14 դեկտեմբեր, 2015 09:23

Երևանի թիվ 164 դպրոցը՝ սահմանապահ զինվորի և դպրոցականի կողքին

Բերքաբեր, հետևում՝ Գվարզին  սարը, այսօր Ադրբեջանի տարածքում Բերքաբեր, հետևում՝ Գվարզին սարը, այսօր Ադրբեջանի տարածքում

Բերքաբեր գյուղը Տավուշի մարզում է՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի վրա: Դեմդիմաց գտնվող հարևան ադրբեջանական գյուղի՝ Մազամի հետ սահմանը անցնում է Ջողազի ջրամբարով: Այս ջրամբարը կառուցվել է Խորհրդային Միության վերջին տարիներին՝ Իջևանի ու Նոյեմբերյանի և Ղազախի շրջանների հայկական և ադրբեջանական գյուղերի այգիները և դաշտերը ոռոգելու նպատակով: Ղարաբաղյան պատերազմի պատճառով ջրամբարը հնարավոր չէ շահագործել: Հնարավոր չէ նաև ձուկ որսալ, քանի որ հենց մոտենում ես ջրամբարին, հակառակորդը կրակում է:

Բերքաբեր գյուղի հողատարածքների մեծ մասը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ 1991-ից ի վեր: Բերքաբերը սահմանի այն բնակավայրերից է, որտեղ ոչ միայն հող մշակելն է վտանգավոր, այլև գյուղի փողոցներով քայլելը: Սա հայ-ադրբեջանական սահմանի այն բնակավայրերից է, որտեղ հակառակորդն ունի աշխարհագրական բարենպաստ դիրք, գյուղի գրեթե բոլոր տներն ու փողոցները գտնվում են ադրբեջանական դիպուկահարների ափի մեջ:

Գյուղի՝ հիմնովին վերանորոգված դպրոցը, որտեղ սովորում է շուրջ չորս տասնյակ աշակերտ, գտնվում է համեմատաբար անվտանգ հատվածում:

Դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան Երևանից ես իմ ամենագնաց ավտոմեքենայով ուղևորվեցի Բերքաբեր մեկ նպատակով՝ գյուղի դպրոցականներին հասցնելու մայրաքաղաքի դպրոցներից մեկի աշակերտների նվերները: Այդ դպրոց է հաճախում նաև իմ կրտսեր որդին, ու ես որոշեցի մաս կազմել դպրոցի ղեկավարության, աշակերտների ու ծնողների կազմակերպած ձեռնարկին:

Երևանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցի աշակերտները, նրանց ծնողները և ուսուցիչները որոշել էին իրենց համեստ օժանդակությունը բերել սահմանապահ հայ զինվորի և Հայաստան-Ադրբեջան սահմանին մոտ գտնվող գյուղերի դպրոցներին:

Երկու շաբաթվա ընթացքում նրանք դպրոց բերեցին ինչ կարող էին՝ հագուստ, խաղալիքներ, գրենական պիտույքներ, շոկոլադ և այլ ուտելիքներ: 7-րդ Ա դասարանի աշակերտների հավաքած նվերները 10 մեծ արկղից ավելի էին:

Երևանից Բերքաբեր ճանապարհին ես կանգ առա հայկական բանակի զորամասերից մեկում և հրամանատարությանը փոխանցեցի այն արկղերը, որոնց վրա մեծատառերով գրված էր՝ ԶՈՐԱՄԱՍ: Հիշելով իմ զինվորական ծառայության տարիները՝ ես նկարվեցի սահմանը պահող և մեր հանգիստն ապահովող հայ զինվորների հետ:

Մի քանի տարի անց Հայաստանի սահմանները պաշտպանելու հերթափոխը հասնելու է նաև Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցի տղաներին:

Բերքաբերի դպրոցում տեղյակ չէին, որ թիվ 164 դպրոցի աշակերտները նվերներ են պատրաստել: Դպրոցի տնօրեն Վոլոդյա Բալասյանը, ուսուցիչներն ու աշակերտները ուրախ էին հաճելի անակնկալից:

Բերքաբերի դպրոցականները: Բերքաբերի դպրոցականները:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: