Իշխող ուժը ռազմավարական կամ համապարփակ մոտեցման փոխարեն մարտավարական քայլեր է որդեգրում․ Լոնդոնի IHS Markit-ի վերլուծաբան

Լոնդոնի IHS Markit վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է սահմանադրական փոփոխությունների և ՍԴ շուրջ իրավիճակի, Հայաստանում օլիգարխիայի կազմաքանդման, ուշացած համակարգային փոփոխությունների մասին։ Լիլիթ Գևորգյանի խոսքով՝ կառավարության քայլերը մարտավարական են, չկա ռազմավարական տեսլական։ Զրույցում անդրադարձ կա նաև հիբրիդային պատերազմ վարող խմբերին։

Հայաստանում ընթանում են ներքաղաքական բուռն գործընթացներ, և երկիրը, կարծես դեռ չհաղթահարծ կորոնավիրուսի համավարակը, թևակոխել է քաղաքական տուրբուլենտության գոտի, նկատի ունեմ Սահմանադրական դատարանի շուրջ, Մարտի 1-ի գործի շուրջ, Ազգային ժողովում խմբակցությունների հետ կապված գործընթացները։ Ձեր գնահատմամբ՝ այս ամենը առողջացման միտումնե՞ր են, որոնք գուցե ուշացած են, թե՞ այս գործողություններն արվում են՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

Իմ կարծիքով՝ սրանք հետհեղափոխական գործընթացների մի մասն են։ Դրանցից մի քանիսը ուշացած են, որոշ քայլեր՝ շատ ուշացած, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ դրանք առողջացմանն ուղղված քայլեր են։

Ավելի կոնկրետ խոսենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահի շուրջ գործընթացներից։ Մեկ տարի առաջ մեզ հետ զրույցում, խոսելով արմատական բարեփոխումների մասին, դուք մի քանի անգամ շեշտեցիք օլիգարխիայի կազմաքանդման կարևորության մասին՝ նշելով, որ «Օլիգարխը չի կարող մի գիշերվա մեջ վերանալ»։ ԲՀԿ-ի շուրջ այսօրվա գործընթացները քաղաքակա՞ն են, իրավակա՞ն են․ երբեմն հարց է հնչում, թե ինչու հենց սկզբից նման գործողություններ չձեռնարկվեցին իշխող ուժի կողմից։

Բոլորն են, այսինքն՝ թե քաղաքական է և թե իրավական կողմ ունի խնդիրը, որովհետև սա բավականին բարդ խնդիր է, և այո՛, ես պետք է նաև կրկնեմ, որ «Բարգավաճ Հայաստանի»-ի մուտքը հետհեղափոխական խորհրդարան թերևս այս հեղափոխության ձախողումներից մեկն էր, որովհետև եթե այն տեղի է ունեցել համակարգային փոփոխություններ բերելու համար, եթե այն տեղի է ունեցել համատարած կոռուպցիայի և օլիգարխիայի կազմաքանդման համար, որովհետև ժողովրդի մեծ մասը դուրս էր եկել փողոց հենց այդ արդարության պահանջով, ապա նման կուսակցության հայտնվելը պառլամենտում ինքնին արդեն ձախողում էր։ Այլ հարց է, որ դա թերևս արվեց՝ քաղաքական նպատակահարմարության կամ մարտավարական նկատառումներից ելնելով, և հիմա, այսպես ասած, սխալների ուղղում է տեղի ունենում։ Այն, որ այդ կուսակցությունը՝ որպես կուսակցություն, հենց ինքնին մարմնավորում է բոլոր այն բացասական երևույթները, որ Հայաստանում, Հայաստանի քաղաքական դաշտում տեղի են ունեցել վերջին 25 տարվա ընթացքում, դա փաստ է։ Թե ինչպես պետք է դա շտկել և ուղղել, դա այլ հարց է, բայց միանշանակ գտնում եմ, որ նման կուսակցության գոյությունը, նման կուսակցության ներկայությունը խորհրդարանում ինքնին արդեն խնդրահարույց է, և նաև առողջ ընդդիմության քննադատություններից մեկն էլ՝ ուղղված այս իշխանություններին, հենց դա էր։ Այսինքն՝ մեկ օրվա մեջ փոխել «օլիգարխ» բառը «բիզնեսմեն» կամ «գործարար» բառով, դա չի նշանակում երևույթի վերացում։

Կարելի՞ է ենթադրել, որ «Իմ քայլը» քաղաքական ուժը սկզբում փորձեց գնալ, օրինակ, քաղաքական կոնսոլիդացիայի ճանապարհով։

Կարծում եմ, որ «Իմ քայլը» կամ ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանը տատանվում էր հեղափոխության սկզբունքայնության և մարտավարական նպատակահարմարության միջև։ Եվ ի վերջո, թե՛ արտաքին քաղաքականության առումով և թե՛ ներքաղաքական հարցերում նա ընտրեց մարտավարական քայլերը, որպեսզի ապահովի որոշ կայունություն՝ թե՛ արտաքին քաղաքական հարցերում, թե՛ ներքաղաքական հարցերում հարձակման անցնելուց առաջ։ Կարծում եմ՝ դա է բացատրությունը։ Թե որքանով էր դա վնասակար հենց իր քաղաքական կապիտալի համար, դա այլ հարց է։ Կարծում եմ, որ իհարկե բավականին մեծ վնաս հասցրեց թե հենց իրենց և հեղափոխական ուժին, բայց ի վերջո, սխալների ուղղումը՝ թեև ուշացած, այդքան վատ բան չէ։ Խնդիրը այն է, թե ինչպես սա կարվի, և թե սա ինչ է նշանակում ԲՀԿ-ի համար։

Նախքան հաջորդ հարցիս անցնելը, որը վերաբերելու է Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակին, Դուք մի քանի անգամ շեշտեցիք, «սխալների ուղղում» ձևակերպումը, Ձեր կարծիքով, այդ սխալների ուղղման գործընթացը ճի՞շտ ուղու վրա է, ճի՞շտ ուղղությամբ է գնում այս պահին։

Ո՛չ։ Կարծում եմ՝ նորից նույն մարտավարությունն է ընտրվել, այսինքն՝ փողոցային պայքարի մարտավարությունը, այսինքն՝ ավելի շատ մարտավարական քայլեր են արվում, քան ռազմավարական։ Ի վերջո, ռազմավարական փոփոխությունների և ռազմավարական տեսլականի կարիք ունի Հայաստանը, և այս իշխանությունը պետք է դեռ ներակայացնի, թե դա ինչպես է արվելու, կամ ինչ ռազմավարություն ունի։ Թերևս ներկայիս իշխանությունները և վարչապետը գտնում են, որ ունեն բավական ներքաղաքական կապիտալ, և դա թերևս այդպես է, որպեսզի կարողանան տանել փոփոխությունները իրենց տեսած մարտավարությամբ, այսինքն՝ քայլ առ քայլ։ Ճիշտն ասած, այս առումով իրենք բավականին նման են այսպես կոչված ընդդիմությանը, ասում եմ «այսպես կոչված», որովհետև նախկին ռեժիմի շուրջ հավաքված միավորումների խմբին եմ հղում կատարում, որոնք նայում են այս ամբողջ պրոցեսին «մահ հազար հարվածների» տեսանկյունից, այսինքն՝ փոքր հարվածներով ի վերջո կազմաքանդում ես քո ախոյանին։ Իմ կարծիքով, Փաշինյանը ևս նման մարտավարություն է ընտրել, որովհետև կարծում եմ՝ եթե տեսլական առաջարկվի Հայաստանում համակարգային փոփոխությունների համար, ապա Հայաստանը անմիջապես բախվելու է Ռուսաստանի ընդդիմությանը, որովհետև Ռուսաստանի համար ցանկացած արմատական փոփոխություն կամ ուժեղ ինստիտուտների ստեղծում կնշանակի իր ազդեցության թուլացումը այս երկրում, որ համարվում է իր կարևոր արբանյակներից մեկը։

Հիմա անցնենք ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին, այն հաճախ անվանում են սահմանադրական ճգնաժամ, սահմանադրական թնջուկ։ Հունիսի 26-ից այդ փոփոխություններն ուժի մեջ են, և կարծիքներն իսկապես բևեռային են։ Ոմանք իշխող ուժին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, մյուսները ողջունում են և ասում, որ սա ժողովրդավարության և մարդու իրավունքների հաղթանակ է։ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս իրադրությունը։

Կարծում եմ՝ իշխանությունները գտան նորից փոխզիջումային տարբերակ։ Բնականաբար, թե՛ ՍԴ-ն, թե՛ ընդհանրապես այլ ինստիտուտներ, այդ թվում նաև ուժային կառույցները, դատական համակարգը, սրանք բոլորը համակարգային փոփոխության կարիք ունեն և կադրային լուրջ փոփոխության կարիք ունեն, բայց ինչպես տեսանք, ՍԴ հարցում որոշվեց անցնել փոխզիջումային տարբերակին։ Ի վերջո, կարծում եմ՝ չնայած հին ռեժիմի և նրա շուրջ համախմբված միավորումների դժգոհությանը՝ լայն առումով հայ ընտրողը ավելի շատ մտահոգված է առաջընթացով, և այդ առաջընթացի մեջ նաև ներառվում է հին կուսակցությունների և նրանց նորելուկ տարբերակների միավորումների մարգինալացումը, այսինքն՝ չեզոքացումը, և այն բացասական ինֆորմացիոն դաշտը, որ ստեղծվել է երկրում և աղտոտում է ինֆորմացիոն դաշտը՝ թույլ չտալով առողջ ընդդիմությանը քննադատել և շտկել այս կառաավարության քայլերը։ Կարծում եմ՝ դրանք շատ ավելի են մտահոգում բնակչությանը և իհարկե նաև տնտեսական խնդիրները։ Բայց նաև պետք է նշեմ, որ ի վերջո արդարության վերականգնման զգացողություն է, ի վերջո հեղափոխությունը տեղի է ունեցել արդարության, նաև տնտեսական արդարության վերականգնման նպատակով։ Դա է եղել հիմնական միավորող խնդիրներից մեկը։

Դուք մի քանի անգամ նշեցիք առողջ ընդդիմության մասին, և հետաքրքիր կլիներ լսել, թե, Ձեր կարծիքով, ո՞րն է առողջ ընդդիմությունն այսօր Հայաստանում։ Արդյոք դուք նկատի ունեք խորհրդարանական ուժերի՞ն, արտախորհրդարանակա՞ն ուժերի՞ն, ավելի լայն իմաստով հասարակական խմբերի՞ն։

Միանշանակ նկատի ունեմ արտախորհրդարանական այն խմբերին, որոնք չկարողացան մտնել խորհրդարան հենց այն պատճառով, որ նաև քաղաքական նպատակահարմարության առումով ԲՀԿ-ն բավական շատ տեղեր գրավեց։ Բացի այդ կուսակցություններից, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել հեղափոխությանը, ես նաև նկատի ունեմ ոչ միայն կազմակերպված հասարակական խմբերին, այլ նաև քաղաքացիական ակտիվիստների կամ այն մարդկանց լայն զանգվածին, որոնք եղել են այս հեղափոխության ակունքներում, և որոնք այս փոփոխությունների և հեղափոխության սեփականատերերն են այնքան, որքան իշխող կուսակցությունը։

Այսինքն՝ երբ խոսում ենք հեղափոխության մասին, սա չի կարող վերագրվել մեկ կուսակցության կամ մեկ մարդու։ Սա եղել է համազգային շարժում, և ես նկատի ունեմ այն խմբերին և այն կուսակցություններին, որոնք, դժբախտաբար, դուրս մնացին խորհրդարանից։ Նրանց՝ խորհրդարանում լինելը ոչ միայն կօգներ լռեցնել հին ռեժիմի նոր երեսներով հանդես եկող միավորումներին, այլ նաև այն կարող էր օգնել հենց նույն կառավարությանը ոչ միայն շտկել իր սխալները ներքին քաղաքականության առումով, այլ նաև արտաքին քաղաքականության առումով բավականին մեծ օժանդակություն կլիներ հենց նույն Նիկոլ Փաշինյանի համար։

Ըստ ձեզ՝ իշխանությունը արդյոք աստիճանաբար կորցնո՞ւմ է նաև այդ խմբերին կամ առողջ կարծիքներին, առողջ ընդդիմությանը ականջալուր լինելու իր հմտությունը։

Ցանկացած իշխանություն ի վերջո գնում է այդ ճանապարհով։ Դա բնական երևույթ է, այլապես կլինեին իշխանություններ, որոնք անվերջ կմնային իշխանության ղեկի մոտ։ Սովորաբար ժողովրդավարական երկրներում, ժողովրդավարական գործընթացներում աստեղային ժամը ընտրության օրն է, ընտրության օրվանից հետո դու տեսնում ես ընտրողների կորուստ, որովհետև իշխանությունները նաև պետք է ընդունեն ոչ այնքան պոպուլյար որոշումներ, այսինքն՝ լինել քաղաքական գործիչ և լինել պետական կառավարիչ, դրանք բավականին տարբեր բաներ են։ Եվ ի վերջո դու կորցնում ես ընտրազանգված, որի արդյունքում պարտվում ես և դուրս ես գալիս։ Այս առումով բնական է, որ Փաշինյանը և իր կուսակցությունը ևս խաղադաշտից դուրս են գալու ի վերջո։

Խնդիրն այն է, թե ով է գալու նրանից հետո, և հստակ է, որ հեղափոխությունից հետո որոշ ժամանակ անց այդ հետադարձ կապը բավականին թուլացավ այդ առողջ ընդդիմության կամ Փաշինյանի փոխարինողների հետ։ Գուցե նաև չգնահատվեց նրանց դերը և կարևորությունը այս պրոցեսում։ Իհարկե ՀՀԿ-ի և այսպես կոչված նրա արբանյակ կուսակցությունների, միավորումների կամ պրոյեկտների, ինչպես Հայաստանում են ասում, առկայությունը, որն ավելի մեծ ատելություն է թերևս առաջացնում, քան հարգանք, օգնեց Փաշինյանին որոշ առումով, որովհետև հակոտնյա հանդես են գալիս բոլորովին մերժված խմբեր, որոնց իշխանության գալը, այս պահին գոնե, զրոյի է հավասար, բայց միևնույն ժամանակ, ակնհայտ է նաև, որ ի վերջո քաղաքական իշխանության փոփոխություն է լինելու, այդ բացարձակ մեծամասնությունը «Իմ քայլը» ամենայն հավանականությամբ արդար ընտրություններում չի կարող պահել, և նրան պետք են դաշնակիցներ։ Այ թե ով կլինի այդ դաշնակիցը, դրա վրա պետք է աշխատել հիմիկվանից։

Վերադառնանք դատական համակարգին և դատական բարեփոխումներին, ուզում եմ մեջբերել կրկին մեր հարցազրույցներից մեկից մի հատված․ «Դատական իշխանությունը մաքրելը և անկախացնելը կլինի այս փոփոխության կամ իշխանափոխության ամենախոշոր ձեռքբերումներից»։ Ձեր դիտարկմամբ՝ հնարավոր կլինի՞ հասնել ի վերջո դատական համակարգի մաքրման, և որ ավելի կարևոր է, դատական համակարգի անկախացման։ Ի վերջո, ուժի մեջ է մնում այն մտավախությունը, որ կգան նոր դեմքեր, որոնք կարող են կախյալ լինել արդեն նոր իշխանություններից։ Այս դիլեման կարծես դեռ լուծում և պատասխան Հայաստանում չունի։

Իհարկե հնարավոր է։ Հնարավոր է մարքել, բայց միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ դա դժվար գործընթաց է, դա հեշտ չէ, մանավանդ այն դեպքում, երբ Հայաստանում տարիներ շարունակ կադրային դեֆիցիտ է առաջացել՝ մարդկանց արտագաղթի, նեպոտիզմի (ընտանեվարություն), թույլ կրթության և այլ խնդիրների պատճառով, բայց հնարավոր է։

Բայց այստեղ պետք է ասեմ՝ սա ռազմավարական ծրագրերի շարքում է։ Նման փոփոխություններ անելու համար անհրաժեշտ է շատ լուրջ ռազմավարություն՝ քայլ առ քայլ մշակված՝ սկսած լուրջ վեթինգից, վերջացրած այն տեսլականով, թե ինչպես պետք է արդար դատարանը աշխատի։ Բարեբախտաբար, կան շատ երկրներ նույն Արևելյան Եվրոպայում, որոնք անցել են այս գործընթացով, և պետք չէ, որ Հայաստանը հեծանիվ հայտնագործի, շատ հանգիստ կարող է հետևել որոշ օրինակների այն երկրների, որոնք եղել են Հայաստանի վիճակում։

Բայց նման փոփոխություն կատարելու համար նաև անհրաժեշտ է շատ այլ կառույցներ վերակառուցել միաժամանակ, այսինքն՝ եթե քո ուժային կառույցները, անվտանգության կառույցները դեռ մաքրված չեն, չեն անցել տարատեսակ վեթինգներ, եթե քո արտաքին քաղաքական կառույցները դեռ չեն փոփոխվել և տեսլական չունեն փոխվելու, ապա միայն դատական համակարգը փոխելով՝ չես կարող հասնել այն արդյունքներին, որ հեղափոխությունները սովորաբար կատարում են, նպատակին չեն ծառայում։ Այսինքն՝ ցանկացած նման փոփոխության համար դու պետք է նաև ունենաս մարմիններ, որոնք կարող են կատարել այդ վեթինգները։ Սա միայն բարեվարքության ստուգումներ չեն, այլ նաև կապված են հնարավոր քրեական գործունեության հետ, բավականին սերտորեն կապված են ներքին գործերի նախարարության և այլ կառույցների հետ։ Սա մի թնջուկ է, որը բացելու համար ի վերջո պետք է համակարգված մոտեցում։

Եվ այստեղ նորից պետք է ասեմ, որ քանի որ տեղի է ունեցել հեղափոխություն, իսկ հեղափոխությունը վատ բան է, հեղափոխությունը նշանակում է, որ քո երկրում ինստիտուցիոնալ կաթվածահարություն է առաջացել, չեն գործել ինստիտուտները, և տնտեսական համակարգը, քաղաքատնտեսական համակարգը ճգնաժամի մեջ է, չի գործել։ Կապ չունի, թե դա ներքին պառակտվածության առումով էր, թե ժողովրդական դժգոհության։ Այս ճգնաժամից հետո մեկ կուսակցություն չի կարող նման հարցով զբաղվել, այսինքն՝ անպայման անհրաժեշտ է դաշինք հանրության և առողջ ընդդիմության հետ՝ նման խնդիրները լուծելու, համակարգային լուծում բերելու համար, որովհետև հասարակության մյուս բոլոր մասերը պետք է ներգրավված լինեն այս գործընթացի մեջ։

Բարեբախտաբար, Հայաստանը փոքր երկիր է, և ավելի հեշտ է սա անել, պաշտպանված է այն առումով, որ ունի լեզվային պաշտպանվածություն։ Բայց նորից մենք վերադառնում ենք բուն խնդրին․ դա ռազմավարական կամ համապարփակ մոտեցման փոխարեն մարտավարական քայլերի որդեգրումն է, որը նորից, իմ կարծիքով, կապված է ռուսական ճնշման հետ, այլապես դժվար է բացատրել, թե ինչու այս իշխանությունները գրեթե հեղափոխությունից անմիջապես հետո բավականին զգույշ կադրային քաղաքականություն են վարում և փոքր քայլերով են փորձում փոփոխությունների հասնել։

Եվ վերջում ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որի մասին դուք նույնպես խոսեցիք՝ տեղեկատվական արշավներ, կեղծ լուրերի տարածում, կեղծ օգտահաշիվների բացում։ Կարծես այս վերջին ամիսներին այդ ամենը վերափոխվեց, և կորոնավիրուսի համավարակի պայմաններում մենք ստացանք այն, ինչ ստացանք, այսինքն՝ հիվանդության, վարակի վերաբերյալ տարածվող կեղծ լուրեր, միֆեր, վստահ եմ՝ այդ ամենի մասին դուք գիտեք։ Կարելի՞ է ասել, որ այդ արշավները կարծես մուտացիայի ենթարկվեցին և սկսեցին թիրախավորել ոչ միայն կառավարությանը կամ իշխող ուժին, այլ նաև հանրությանը։

Երբ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, կարծեմ նախորդ հարցազրույցներում ես փորձել եմ բացատրել դրա տարրերը և նպատակը, դրա նպատակը հենց ինքը հանրությունն է, և սա բավականին ցինիկ մոտեցում է հանրությանը, որովհետև այն մարդիկ, որոնք ներգրավված են հիբրիդային պատերազմ վարելու մեջ, նայում են հանրությանը իբրև բիոզանգվածի, մարդկանց, որոնց հնարավոր է հեշտ մանիպուլացնել, բավականին հեշտ, բավականին սահմանափակ գործիքակազմով։ Եվ հիբրիդային պատերազմի նպատակը նախ և առաջ այդ զանգվածին ղեկավարելն է։ Իմ կարծիքով, այս կառավարության մեծ թերացումներից մեկը հենց այն է, որ թույլ տրվեց ստեղծել ենթակառուցվածք, այսինքն՝ կառուցվածքը արդեն կա, Հայաստանում ներդրված է հիբրիդային պատերազմի կառուցվածքը։ Սրանք ոչ միայն կեղծ օգտատերերն են, սրանք նաև հասարակական կազմակերպություններ են, սրանք միավորումներ են, տարբեր տեսակի խմբավորումներ են, որոնք համակարգված են աշխատում նաև կեղծ քաղաքական միավորումների, այսպես կոչված, կուսակցություների հետ՝ ժամանակ առ ժամանակ իհարկե համակարգելով իրենց քայլերը նաև դրսի, հիմնականում Ռուսաստանի հետ։ Այսինքն՝ երբ կա կառույցը, ընդամենը օրակարգի հարց է։

Հիբրիդային պատերազմի խնդիրը քաոս ստեղծելն է։ Եթե նայենք այլ երկրներում, նույն Արևմուտքում, նման արշավները միշտ ունենում են հրատապ հարց, կենտրոնանում են հրատապ հարցի վրա և փորձում են հնարավորինս հանրությանը բևեռացնել։ Եվ ի վերջո, այդ բևեռացումը հանգեցնում է նրան, որ իշխանությունները չեն կարողանում կառավարել կամ ոչ արդյունավետ են կառավարում։ Այս պահին, քանի որ Հայաստանում կորոնավիրուսը բավականին լուրջ թեմա է, բնականաբար, օգտագործվեց կորոնավիրուսը։ Եվ սա ոչ միայն տեղեկատվական արշավ է, սա նաև ներառում է մարդկանց ֆիզիկական գործունեությունը՝ փողոցներում ցույցեր, բողոքներ, հատուկ ուղերձներ, պահանջներ, օրինակ՝ շատ փող ստանալ, փոխհատուցում ստանալ՝ շատ լավ իմանալով, որ Հայաստանի կառավարությունը ի վիճակի չէ նման փոխհատուցում տալ և այլն։

Այսօր մենք խոսում ենք կորոնավիրուսի մասին, վաղը դա կարող է լինել Ղարաբաղի հարցում Ռուսաստանի ավելի ակտիվ դերի մասին կամ ռուսական զորքերի՝ Ղարաբաղ գալու մասին և այլն, այսինքն՝ երբ կառույցը ստեղծվում է, արդեն նրա պատվիրատուները կարող են ընտրել, թե որ ցավոտ հարցը կարող են ընտրել և շահարկել։ Հիշեցնեմ՝ դրանից առաջ սեռական փոքրամասնությունների խնդիրներն էին, այսինքն՝ իրենց վարքագծով այդ խմբերը բոլորովին չեն տարբերվում այն մյուս արշավներից, որ մենք կարող ենք տեսնել Արևելյան Եվրոպայում, օրինակ՝ Ուկրաինայում, նույն Վրաստանում սա կատարվում է։ Բայց պետք է նաև նշեմ, որ Հայաստանում բավական ինտենսիվ է այս արշավը տարվում, և ես չեմ հանդիպել արտասահմանյան մամուլում, արևմտյան մամուլում այսպիսի արշավի մասին հոդվածների, ինչպես որ Հայաստանում է։ Օրինակ՝ հղում կատարեմ Guardian-ում տպված, կարծեմ կոչվում է medmedia.am, հոդվածին։ Սա ցույց է տալիս, թե ինչքան խորը և խոցելի է դարձել հանրությունը, և հստակ ցույց է տալիս անհրաժեշտությունը, որ պետությունը պետք է հակազդի։ Սա բոլորովին կապ չունի խոսքի ազատության հետ, և ուրախ եմ, որ հնչեցվեց պահանջը խորհրդարանում, որ պետք է ի վերջ մամուլի ֆինանսական եկամուտների և թափանցիկության խնդիրը լուծվի Հայաստանում։ Բայց բացի դրանից, նմանատիպ հիբրիդային պատերազմը ունի տարբեր շերտեր, տեղեկատվականը այդ հինգ-վեց շերտից ընդամենը մեկն է, բայց արդեն բավականին արդյունավետ է, ինչպես տեսանք։

Ըստ ձեզ՝ իշխանությունը, գիտակցելով նաև այդ ամենը, ի զորո՞ւ չէ կազմաքանդելու այդ ենթակառուցվածքները, այդ բջիջները, օջախները, քաղաքական կա՞մք չկա, թե՞ օրակարգն այնքան հագեցած է, ծանրաբեռնված է, որ այսպես ասենք, ձեռքերը դրան չեն հասնում։

Կարծում եմ՝ երևի բոլորը միասին։ Իմ տպավորությունն այն է, որ խորը գիտակցում չկա, թե ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ, դա պարզեցված է և ներկայացվում է իբրև կեղծ օգտատերերի կողմից կեղծ տեղեկատվության տարածում, որն ընդամենը այդ սառցալեռան մի ծայրն է, այսինքն՝ դա ընդամենը մի փոքր մասն է։ Թերևս խորը գիտակցում կամ պատկերացում չկա, թե ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ, թե դրա տարրերը որոնք են, որտեղից են կառավարվում, այդ մեսիջները որտեղից են գալիս, ովքեր են այս մարդիկ, ովքեր են վարում, որովհետև, ինչպես նշեցի, Հայաստանը իրականում բավականին պաշտպանված է, որովհետև հայալեզու է բնակչությունը, և դժվար է հասնել հայալեզու բնակչությանը, դրա համար շատ հեշտ է գտնել այն մարդկանց, որոնք զբաղված են հենց օտարալեզու կոնտենտը հայացնելու և տարածելու գործունեությամբ։

Հեշտ է նաև գտնել այն խմբերին, որոնք փողոցում արդեն գործունեություն են ծավալում։ Երկիրը փոքր է, այսինքն՝ հնարավոր է սա լուծել։ Եթե ուժային կառույցները դեռ այնքան բարեփոխված չեն, որպեսզի այս խնդրով զբաղվեն, շատ հնարավոր է ստեղծել գործակալություն, որը կարող է դրանով զբաղվել, այսինքն՝ եթե հասկացվի և խորը գիտակցվի, թե ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ, ապա այդ դեպքում հնարավոր է նաև հակաքայլեր ձեռնարկվեն։ Սա բավականին լուրջ վտանգ է ազգային անվտանգության առումով, կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, և օրինակ, կորոնավիրուսի դեպքում մենք տեսնում ենք՝ դա նաև կարող է հանգեցնել մարդկանց մահվան։

Պատրաստեց Լուսինե Վարդանյանը

Մեկնաբանել