16 դեկտեմբեր, 2015 12:27

Պետդեպը ողջունել է ԼՂ հակամարտության հարցով կոնգրեսականների առաջարկությունները

StateDept_RoyceEngel_ResponԱՄՆ Պետքարտուղարությունը պաշտոնապես ողջունել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոթ Էնգելի ու նրանց ավելի քան 80 գործընկերների ստորագրած` ԼՂ հակամարտության վերաբերյալ առաջարկությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի ագրեսիան զսպելուն, տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Միացյալ Նահանգներն աջակցում է դիպուկահարներին հեռացնելու, ԵԱՀԿ դերը ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի միջոցով մեծացնելու և շփման գծում ու Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով սենսորներ տեղակայելու առաջարկություններին: […] Առանց հրադադարի ռեժիմի խախտումները ստուգող մեխանիզմի կամ կրակի արձակման ելակետը որոշող սենսորների` համանախագահների համար դժվար է որևէ կողմի մեղադրել ուժի կիրառման մեջ»,- ասված է Պետքարտուղարության արձագանքում, որը թվագրված է նոյեմբերի 12-ով, և որի պատճենը դեկտեմբերի 16-ին հրապարակել է Հայ դատի հանձնախումբը:

Հանրապետական Էդ Ռոյսն ու դեմոկրատ Էլիոթ Էնգելը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ուղղված իրենց նամակում առաջ են քաշում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության հաստատմանը միտված երեք կոնկրետ քայլեր, որոնք պետք է «կարճաժամկետ հեռանկարում փրկեն կյանքեր և օգնեն կանխել պատերազմը»: Երկարաժամկետ հեռանկարում, նշված է նամակում, «այդ քայլերը կարող են նպաստել համընդհանուր և տևական խաղաղության հաստատմանը տարածաշրջանի բոլոր բնակիչների համար»:

Այդ քայլերն են` շփման գծի երկայնքով դիպուկահարներ չտեղակայելու վերաբերյալ համաձայնագիր բոլոր կողմերի միջև; ԵԱՀԿ դիտարկող, հրազեն որսացող ազդանշանային համակարգի տեղակայում` հարձակումների աղբյուրը որոշելու նպատակով; ԵԱՀԿ հավելյալ դիտորդների տեղակայում` հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նշում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը համաձայնել են Ռոյս-Էնգել նամակի բոլոր երեք առաջարկներին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը և ԵԱՀԿ-ն նույնպես աջակցում է այս նախաձեռնություններին: Միայն Ադրբեջանն է դեմ դրանց կյանքի կոչմանը, նշում է Հայ դատի հանձնախումբը: