29 դեկտեմբեր, 2015 14:26

Բացվել է «Հյուսիս-հարավ»-ի առաջին հատվածը

15294ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 29-ին ներկա է գտնվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ճանապարհի առաջին (տրանշ 1)՝ Երևան-Արտաշատ նորակառույց հատվածի բացման արարողությանը:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասնեյակից, արարողության մասնակիցները նույն վայրում ուղիղ հեռարձակմամբ հետևել են նաև ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ հատվածի զուգահեռ բացման արարողությանը:

***

 

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) երկարությունը կազմում է 556 կմ, ծրագրի իրականացման ժամկետը՝ 2009-ից մինչև 2017-ը: Ծրագրի իրականացման համար Հայաստանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2009թ. սեպտեմբերին կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որում ծրագիրը գնահատվել էր 962 մլն դոլար, ԱԶԲ-ի ֆինասնավորումը՝ 500 մլն: ԱԶԲ-ի երկու տրանշերով 2010թ. հատկացվել են 230 մլն դոլարի վարկային միջոցներ: «Տրանշ-1»-ով հատկացված 60 մլն դոլարն ուղղվել է Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածների վերականգնողական, իսկ «Տրանշ-2»-ի 170 մլն դոլարը՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցման աշխատանքներին։ 2014թ. Երևանում ստորագրվել է «Տրանշ-3»-ով 100 մլն դոլար վարկային միջոցներ հատկացնելու պայմանագիր։

Այս տարվա ապրիլին ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության («Տրանշ-4»)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին», որի շրջանակում ՀՀ-ին տրամադրվում է 150 մլն դոլարին համարժեք վարկ: Այն ներգրավվում է 20 տարի մարման ժամկետով, որից հինգ տարին՝ արտոնյալ, ֆիքսված տոկոսադրույքը՝ տարեկան 1,65 տոկոս:

Ծրագրի իրականացման դեպքում ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կկապվեն միմյանց հետ` կրճատելով ճանապարհի երկարությունը շուրջ 85 կմ-ով: Մեղրի-Երևան-Բավրա տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: