15 դեկտեմբեր, 2015 18:34

Շահագործվել է «Արմավիր» ՔԿՀ-ի 4 նոր մասնաշենք

12260_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 15-ին այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ՔԿՀ-ի 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենք, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Բացման արարողությանը ներկա են եղել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Կառավարության հաղորդագրության համաձայն` ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ԵՄ-ն հանձնառու է և պատրաստակամ` աջակցելու Հայաստանին՝ հետագա բարեփոխումների իրականացման գործում: «Այս կառույցը հրաշալի հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել Եվրոպայի խորհրդի առաջարկությունները՝ աջակցելով Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանը»,- ասել է Սվիտալսկին: Նա կարևորել է «Արմավիր» ՔԿՀ-ում համապատասխան ծառայությունների, մասնավորապես, կրթության, բժշկական օժանդակության և մարդու իրավունքներին արժանի այլ ծառայությունների բարձրորակ մատուցումը:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցումը հերթական առաջընթաց քայլն է ՀՀ-ում արդարադատության, մասնավորապես, քրեակատորաղական ոլորտում բարեփոխումների ուղղությամբ:

Այսպիսով` ամբողջությամբ ավարտին են հասցվել «Արմավիր» ՔԿՀ-ի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքները, կարանտինի, պատժախցերի և հիվանդանոցի մնացած հատվածները:

Հիմնարկի շինարարության իրականացումն ընթացել է 2007-2015 թթ-ին. այն կառուցվել է երկու փուլով՝ 2007-2009 թթ. և 2009-2015 թթ.: 2014-ին շահագործման էր հանձնվել «Արմավիր» ՔԿՀ-ի՝ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, ինչն իր մեջ ներառում է հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը: Ռեժիմային գոտում առկա է 46 դատապարտյալի համար նախատեսված 23 պատժախուց, գործում է լվացքատուն, խոհանոց` կահավորված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Լիովին կահավորված են նաև երկարատև տեսակցության համար նախատեսված 13 սենյակները, գործում է առանձին մանկական սենյակ: Յուրաքանչյուր խուց ապահովված է սանհանգույցով: Կարճատև տեսակցությունների համար սենյակը նախատեսված է միաժամանակ 8 դատապարտյալի տեսակցությունը պատշաճ կարգով ապահովելու համար: Հիմնարկում առկա է նաև արհեստագործական 6 սենյակ, գրադարանը համալրված է շուրջ 3 հազար 200 կտոր գրականությամբ, գործում է համակարգչային սենյակ: