՀ քաղաքացիները»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են ընտրել անձնագրերով կամ նույնականացման քարտերով, իսկ զինվորականները՝ զինվորական գրքույկով։

10:10

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հաղորդում է, որ ժամը 09:30-ի դրությամբ 9/11 տեղամասից, որտեղ քվեարկելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողների, այդ թվում` Մկրտիչ Կարապետյանին, չնայած այն հանգամանքին, որ նրանք իրենց վկայականներով պատշաճ ներկայացել են տեղամասի հանձնաժողով և գրանցվել այնտեղ: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե այդտեղ ԶԼՄ ներկայացուցիչ լինելու համար պարտավոր են նախագահականում հավատարմագրվել: Այսպիսով տեղի է ունենում ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հատկանիշներով հանցագործություն` Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը:

10:05

Թող խաղաղվեն Սեֆիլյաններն ու մյուս երևույթները. էս երկրում խժդժություն չի լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին թիվ 9/14 ընտրատեղամասում քվեարկելուց հետո մի խումբ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում իշխանափոխություն իրականացնելու մասին հնչող կոչերին:

«Օրենքից ցանկացած շեղում շատ խիստ և արագ կպատժվի»,- news.am-ի փոխանցմամբ՝ հավելել է նա:

Հարցին, թե հնարավոր է` իրավիճակն այնպես փոխվի, որ նորից «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնա աղոթելու, ՀՀ ոստիկանապետը պատասխանել է. «Շատ հնարավոր է: Աղոթքից պետք չի խուսափել, չաղոթողներից է պետք վախենալ»:

09:55

Արարատի մարզի մարզպետարանի և Արտաշատ քաղաքի քաղաքապետարանի շենքի դիմաց կայանված են 5 երթուղային տաքսիներ, որոնց երթուղիների համարները սպիտակ թղթով փակված են, երթուղայիններից մեկի ապակու վրա գրված է Երևան մոլ:

ՍիվիլՆեթի տեսախցիկը ֆիքսել է 41 համարի երթուղայինը: Երբ մեր թղթակիցը փորձել է մոտենալ վարորդներին, նրանք թողել են մեքենաները և հեռացել: Քիչ անց վազքով մոտեցել են և հեռացել մեքենաներով:

09:47

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ժամը 09:48-ի դրությամբ մի շարք ընտրատեղամասերում գրանցել է խախտումներ` Գյումրիում, Հրազդանում, Երևանում: Գրանցվել են քվեատուփի լցոնման, բազմակի քվեարկության, մարդկանց կամ մեքենաների կուտակումների և այլ դեպքեր:

Դեկտեմբերի 5

Չորս տաքսի ծառայություն հրաժարվել է առավոտյան ժամը 7-ին դիտորդներին տեղափոխել տեղամասեր։ Պատվերները նախապես ընդունել էին, պայմանագիր ունեին։ Նրանցից մեկի ներկայացուցիչն ասել է, որ մեքենաները Թբիլիսիում են, մյուսինն ասել է, որ կիրակի է, չեն աշխատելու։ Տաքսի ծառայությունների անուններն են՝ Taxi Lada (010 56 90 90), Taxi Aqua (010 20 00 90), Taxi Online (060 64 46 44), Taxi Ani (010 36 51 00):