18 դեկտեմբեր, 2015 11:02

Նկուղի արևելքը դժվար է որոշել

7 «Ինչ է տալիս աշխարհին միգրացիայի միջազգային օրը կամ ինչով է ավելի լավացնում աշխարհը՝ պատկերացում չունեմ»,- գրում է Լուսինե Հովհաննիսյանը:

Միգրանտի միջազգային օր կա: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որշմամբ նշվում է ամեն տարի դեկտեմբերի 18-ին: «Միգրանտ»-ը գաղթականը չէ: Որովհետև գաղթականը մեր մտապատկերում փոշոտ ու քարքարոտ ճանապարհով փախչողն է: Բայց եթե տոմս է առնում ու զգուշորեն հավաքած ու ճիշտ փակած ճամպրուկներով գնում է այլ երկիր` աշխատելու ու ապրելու, ուրեմն միգրանտ է: Նույնիսկ սիրուն բառ է: «Միգրանտ»-ը իմ ուղեղում այսօրվա Ռուսաստանի փողոցները մաքրող տաջիկն ու ուզբեկն են, շուկաներում միրգ վաճառող ադրբեջանցին, պատ շարող հայը: «Միգրանտ»-ը նարնջագույն անթև բաճկոնն է ու ցախավելը:

Ռուսական «Ռիա նովոստին» միգրանտի օրվա առթիվ մի անգամ մի ռեպորտաժ էր արել ուզբեկ Նազիմի մասին, որն ավլում է Մոսկվայի «Սադովոյե կոլցո»-ի շրջակայքը ու ապրում հենց այդտեղ՝ Մոսկվայի ամենակենտրոնի շենքերից մեկի նկուղում: Նազիմը ամեն ամիս տուն է ուղարկում ռուսական 12000 դրամ, իսկ երկու հազարով ապրում է: Ռուս բնակիչներից մեկը դժգոհ է Նազիմից, ասում է` շատ վաղ է սկսում մաքրել, ու թեև ինքը անաղմուկ է աշխատում, բաց ցախավելի քստքստոցը խանգարում է: Ուզբեկ Նազիմի նույնիսկ արևելքն է տեղաշարժվել, որովհետև նամազ անելիս նախորդ տարին նայել է դեպի մի պատը, հետո դեպի մյուս պատը՝ նկուղի արևելքը դժվար է որոշել… «Ռիա նովոստին» ապահովում էր այլադավան ազգաբնակչության բարյացակամությունը և իր տոլերանտությունը այլադավանների, եկվորների հանդեպ: Բայց աղոթող մարդու արևելքի կորուստը ոչ միայն նրա նոր, այլև հին հայրենիքի տաժանակիր լինելու փաստն է վկայում:

Ինչ է տալիս աշխարհին միգրացիայի միջազգային օրը կամ ինչով է ավելի լավացնում աշխարհը՝ պատկերացում չունեմ: Փոքր ժամանակ շփոթել եմ «շողոքորթն» ու «քաղաքակիրթը», հավանաբար ճիշտ եմ արել: Աշխարհի հզորները առաջացնում են տեղահանվածների ու տեղափոխվողների չվերջացող մարդկային հոսքը ու հետո բարեհամբույր դեմքով, էլեգանտ հագուստով ու կապույտ ժապավենից կախված «բաջ»-երով ստեղծում միգրացիայի միջազգային օր: Ես բոլորովին չգիտեմ, թե ինչ կարող է տալ միգրանտի միջազգային օրը հինգ տարեկան տղային, որին տեսանք Թուրքիայի ծովափին` դեմքով ծովի ավազի մեջ անկենդան պառկած, կամ նրա ծնողներին, ֆիլիպինցուն, որը եվրոպական ռեստորաններում, նավերում աշխատում է մինչև լույս ու լուսաբացից էլ հետո, որ ուրիշ ջրերի ափին ապրող երեխայի գումարը տուն հասցնի, չգիտեմ, թե միգրանտի միջազգային օրը ինչ կտա Հայաստանից գլխապատառ փախչող հային, բայց հաստատ գիտեմ, թե ինչը կամ ովքեր կարողացան ազդել միգրացիայի վրա.

Ա. Քսան տարեկան Լուսինե Ղարիբյանը, որը հանրաքվեի օրը միայնակ դիմադրել է Մետաքս թաղամասի խուժանին հանուն ճշմարտության հաղթանակի ու հաղթել է…

Բ. Անի Ասատրյանն ու Անի Թովմասյանը, որոնք դիմադրելով մեկ այլ տեղամասի խուժանին` հասել են անհավանական հաղթանակի ու վայելել անուղեղ ոհմակի պարտության բերկրանքը…

Գ. Կարպիս Փաշոյանը, որը պայքարել է կեղծիքների դեմ՝ զրկվելով աշխատանքից…

Դ. Կարպիս Փաշոյանին աշխատանքի հրավիրող «Անանիա Շիրակացի» կրթահամալիրի անձնակազմը, որոնք նույնպես Հայաստանում են, բայց պատվի մասին պատկերացումը գետնանցումներում չեն կորցրել ու հրապարակային հրավիրել են Փաշոյանին իրենց կրթահամալիր՝ աշխատելու…

Ե. Կարպիս Փաշոյանի աշակերտները, որոնք մնալով իրենց դպրոցում` պայքարում են ուսուցչի վերադարձի համար…

Զ. ԿԸՀ-ի նիստի ժամանակ մեկ առ մեկ ոտքի կանգնած մարդիկ, որոնց անուններն անգամ չգիտենք, բայց համացանցում պտտվող տեսանյութի շնորհիվ իմացանք, որ մարդիկ դեռ կանգնում են ոտքի՝ պատիվ պահանջելով իրենց գործընկերոջը դուրս հրավիրելու համար, որն ընդամենը ծափահարել էր Լևոն Զուրաբյանի խոսքից հետո: Ռեժիմի ցուցամատը պարտվեց ևս մի տեղում, թող որ ոչ մարդաշատ, բայց կարևոր տեղում…

Է. Ամռանը Միջերկրականի ափերին չհանգստացող այն հայերը, որոնք վաղուց ոչ մի բանի տրամադրություն չունեն, որոնք հանրահավաքի չեն գալիս, որովհետև չեն հավատում էլ ոչ մեկի, բայց իրենք իրենց հավատալով` անպաթոս «ոչ» ասացին համատիրություններից ցցված ցուցամատերին:

Ահա վերջին տասը օրում պատահած դեպքերի ցանկը, որոնք աննկատ կասեցնում են միգրացիան, որ ոչ մի մարդ չկորցնի արևելքի տեղը…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: