9 դեկտեմբեր, 2015 16:27

ԼՂՀ արտգործնախարարը ԱՄՆ-ում հանդիպել է Ջեյմս Ուորլիքի հետ

Karen-Mirzoyan Արխիվային լուսանկար

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացում առկա իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:

Մասնավորապես, երկուստեք ընդգծվել է հրադադարի խախտումները բացառելու և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

***

Դեկտեմբերի 8-ին հակառակորդի կրակից Արցախում զոհվել է պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող Գարիկ Ավանեսյանը:

ԼՀՂ ՊՆ-ն այսօր տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ հակառակորդն առաջին անգամ տանկից արկակոծման է ենթարկել պաշտպանության բանակի մարտական դիրքերը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանn այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ` իր մտահոգությունը հայտնելով հակառակորդի կողմից իրավիճակը հետևողականորեն ապակայունացնելու վերաբերյալ: