19 դեկտեմբեր, 2015 11:12

Ֆիդար Ալոյան. զոհվել է ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս

Ֆիդար Ալոյանը երկու օրում հայկական կողմից երրորդ զոհն է: Ֆիդար Ալոյանը երկու օրում հայկական կողմից երրորդ զոհն է:

Դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս զոհվել է զինծառայող Ֆիդար Իգորի Ալոյանը (1996թ.), հաղորդում ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը»,- ասված է հաղորդագրությունում:

Ֆիդար Ալոյանը երկու օրում հայկական կողմից երրորդ զոհն է: Դեկտեմբերի 17-ի գիշերը ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս զոհվել էին 1996թ. ծնված Աղասի Արսենի Գրիգորյանը (1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (1996թ.):

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր դեկտեմբերի 17-ին մեկ այլ զինծառայողի՝ Գոռ Օհանյանի մահվան մասին: Նախնական տվյալներով նա զոհվել իր կողմից նռնականետից կրակոց արձակելու հետևանքով, հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեն:

ԼՂՀ ՊՆ նաև հաղորդում է, որ դեկտեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (143 արկ), 82 (258 արկ), 120 (25 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 (1 արկ), ՀԱՆ-17 (40 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև զրահատեխնիկա (տանկ՝ 3 արկ), ԶՈւ-23-2 (2 արկ) տիպի զենիթային և TR-107 (1 արկ) տիպի հրթիռային կայանքներ:

Դեկտեմբերի 18-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարությունում: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հնարավոր ռազմական գործողությունների վարման ձևերն ու եղանակները, զինված ուժերի ղեկավարման համակարգն ու զարգացման հիմնական ուղղությունները, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով զինված ուժերի շարունակական համալրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է եղել Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման նախորդ՝ 2011-2015 թթ. պետական ծրագրի իրագործմանը. արձանագրվել է, որ այն կատարվել է ամբողջությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով մեկնել է Արցախ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Ըստ նրա՝ կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ:

Դեկտեմբերի 19-ին ավելի քան մեկտարյա ընդմիջումից հետո Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: