8 դեկտեմբեր, 2015 10:30

Բրյուսելում տրվել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը

g_image

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական Միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ազդարարել են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները:

«Ես հավատացած եմ, որ մենք այսօր նոր խոստումնալից էջ ենք բացում Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ հարաբերություններում»,- բանակցությունների մեկնարկի կապակցությամբ իր խոսքում ասել է Նալբանդյանը:

Նա նշել է, որ Հայաստան-ԵՄ ընդհանուր օրակարգի առաջնահերթությունների թվում են առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործումը և ոլորտային համագործակցության ընդլայնումը:

Նալբանդյանը նաև համոզմունք է հայտնել, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:

Ֆեդերիկա Մոգերինին իր հերթին նշել է, որ նոր համաձայնագրի հիմքում ընկած են լինելու Հայաստանի և ԵՄ-ի ընդհանուր արժեքներն ու հանձնառությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը: «Այն կստեղծի բարենպաստ պայմաններ` ամրապնդելու համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, նոր հնարավորություններ` երկկողմ առևտրի և ներդրումների, ինչպես նաև տեղաշարժի ընդլայնման համար` ի շահ ԵՄ-ի և Հայաստանի քաղաքացիների»,- ասել է Մոգերինին:

Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատը Եվրահանձնաժողովին տրամադրել էր հոկտեմբերի 12-ին: Նոր համաձայնագիրը փոխարինելու է ԵՄ-ի և Հայաստանի միջև ներկայում գործող Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին:

***

2013թ. աշնանը շուրջ չորս տարի տևած բանակցություններից հետո Հայաստանը պետք է Եվրոպական Միության հետ ստորագրեր Ասոցացման համաձայնագիր և Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիր: 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը որոշել է միանալ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միությանը (ավելի ուշ՝ Եվրասիական տնտեսական միություն): Այդ հայտարարությունը փաստացի նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպական Միության հետ շուրջ չորս տարի բանակցված փաստաթղթերից: