14 դեկտեմբեր, 2015 12:49

ԱՄՆ դեսպանությունը հետևում է հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին

us-embassyՀայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ նոր հայտարարությամբ, որում նշում է, որ շարունակում է հետևել հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին:

«Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից: Մենք ողջունում ենq ՀՀ կառավարության պաշտոնյաների, մասնավորապես գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հանձնառությունը հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ դեսպանությունը վերահաստատել է, որ «խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի ՀՀ ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ»:

«Լիարժեք ու թափանցիկ քննությունները և դրանց արդյունքների մասին հրապարակումները, նույնիսկ եթե այդ քննությունների արդյունքով քրեական գործեր չեն հարուցվում, կարող են օգնել Ընտրական հանձնաժողովին, Ազգային ժողովին և քաղաքացիական հասարակությանը վերհանել ընթացիկ ընտրական գործընթացների այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս: Առաջիկայի հետ կապված՝ մենք վերահաստատում ենք մեր կոչը ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու մասին և հորդորում ենք նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների՝ մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում»,- ասված է հայտարարության մեջ:

***

Պաշտոնական նախնական արդյունքներով սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել 825 851 ընտրող, «ոչ»`  421 600 ընտրող:

Դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և քվեների հաշվարկի ընթացքում ՍիվիլՆեթը, այլ լրատվամիջոցներ, բազմաթիվ դիտորդներ ու քաղաքացիներ արձանագրել էին բազմաթիվ ընտրախախտումներ:

Նոր Սահմանադրությամբ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

ԱՄՆ դեսպանությունը դեկտեմբերի 8-ին հանդես էր եկել հայտարարությամբ` որում գոհունակություն էր հայտնել «ՀՀ ժողովրդին ու կառավարությանը` բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ»: Դեսպանությունը նաև մտահոգություն էր հայտնել արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ և ՀՀ իշխանություններին կոչ էր արել լիարժեք հետաքննել դրանք` «համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ»: