24 դեկտեմբեր, 2015 18:33

Եղվարդում նավթազտարան կկառուցվի

oil refinery5«Արմօյլ» ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում նավթավերամշակման  գործարան կառուցել: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրը դեկտեմբերի 24-ի նիստին որոշել է երեք տարով հետագձել գործարանի կառուցման համար «Արմօյլ»-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը:

«Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը կկառուցի իր տեսակի մեջ եզակի նավթամթերքի վերամշակման գործարան, և կստեղծվեն նոր աշխատատեղեր: Ներդրումային ծրագրի շրջանակում` նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 16.8 մլրդ դրամի չափով, որից մոտ 102.2 մլն դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016–ին՝ 200, 2017-ին՝ 220 և 2018-ին՝ 250 հազ. դրամ»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Համաձայն որոշման նախագծի` ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 100 մլն դրամի արտադրանք (2016թ.): «Հայկական ժամանակ» օրաթերթը, նախօրեի իր համարում անդրադառնալով «Արմօյլ»-ի կողմից նավթազտարանի կառուցման հարցին, գրել էր, որ այստեղ թերևս ինչ-որ թյուրիմացություն կա: «Որովհետև եթե 16.8 մլրդ դրամի ներդրում լինի, և տարեկան թողարկվի 100 մլն դրամի արտադրանք, ապա ներդրումները վերադարձնելու համար կպահանջվի մի քանի հարյուր տարի»,- գրել էր թերթը: