Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ` «Լուսավոր Հայատանի» պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էմդոն Մարուքյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով՝ տեղադրելով նաև ԿԸՀ ուղարկած դիմումի լուսանկարները:

Մարուքյանը նշում է, որ դիմումի մեջ ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։

«ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք», – ասված է գրառման մեջ։

Էդմոն Մարուքյանի անունից ԿԸՀ հասցեագրված դիմումի մեջ նշվում է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատներից մեկը կրող Արման Բաբաջանյանը 2019 թվականի սեպտեմբերի 10-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը և դարձել որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր, իսկ ԼՀԿ խմբակցությունը փաստորեն զրկվել է իրեն տրված 18 մանդատներից մեկից:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել