21 դեկտեմբեր, 2015 13:48

Նալբանդյանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստը

g_imageԴեկտեմբերի 21-ին ՀՀ արտգործնախարար, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի` 2015թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն է տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված մի շարք փաստաթղթերի նախագծերի։

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները համաձայնություն են տվել Հավաքական անվտանգության խորհրդի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ հայտարարության նախագծին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։ Հանդիպման օրակարգում էին ՀԱՊԿ մշտական գործող մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիային առնչվող հարցեր։

***

Ներկայում ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։

Կազմակերպության ստեղծման՝ 1992թ․ ստորագրված պայմանագրի համաձայն՝ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ հարձակում գործելու դեպքում մյուս անդամները պետք է օգնություն տրամադրեն, այդ թվում՝ ռազմական։