9 core.base.month.12, 2015 17:13

«Հյուսիս-հարավ»-ի Լանջիկ-Գյումրի հատվածը կկառուցի չինական ընկերությունը

north-south1«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի՝ Թալին-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ երկարությամբ հատվածը կկառուցի չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը. ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության և «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի միջև այսօր ստորագրվել է աշխատանքների իրականացման երկկողմ պայմանագիր:

Ինչպես հաղորդում են տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից, ընկերությունն աշխատանքները կիրականացնի 74.066.179,92 մլն եվրո գումարով: Ճանպարհահատվածը կկառուցվի Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկային միջոցների, Եվրոպական Միության դրամաշնորհի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ:

Նախարարությունից հաղորդում են, որ շինարարությունը, ըստ պայմանագրի, կմեկնարկի 2016թ. մարտ ամսից։ Ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է կառուցել երեք տարվա ընթացքում:

«Ընկերության հետ տեղի ունեցած մինչպայմանագրային բանակցությունների արդյունքում՝ շինաշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ մի քանի առանցքային հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` չինական կողմը ճանապարհի կառուցման համար մեծամասամբ օգտագործելու է տեղական շինանյութեր. մասնավորապես՝ ցեմենտը, խիճը, ավազն ու այլ հանքանյութեր 100%-ով կլինեն հայաստանյան ծագմամբ: Ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ աշխատուժի շուրջ 70 տոկոսը լինելու է Հայաստանից»,- ասված է տրանսպորտի և կապի նախարարության հաղորդագրության մեջ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ 2016թ.  շինաշխատանքներ կմեկնարկեն նաև Տրանշ 3-ի հաջորդ՝ Թալին-Լանջիկ հատվածում: 18.7 կմ ճանապարհի կառուցման մրցույթին մասնակցում է 6 ընկերություն: Այս տարվա ավարտին լիարժեք շահագործման է հանձնվելու «Հյուսիս-հարավ»-ի առաջին հատվածը՝ Երևան-Արտաշատ-Երևան-Աշտարակ 31 կմ ընդհանուր երկարությամբ բետոնապատ արագընթաց մայրուղին:

***

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) երկարությունը կազմում է 556 կմ, ծրագրի իրականացման ժամկետը՝ 2009-ից մինչև 2017-ը: Ծրագրի իրականացման համար Հայաստանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2009թ. սեպտեմբերին կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որում ծրագիրը գնահատվել էր 962 մլն դոլար, ԱԶԲ-ի ֆինասնավորումը՝ 500 մլն: ԱԶԲ-ի երկու տրանշերով 2010թ. հատկացվել են 230 մլն դոլարի վարկային միջոցներ: «Տրանշ-1»-ով հատկացված 60 մլն դոլարն ուղղվել է Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածների վերականգնողական, իսկ «Տրանշ-2»-ի 170 մլն դոլարը՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցման աշխատանքներին։ 2014թ. Երևանում ստորագրվել է «Տրանշ-3»-ով 100 մլն դոլար վարկային միջոցներ հատկացնելու պայմանագիր։

Այս տարվա ապրիլին ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության («Տրանշ-4»)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին», որի շրջանակում ՀՀ-ին տրամադրվում է 150 մլն դոլարին համարժեք վարկ: Այն ներգրավվում է 20 տարի մարման ժամկետով, որից հինգ տարին՝ արտոնյալ, ֆիքսված տոկոսադրույքը՝ տարեկան 1,65 տոկոս: