21 դեկտեմբեր, 2015 11:47

Ադրբեջանը դեկտեմբերի 21-ից անցնում է մանաթի լողացող փոխարժեքի

ManatԱդրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ելնելով տնտեսական արտաքին ցնցումների երկարաժամկետ բնույթից և ձգտելով պահպանել երկրի արժութային պաշարներն ու ազգային տնտեսության միջազգային մրցունակությունը, դեկտեմբերի 21-ից անցում է կատարվում ազգային արժույթ մանաթի լողացող փոխարժեքի, ինչի արդյունքում ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ աճել է 47,6 և 47,9 տոկոսով համապատասխանաբար:

Ըստ Ադրբեջանի ԿԲ-ի՝ այդ որոշման հիման վրա մանաթի փոխարժեքը սահմանվելու է՝ ըստ արժութային շուկայում առկա առաջարկի և պահանջարկի:

Ինչպես գրում է ադրբեջանական APA-Economics-ը, գլոբալ տնտեսությունում նկատվող բարդ գործընթացները բացասաբար են անդրադարձել Ադրբեջանի տնտեսության վրա: Երկրի ԿԲ-ից հայտարարել են. «Կտրուկ կրճատվել է երկրի արտաքին առևտրային բալանսի դրական սալդոն և այլ աղբյուրներից արժութային մուտքերը: Հաշվի առնելով արժութային շուկայի և մանաթի փոխարժեքի վրա լուրջ ճնշումը՝ այս տարվա փետրվարին իրականացվել է մանաթի արժեզրկում. տնտեսությունը, արժութային շուկան և մանաթի փոխարժեքը ադապտացվել են նավթի գնին՝ 50-55 դոլարի մակարդակում: Նոր պայմանները անհրաժեշտ են դարձրել արժութային շուկայի և մանաթի փոխարժեքի հարմարեցումը նավթի նոր գներին»:

Նավթի գները հասել են 11 տարվա նվազագույնին

Նավթի գները շարունակում են ընկնել՝ հասնելով վերջին անգամ 2004թ. գրանցված նվազագույնի, հաղորդում են միջազգային պարբերականները՝ հղում անելով ICE միջմայրցամաքային բորսայի տվյալներին:

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը ICE Futures լոնդոնյան բորսայում նվազել է 1,34 տոկոսով՝ մինչև 36,14 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի ֆյուչերսի գինը նյույորքյան բորսայում էլեկտրոնային վաճառքի ժամանակ նվազել է 0,58 տոկոսով՝ 34,53 դոլար մեկ բարելի դիմաց:

Նավթը սկսել է էժանանալ այն բանից հետո, երբ դեկտեմբերի 4-ին Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) որոշում է ընդունել բարձրացնել նավթի արդյունահանման քվոտաները օրական 30-ից մինչև 31,5 մլն բարել: