7 դեկտեմբեր, 2015 11:28

Երեկ ունեցել ենք մեկ զոհ՝ մուկը

Երեկ մենք ցայտուն տեսանք, որ մեր երկրի ամենաորոշիչ ուժը բակերի, թաղերի անգործ, անփող, անուսում, անգրագետ, անիքնասեր, անլվա, անհեռանկար տղաներն են: Նրանք հաղթում են ստրուկ լինելու իրենց հզոր պոտենցիալով: Երեկ մենք ցայտուն տեսանք, որ մեր երկրի ամենաորոշիչ ուժը բակերի, թաղերի անգործ, անփող, անուսում, անգրագետ, անիքնասեր, անլվա, անհեռանկար տղաներն են: Նրանք հաղթում են ստրուկ լինելու իրենց հզոր պոտենցիալով:

Երեկ ունեցել ենք մեկ զոհ՝ մուկը:

Գյումրիում հոսանքազրկումների պատճառը ենթակայան մտած մուկն է եղել: Այս մասին Panorama.am-ին հայտնել են ՀԷՑ-ից: «Բարձր լարման տակ է ընկել, մուկը սատկել է: Այդ պատճառով էլ նման խնդիր է առաջացել: Հոսանքազրկումը տևել է 10 -15 րոպե»,- ասել է 1-80 կարճ հեռախոսահամարի օպերատորը: 10-15 րոպեում կարելի է Սահմանադրություն անցկացնել մեռած մկան վրա…

«Ամալը մեռել է, բալա ջան, Ամալը ընդոր քվեարգե, Ամալը մեռել է, տարին կթմմէ, բա-լա-ջան»,- ասում է ծեր կինը հանրաքվեի նախօրեին՝ «Ազատության» եթերում : Բայց Ամալը «քվեարկեց»՝ հիմք դնելով նոր Սահմանադրությանը:

Երեկ Կուրթան գյուղի ընտրական հանձնաժողովի նախագահը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասում է.

- Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ այո-ն կհաղթի, թե ոչ-ը, բայց այո-ի կողմնակից ենք մենք:

- Բա եթե տարբերություն չկա, ինչու՞ եք այո ասում:

- Ո՞նց տարբերություն չկա:

- Դուք նոր ասացիք:

- Հա, տարբերություն չկա, որովհետև ժողովրդի հմար այո-ն էլ ա նույնը, ոչ-ն էլ: Բայց լավ, որ գիտակցում ենք այո-ն ավելի ձեռնտու ա: Այո տինք ասիլ, որ երկիրը զարգանա:

- Դուք Սահմանդրությունը կարդացե՞լ եք:

- Բա ինչ եմ արել:

- Երկրորդ հոդվածը ինչի՞ մասին է:

- Ես հոդվածների բանով չեմ ասի, թե որն ինչ ա՝ չգիտեմ տոշնի, բայց կարդացել եմ, խառը բաներ ա, փիլիսոփայություն ա ընդամենը:

Փիլիսոփայական գիրքը երեկ դարձավ Սահմանադրություն:

Երեկ փայլեցին ընտրատեղամասերում համարյա ազատամարտիկի գործ արած ընկերներս: Լուսաբացից մինչև ուշ գիշեր երկրի ամենատհաճ ու ամենաագրեսիվ ոչնչությունների հետ կռիվ են տվել: Գիտեք, իրականում համարյա անհնար է հուսահատության էդ հորձանուտում ու զզվանքի մեջ այդքան ուզել, որ հաղթի ճիշտը: Երեկ այդ մարդիկ ցույց տվեցին, որ բոլոր այն տեղամասերում, որոնք իրենք վերահսկել են՝ հաղթել է ոչ-ը: Երեկ իրենք ապացուցեցին, որ աշխատանքն ապարդյուն չէ երբեք: Ապացուցեցին, որ ավելի շատ լինելու դեպքում կվերահսկվեին բոլոր տեղամասերը, ու արդյունքն ուրիշ կլիներ:

Երեկ մենք տեսանք, որ ժողովուրդն անկամ չէ: Ոչ-ը հաղթում էր, ու ոչ ասողները երկրի բոլոր ծանրությունները ամեն օր կրող մարդիկ էին: Իրենց դժվար ջեռուցվող տներից , անփող ու անհրապույր կյանքի մեջ իրենք դեմք են պահում ու գալիս են քվեարկության ու քվեարկում են այնպես, որ հաղթում են:

Երեկ մենք ցայտուն տեսանք, որ մեր երկրի ամենաորոշիչ ուժը բակերի, թաղերի անգործ, անփող, անուսում, անգրագետ, անիքնասեր, անլվա, անհեռանկար տղաներն են: Նրանք հաղթում են ստրուկ լինելու իրենց հզոր պոտենցիալով: Նրանք ունեն իրենց կանոնները, որով տեղավորվում են կյանքում իրենց կենսագրության մեջ առկա բոլոր «ան» ժխտական մասնիկով սկսվող բառերի հետ: Նրանք ուժ են: Որովհետև կարող են կատարել ցանկացած արարք մի քանի հազար դրամով, քանի որ սնանկ են ոչ միայն ուղեղով, այլև դրամապանակով: Նրանք չեն կարող աշխատել, որովհետև տգետ են, ֆիզիկապես՝ թույլ ու հիվանդոտ: Նրանք օգնում են իրենցից ուժեղներին, որ կարողանան բակում ու թաղում գրավել մեկ քառակուսի մետր տարածք՝ կանգնելու համար: Սա իրականում սոսկալի ուժ է դառնում, երբ իրենց պարագլուխն իրականում իրենցից տարբերվում է միայն դրամապանակով: Միկրոցեֆալ ուղեղներով ու դատարկ ստամոսքներով անլվա տղաները մեր բակերի ու թաղերի «իսլամական պետությունն են»: Իրենք վաղուց որոշում են շրջակա միջավայրի «ճիշտն» ու «սխալը»: Նրանք մի օր անցկացնելու են իրենց Սահմանադրությունը: Թվով շատ են, ուղեղով՝ տկար: Փաստորեն, ունեն իրական ներուժ իշխանություն ունենալու: Նրանք երեկ դարձան մեր նոր Սահմանդրության հիմքը:

Երեկ Վենեսուելայում խորհրդարանական ընտրություններ էին: Ընդդիմությունը հաղթել է: Նրանց դրոշը մերի գույներն ունի ՝ուղղակի թարս՝ դեղին, կապույտ, կարմիր…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: