Գույքահարկի մասին նոր օրենքը. որքան գումար ենք վճարելու և երբ

Ազգային ժողովում հունիսի 25-ին արտահերթ ռեժիմով ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գույքահարկի գործող դրույքաչափերի փոփոխություններ, հանրային մեծ հնչեղություն է ստացել՝ առաջացնելով հակասական մեկնաբանություններ:

Իրարամերժ հայտարարությունների առիթ են տալիս ոչ միայն օրենքի տարընթերցումները, այլև կառավարող ուժի և ընդդիմադիրների՝ օրենքի վերաբերյալ ոչ հստակ մեկնաբանությունները: Քիչ չեն հայտարարություններն այն մասին, որ «գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի 80 տոկոսը», մինչդեռ իրականությունը այլ է։ Խոսքը գույքի շուկայականին մոտարկված կադաստրային գնահատման արդյունքում ձևավորված գնից՝ հստակ սահմանված շեմերով հաշվարկվող գույքահարկի դրույքաչափերի մասին է:

Այլ կերպ ասած, հարկման մասով գույքի կադաստրային գինը մոտեցված է շուկայականին (մինչ այդ կադաստրային ու շուկայական գների միջև տարբերությունը հսկայական էր), իսկ գույքային միավորի միջին շուկայական գինը հաշվարկվում է՝ ելնելով գույքի գտնվելու վայրից, մաշվածությունից, եթե բնակարան է ու գտնվում է շենքում, ապա հարկայնությունից և այլ գործոններից: Շուկայական գինը հաշվարկվում է ինքնաշխատ մեխազնիմով՝ կադաստրում գույքի առքուվաճառքի միջինացված արժեքով: Եվս մեկ կարևոր հանգամանք՝ գույքահարկը, ի տարբերություն շատ այլ հարկատեսակների, վճարվում է համայնքային բյուջե:

«Գույքահարկի մասին» օրենքի համաձայն՝ շենքերի, շինությունների կադաստրային գնահատումն իրականացվում է երեք տարին մեկ անգամ` հաջորդ երեք տարիների գույքահարկի հաշվարկման համար:

Կառավարող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները նշում են, որ կատարված փոփոխություններով իրականում մեղմում են գույքահարկի հարկման բեռը, քանի որ գույքի հարկը չի աճում կադաստրային արժեքների աճին համահնուչ: Հակառակ պարագայում այն կլիներ շատ ավելի մեծ:

Ընդդիմախոսները նշում են, որ գույքահարկի բարձրացումը «մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էքսպրոպրիացիայի նոր «ձև» է»։ Այլ կերպ ասած, Երևանի կենտրոնում 3-4 սենայականոց բնակարաններում միայնակ ապրող և թոշակ ստացող տատիկ-պապիկները չեն կարողնալու տարեկան մի քանի հարյուր հազար դրամ գույքահարկ վճարել և ստիպված են լինելու վճառել իրենց բնակարանները:

Ինչ է ասում օրենքը

Ընդունված օրենսդրական փոփոխությունների օբեյկտն անշարժ գույքն է: Մասնավորապես՝ շենք-շինությունները, այլ ոչ թե հողամասերը: Նպատակը շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա կադաստրային գնահատմամբ հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին անցում կատարելը և դրանով իսկ «տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է»:

Ներկայում Հայաստանում անշարժ գույքի հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք են ընդունվում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող կադաստրային արժեքները:

Խնդիրն այն է, որ գործող կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցման շրջանակներում հնարավոր չի լինում ապահովել անշարժ գույքի լիարժեք հարկումը, ինչի հիմնական պատճառը կադաստրային արժեքների խիստ թերագնահատված լինելն է, կարծում են օրենդրական նախաձեռնության հեղինակները:

Կառավարության պատրսատած տեղեկանքում համեմատական է տարվում անշարժ գույքի հարկի ՀՀ վիճակագրության և տարածաշրջանի ու այլ զարգացած երկրների միջև: Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարվող պետական ֆինանսների վիճակագրության համաձայն` Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0,2 տոկոս, իսկ եվրոպական մի շարք երկրների, ՀՀ հարևան երկրների, ԵԱՏՄ անդամ երկրների շարքում 0,2 տոկոսից ցածր ցուցանիշ ունի միայն Մոլդովան:

Վրաստանում այդ ցուցանիշը 1,1 տոկոս է, Ռուսաստանում` 1,2 տոկոս, ԱՄՆ-ում` 2,7 տոկոս, Բրիտանիայում` 1,4 տոկոս, Ճապոնիայում` 1,9 տոկոս, Իսրայելում` 2 տոկոս:

Բավականին խոսուն է նաև անշարժ գույքի հարկ/ընդհանուր հարկային եկամուտներ հարաբերակցությունը: Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 0,74 տոկոս: Դիտարկվող երկրներից ավելի ցածր ցուցանիշ ունի միայն Մոլդովան` 0,49 տոկոս: Որպես այդ ցուցանիշով առաջատարներ, կարելի է ընդգծել Իսրայելը (7,75 տոկոս), Սինգապուրը (7,03 տոկոս), ԱՄՆ-ը (14,86 տոկոս), Ռուսաստանը (5,96 տոկոս): Բավական բարձր ցուցանիշներ ունեն նաև Ղազախստանը (3,19 տոկոս) և Վրաստանը (4,2 տոկոս):

Տե՛ս նաև՝ Տնտեսական ճգնաժամի ընթացքում չի կարելի որևէ հարկ բարձրացնել. Նաիրի Սարգսյան

«Հետևաբար, վերոնշյալ համեմատություններից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկի ներուժը` որպես համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր, գործնականում գրեթե չի օգտագործվում»,- եզրակացնում են օրենսդրական նախաձեռնության հեղինակները:

Մյուս կողմից, գույքահարկը ինչ-որ առումով ամիսներ առաջ եկամտահարկի 23 տոկոսի վրա համահերթեցման հտևանքն է կամ չգանձվող հարկերի պրոգերսիվ լրացման միջոց: Գույքահարկի ներկայիս սանդղակն իր էությամբ պրոգրեսիվ հարկատեսակ է․ այն աճում է գույքի արժեքին զուգահեռ: Բարձրարժեք՝ 200 մլն և ավելի դրամ հարկման բազա ունեցող բնակարանի և անհատական բնակելի տան համար հարկման դրույքաչափ է սահմանվել 1,5 տոկոսը։ Այլ խոսքով, 200 մլն դրամ արժեք ունեցող գույքից բարձրը դիտարկվում է որպես շքեղություն:

Եկամտահարկի համահարթեցման և «շքեղ գույքային միավորների համարժեք ու պրոգրեսիվ հարկման անհրաժեշտության» մասին հիշեցում կա նաև օրենքում:

«2020 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի հաստատուն դրույքաչափի ներդրման համատեքստում տեսանելի հարստության և շքեղ գույքային միավորների համարժեք ու պրոգրեսիվ հարկման անհրաժեշտությունն առավել քան կարևորվում է, քանի որ միայն այս ճանապարհով հնարավոր կլինի ապահովել պետության` վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը` դրանով իսկ ապահովելով տարբեր եկամտային խմբերում գտնվող անձանց հարկման արդար ու տրամաբանական համակարգ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գույքի քանակն ու ակնկալվող հարկերը

Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ գույքահարկի ավելի բարձր դրույքաչափերի անցնելու ժամկետը սահմանվել է վեց տարի: Այսպիսով, անշարժ գույքի սեփականատերերն առաջին անգամ գույքահարկի նոր սանդղակով վճարում կկատարեն 2021 թվականի դեկտեմբերին՝ գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը։

Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, որը մեջբերում են նաև կառավարող ուժի պատգամավորները, 432 հազար բնակարան է հարկվելու գույքահարկի նոր սանդղակով:

Տե՛ս նաև՝ Որքան գույքահարկ ենք վճարելու 2026 թվականին զրույց ֆինանսների փոխնախարարի հետ

«Բնակարանների 93%-ը կամ 402 հազարը նոր գնահատմամբ ունենալու են մինչև 30 մլն դրամ կադաստրային արժեք և վճարելու են տարեկան մինչև 30 հազար դրամ գույքահարկ»,- նկատում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ նշված թվից շուրջ 200 հազար բնակարանների տարեկան գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը։

«Ընդ որում, գույքահարկերը վերը նշված չափով վճարվելու են 2026 թվականին, իսկ հաջորդ տարի վճարվելու է 4 անգամ ավելի քիչ և 6 տարվա ընթացքում սահուն հասնելու է ամբողջական չափին», – նկատում է նա՝ ներկայացնելով իր հաշվարկները։

Կառավարության հաշվարկներով՝ 2026 թվականին, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, գույքահարկից գոյացող ընդհանուր հարկային մուտքերը կազմելու են ավելի քան 40 մլրդ դրամ՝ ներկայիս 9 մլրդ դիմաց: «Այսինքն՝ այդքան ավել գումար մուտք է գործելու մեր համայքների բյուջե, որը նպաստելու է համայնքների հետագա հզորացմանը»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Պատրաստել է Արշալույս Մղդեսյանը

Մեկնաբանել